Выбрать главу

Հանկարծ, որտեղից որտեղ, Շվեյկի մոտ հայտնվեցին չորս բակապահ շներ, որոնք ուրախ-ուրախ, պոչները ցցած, նետվում էին նրա վրա։

Շվեյկը շոյեց շներին, ձեռքով թփթփացրեց նրանց կողերը և սկսեց մթան մեջ հետները խոսել, ինչպես երեխաների հետ․

— Ահա և մենք։ Եկել ենք ձեզ մոտ բայ-բայ անելու, ուտելու, համ-համ անելու։ Մենք ձեզ ոսկորներ, հացի կճեպներ կտանք և առավոտյան նորից ճանապարհ կընկնենք, կգնանք թշնամու դեմ։

Գյուղի խրճիթներում լույսեր վառվեցին։ Երբ զորաբնակարանապետները թակեցին առաջին խրճիթի դուռը, որ իմանան, թե գյուղապետը որտեղ է ապրում, ներսից նրանց պատասխանեց մի կանացի ծղրտան ու անախորժ ձայն, որը ոչ այն է լեհերեն, ոչ այն է ուկրաիներեն սկսեց ճղճղալ, թե ամուսինը գտնվում է պատերազմում, թե երեխաները ծաղիկ են հանել, թե մոսկալներն ամեն ինչ տարել են և թե ամուսինը կռվի գնալիս նրան հրամայել է գիշեր ժամանակ ոչ ոքի առաջ դուռը բաց չանել։ Եվ միայն այն ժամանակ, երբ նրանք ավելի թափով գրոհեցին դռան վրա, հավատացնելով, թե բնակարանապետներ են, ինչ-որ անտեսանելի ձեռք դուռը բաց արեց։ Մտնելով խրճիթ, նրանք իմացան, որ հենց այդտեղ է ապրում գյուղապետը, որն իզուր ջանում էր Շվեյկին համոզել, թե կանացի ճղճղան ձայնով պատասխանողն ինքը չէր եղել։ Նա սկսեց արդարանալ, թե իբր ինքը միշտ քնում է խոտանոցում, իսկ կինը չի էլ իմանում, թե ինչ է դուրս տալիս, երբ հանկարծ քնից արթնացնում են։ Ինչ վերաբերվում է ամբողջ վաշտի համար քնելու տեղ տալուն, ապա դա խելքի մոտ բան չէ։ Գյուղը փոքր է, ոչ մի զինվոր չի տեղավորվի։ Պարզապես քնելու տեղ չկա։ Հնարավոր չէ նաև որևէ բան գնել, մոսկալներն ամեն ինչ առել-տարել են։ Եթե բարեծնունդ պաներն իր խորհուրդը չմերժեն, նա նրանց կտանի Կրոսցենկո, այնտեղի տնտեսությունները մեծ են։ Այստեղից ընդամենը երեք քառորդ ժամվա է ճանապարհ է, այնտեղ տեղ շատ կա, ամեն մի զինվոր կարող է իր վրա ոչխարի մորթի գցել։ Այնտեղ այնքան կով կա, որ ամեն մի զինվոր կարող է մի աման կաթ ստանալ։ Ջուրն էլ լավն է։ Պան սպաները կարող են քնել կալվածատանը։ Իսկ Լիսկովցեում ի՞նչ կա որ։ Միայն աղքատություն, քոս ու ոջիլ։ Նա ինքը մի ժամանակ հինգ կով ուներ, բայց մոսկալները բոլորն առան-տարան, և հիմա, երբ հիվանդ երեխաների համար կաթ է պետք, ստիպված է գնալ Կրոսցենկո։

Կարծես ի հաստատումն այդ խոսքերի հավաստիության, կողքի գոմում կովերը բառաչեցին և լսվեց մի կանացի ճղճղան ձայն, որ նրանց վրա գոռաց. «Գրողը տանի ձեզ»։

Գյուղապետին դա շփոթություն չպատճառեց, և, կոշիկները հագնելով, նա շարունակեց․

— Այստեղ միակ կովը հարևան Բոյցեկի կովն է, որը, ինչպես բարեհաճեցիք լսել, բարեծնունդ պաներ, հենց նոր բառաչեց։ Բայց այդ կովը հիվանդ է, կարոտ է քաշում։ Մոսկալները նրա հորթը տարել են։ Այդ օրվանից կաթ չի տալիս, բայց տերը ափսոսում է մորթել, նա հավատում է, որ Չեստոխովի աստվածածինը նորից ամեն բան կարգի կգցի։

