Բալոունը լռեց, շրթունքները չպպացրեց, լիզեց և ասաց տխուր ու խանդաղատալից.
— Գիտե՞ս, ընկեր, հիմա, երբ ոչ մի կնեդլիկ չունեմ, ինձ թվում է, թե կնիկս այնուամենայնիվ իրավացի էր․ խաշխաշովն ավելի լավ է։ Այն ժամանակ ինձ շարունակ թվում էր, թե խաշխաշը ատմներիս մեջ վռվում է, իսկ հիմա սիրտս խաշխաշ է ուզում։ Երանի վռվեր։ Կնիկս իմ երեսից շատ է տանջվել։ Քանի՜ անգամ խեղճը լաց է եղել, երբ, օրինակ, պահանջել եմ, որ լյարդաթոքի երշիկի մեջ ավելի շատ սուսամբար գցի։ Դրա համար միշտ ծեծ էր ուտում։ Մի անգամ խեղճ կնկաս այնպես ջարդեցի, որ երկու օր պառկեց, և միայն այն պատճառով, որ չէր ուզում ընթրիքիս համար հնդուհավ մորթել, ասում էր, աքլորն էլ բավական է։
— Է՛հ, ընկերս,— սկսեց նվնվալ Բալոունը,— երանի թե հիմա լյարդաթոքի երշիկ լիներ, թեկուզ առանց սուսամբարի ու աքլորի… Սամիթի սոուս սիրոո՞ւմ ես։ Մի ժամանակ դրա պատճառով կռիվ էի սարքում, իսկ հիմա սուրճի պես կխմեի։
Բալոունը կամաց-կամաց մոռանում էր կարծեցյալ վտանգը և գիշերային լռության մեջ, իջնելով դեպի Լիսկովեց, շարունակում էր Շվեյկին հուզված պատմել, թե առաջ ի՛նչը չի գնահատել և թե հիմա ի՛նչը կուտեր այնպիսի բավականությամբ, որ ականջատակերը ճրթճրթային։
Նրանց հետևից քայլում էին հեռախոսավոր Խոդոունսկին և ավագ գրագիր Վանեկը։
Խոդոունսկին Վանեկին բացատրում էր, թե իր կարծիքով համաշխարհային պատերազմը հիմարություն է։ Այդ պատերազմում ամենից վատն այն է, որ երբ որևէ տեղ հեռախոսի լարը կտրվում է՝ գիշերով պետք է գնաս կարգի բերելու։ Իսկ դրանից էլ վատն այն է, որ եթե առաջվա պատերազմներում լուսարձակների մասին գաղափար չունեին, ապա հիմա, ընդհակառակը, երբ այդ նզովյալ լարերը կարգի ես բերում, թշնամին լուսարձակով ձեռաց քեզ գտնում և իր ամբողջ հրետանու կրակը վրադ է թափում։
Ներքևում, այն գյուղում, որտեղ նրանք վաշտի համար օթևան պետք է գտնեին, սաստիկ մութ էր։ Շները զիլ հաչում էին, մի բան, որ արշավախմբին ստիպեց կանգ առնել և խորհել, թե ինչպես դիմադրել այդ արարածներին։
— Գուցե հետ դառնանք, հը՞,— շշնջաց Բալոունը։
— Ա՛խ, Բալոուն, Բալոուն, եթե մենք այդպես բան անենք, քեզ վախկոտության համար կգնդակահարեն,— հիշեցրեց վախլուկին Շվեյկը։
Շները կարծես կատաղել էին։ Հաչոց էր լսվում բոլոր կողմերից և, ի վերջո, լսվեց հյուսիսից, Ռոպա գետի կողմից։ Հաչում էին Կրոսցենկոյի և շրջակա բոլոր գյուղերի շները, որովհետև Շվեյկը գիշերային լռության մեջ բղավում էր․
— Քո՜ւշ, քո՜ւշ, քո՜ւշ,— հիշելով, թե ինչպես էր շների վրա բղավում դեռևս շան առևտրով զբաղվելիս։ Շները չէին կարողանում հանգստանալ, և ավագ գրագիր Վանեկը խնդրեց․