Այդ ասելով, նա հագավ իր կունտուշը…

— Գնանք Կրոսցենկո, բարեծնունդ պաներ, տեղ հասնելը քառորդ ժամ էլ չի քաշի, բայց չէ, ի՞նչ եմ դուրս տալիս մեղավորս, կես ժամվա ճանապարհ էլ չկա։ Ես ճանապարհը գիտեմ, պետք է անցնել գետը, հետո գնալ կեչու անտառակով, կաղնու մոտով… Մեծ գյուղ է և պանդոկներում շատ թունդ օղի կա։ Գնանք, բարեծնունդ պաներ, ինչի՞ ուշացնենք։ Ձեր փառապանծ գնդի պան զինվորներին անհրաժեշտ է քնել ինչպես հարկն է, ամենայն հարմարությամբ։ Թագավորա-կայսրական պան զինվորին, որ կռվում է մոսկալների դեմ, հարկավոր է, իհարկե, մաքուր օթևան, հարմար օթևան։ Իսկ մեզ մոտ ի՞նչ կա որ։ Միայն ոջիլ ու քոս, ծաղիկ ու խոլերա։ Երեկ մեր այս անիծված գյուղում երեք ջահելներ խոլերայից սևացան… Ողորմած աստված Լիսկովեցը նզովել է։

Այդ միջոցին Շվեյկը տիրաբար ձեռքը թափ տվեց։

— Բարեծնունդ պաներ,— սկսեց նա, ձայնը նմանեցնելով գյուղապետ ի ձայնին,— մի անգամ ես մի գրքում կարդացել եմ, որ շվեդական պատերազմների ժամանակ, երբ հրաման էր տրվում գնդերը բնակեցնել այսինչ կամ այնինչ գյուղում, իսկ գյուղապետը պատրվակներ էր մեջ բերում և հրաժարվում այդ գործում օգնել, նրան կախում էին ամենամոտիկ ծառից։ Բացի դրանից, մի լեհ կապրալ այսօր Սանոկում ինձ ասաց, որ երբ բնակարանապետներ են գալիս գյուղապետը պարտավոր է կանչել բոլոր տասնապետներին, որոնք բնակարանապետների հետ խրճիթից խրճիթ են անցնում և ուղղակի ասում․ «Այստեղ կտեղավորվի չորս հոգի, այնտեղ հինգ, քահանայի տանը կտեղավորվեն պարոն սպաները», և կես ժամում ամեն ինչ պետք է պատրաստ լինի։

— Բարեծնունդ պան,— լուրջ դեմքով դիմեց Շվեյկը գյաղապետին,— որտե՞ղ է քո ամենամոտիկ ծառը։

Գյուղապետը «ծառ» բառը չհասկացավ, ուստի Շվեյկը նրան բացատրեց, թե դա կեչին է, կաղնին, տանձենին, խնձորենին, մի խոսքով, այն ամենը, ինչ ամուր ճյուղեր ունի։ Գյուղապետը դարձյալ չհասկացավ, իսկ երբ մի քանի պտղատու ծառերի անուններ լսեց, վախեցավ, քանի որ բալը հասել էր, և ասաց, թե այդպիսի ոչ մի ծառ չգիտե, իր տան առաջ միայն մի կաղնի կա։

— Լա՛վ,– ասաց Շվեյկը, ձեռքով ցույց տալով կախելու միջազգային նշանը,― մենք քեզ կկախենք այստեղ, քո տան առաջ, քանի որ դու պետք է հասկանաս, որ հիմա պատերազմ է և որ մենք հրաման ենք ստացել քնելու այստեղ, և ոչ թե ինչ-որ Կրոսցենկոյում։ Դու, եղբա՛յր, կամ մեզ չես ստիպի մեր ստրատեգիական պլանները փոխել, կամ կճոճվես ծառից կախված, ինչպես ասված է շվեդական պատերազմների մասին գրված այն գրքույկի մեջ… Մի այդպիսի դեպք պատահեց, պարոնայք, Վելկովո Մեզիրժիցիի զորաշարժերի ժամանակ…