― Մի՜ գոռաք նրանց վրա, Շվեյկ, թե չէ ամբողջ Գալիցիան կսկսի հաչել։
— Այդպիսի մի բան պատահեց Թաբորի շրջանի զորաշարժերի ժամանակ,— սկսեց պատմել Շվեյկը։— Մի գիշեր մենք մի գյուղ մտանք, իսկ շները սոսկալի հաչոց բարձրացրին։ Խտաբնակ վայր էր, այնպես որ շնահաչը գյուղից գյուղ էր անցնում, գնում ավելի ու ավելի հեռու։ Այն գյուղի շները, որտեղ մենք ճամբար էինք դրել, արդեն ձայնները կտրելու վրա էին, բայց մի հեռու տեղից, ասենք, Պելգրժիմովից, հաչոցի ձայն լսելով, նորից սկսեցին զիլ հաչել, և մի քանի րոպե հետո արդեն հաչում էին Թաբորի, Պելգրժիմովի, Բուդեյովիցիի, Գումպոլեցի, Տրժեբոնի և Յինգլավի շրջանները։ Մեր կապիտանը, որ մի շատ ջղային ծերուկ էր, շան հաչոց տանել չէր կարողանում։ Նա ամբողջ գիշերը չքնեց, շարունակ անցուդարձ էր անում և պահնորդներին հարցնում. «Ո՞վ է հաչում, ինչո՞ւ են հաչում»։ Զինվորները զեկուցում էին, թե շներն են հաչում։ Դա նրան այնպես էր զայրացրել, որ այդ օրը պահակախմբում գտնված բոլոր զինվորները զորաշարժերից վերադառնալուց հետո արձակուրդից զրկվեցին։
Այդ դեպքից հետո նա միշտ «շնային անձնախումբ» էր կազմում և առաջուց ուղարկում։ Անձնախումբը պարտավոր էր նախազգուշացնել այն գյուղի բնակչությանը, որտեղ մենք պետք է գիշերեինք, թե գիշերը ոչ մի շուն չպիտի համարձակվի հաչել, այլապես կգնդակահարվի։ Մի անգամ ես էլ մի այդպիսի անձնախմբի մեջ էի, և երբ հասանք Միլևսկոյե շրջանի գյուղերից մեկը, շփոթվեցի և գյուղապետին ասացի, թե այն շան տերը, որ գիշերը կհաչի, ստրատեգիական նկատառումներով կոչնչացվի։ Գյուղապետը վախեցավ, հրամայեց իսկույն ձին լծել և գնաց գլխավոր շտաբը՝ ամբողջ գյուղի անունից խնդրելու, որ իրենց խղճան։ Գյուղապետին չէին թողել մտնել շտաբ, մազ էր մնացել, որ պահակները նրան գնդակահարեին։ Նա տուն վերադարձավ, և, նրա խորհրդով, մեր գյուղ մտնելուց առաջ բոլոր շների դնչերը շորերով կապել էին, այնպես որ նրանցից երեքը կատաղեցին։
Բոլորը հավատացին Շվեյկին, թե գիշեր ժամանակ շները սիգարետի կրակից վախենում են, և մտան գյուղ։ Հակառակի պես նրանցից ոչ մեկը սիգարետ չէր ծխում, և Շվեյկի խորհուրդը դրական հետևանքներ չունեցավ։ Պարզվեց, սակայն, որ շները հաչում են ուրախությունից, քանի որ սիրով հիշում էին եկած ու գնացած զորամասերին, որոնք միշտ որևէ ուտելի բան էին թողել։
Նրանք դեռ հեռվից զգացել էին, որ մոտենում են այնպիսի արարածներ, որոնք իրենց հետևից ոսկորներ ու սատկած ձիեր են թողնում։