Բալոունը քթով օդն էր հոտոտում և շրջում քահանայի խոհանոցում, որտեղ ժամանակ առ ժամանակ մտնում էր մի լոլոզ տղա, որը միաժամանակ բատրակի և խոհարարուհու գործ էր կատարում։ Նրան խստագույնս հրամայել էին հետևել, որ խոհանոցից բան-ման չթռցնեն։
Բալոունը խոհանոցում էլ բան չգտավ, բացի աղամանի մեջ դրած, թղթի մեջ փաթաթած չամանից, որն իսկույն լցրեց բերանը։ Չամանի հոտը նրա մեջ խոճկորի հետ կապված համային պատրանքներ հարուցեց։
Քահանայի տան հետևում, փոքրիկ օղեգործարանի բակում, դաշտային խոհանոցների կաթսաների տակ կրակ էր վառվում։ Ջուրը եռ էր գալիս, բայց այդ ջրի մեջ ոչինչ չէր եփվում։
Ավագ գրագիրն ու խոհարարը ոտի տակ տվին ամբողջ գյուղը, իզուր հուսալով մի խոզ գտնել։ Ամենուրեք նրանց պատասխանում էին, թե մոսկալները կա՛մ կերել են, կա՛մ տարել։
Նրանք արթնացրին նաև իր պանդոկում քնած հրեային, որն սկսեց պեյսերը փիտտել և ափսոսալ, որ պան զինվորներին օգտակար լինել չի կարող, իսկ վերջում կպավ նրանց օձիքից, խնդրելով գնել իր հարյուրամյա կովը՝ մի նիհար լեշ, որի վրա կաշվից ու ոսկորից բացի ոչինչ չկար։ Այդ կովի համար նա անասելի գումար էր պահանջում, փիտրում մորուքն ու երդվում, թե այդպիսի կով չի գտնվի ամբողջ Գալիցիայում, ամբողջ Ավստրիայում և Գերմանիայում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Նա ոռնում էր, լալիս ու երդվում, թե դա ամենաչաղ կովն է, որ կամոքն Եհովայի երբևէ հայտնվել է աշխարհիս երեսին։ Երդվում էր իր բոլոր նախահայրերով, թե նույնիսկ Վոլոչինսկից մարդիկ գալիս են այդ կովը տեսնելու, թե ամբողջ մարզում խոսում են, որ դա ոչ թե կով է, այլ հրաշք, թե դա նույնիսկ իսկական կով էլ չէ, այլ չաղագույն գոմեշ։ Ի վերջո նա ընկավ նրանց առաջ և մերթ մեկի, մերթ մյուսի ծնկները գրկելով՝ գոչեց․ «Ավելի լավ կլինի դժբախտ հրեայիս սպանեք, քան առանց այդ կովի գնաք»։
Նրա ոռնոցները գրագրի ու խոհարարի զահլան այնպես տարան, որ նրանք, ի վերջո, այդ կովը, որից կխորշեր ամեն մի սպանդագործ, քարշ տվին դաշտային խոհանոց։ Իսկ հրեան դրանից դեռ շատ հետո էլ, երբ փողն արդեն գրպանումն էր, լալիս էր, թե իրեն կործանեցին, սպանեցին, թե ինքն իր ձեռքով իր տունը քանդեց, այդքան էժան ծախելով այդքան փառավոր մի կով։ Նա աղաչում էր իրեն կախել, քանի որ, ասում էր, օր ծերության այնպիսի հիմարություն է արել, որ իր նախահայրերը իրենց գերեզմաններում շուռ կգան։
Փոշու մեջ մի քիչ էլ թավալ տալուց հետո, նա հանկարծ թոթափեց իր ամբողջ վիշտը և գնաց տուն ու կնոջն ասաց։ «Elsa, lebn[115], զինվորները հիմար են, իսկ քո Նաթանը՝ իմաստուն»։
Բալոունը լուրջ տեսքով կանգնեց պորուչիկ Լուկաշի առաջ և կակազելով նրան հանձնեց իր ջարդված ատամը, որ փաթաթել էր «Լուրդի երգի» մեջ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ ես ձեռքիցս եկածն արեցի։ Այս ատամս ջարդեցի սպայական ճաշի վրա, երբ խոհարարի հետ փորձում էի, թե այդ մսից հնարավո՞ր է բիֆշտեքս պատրաստել։
Այդ խոսքի վրա լուսամատի մոտ դրված բազկաթոռի միջից վեր բարձրացավ մի մռայլ կերպարանք։
Պոդպորուչիկ Դուբն էր դա, որին սանիտարական սայլակը տեղ էր հասցրել բոլորովին հալից ընկած։
— Խնդրում եմ լռություն պահպանել,— ասաց նա վհատալից ձայնով,— ես ինձ վատ եմ զգում։
Նա նորից փլվեց հին բազկաթոռի վրա, որի յուրաքանչյուր ճեղքի մեջ փայտոջիլի հազարավոր ձվիկներ կային։
— Ես հոգնած եմ,— ասաց նա ողբերգական ձայնով,— թույլ եմ և հիվանդ, խնդրում եմ իմ ներկայությամբ ջարդված ատամների մասին չխոսել։ Իմ հասցեն է Սմիխով, փող․ Կրալովսկա, համար տասնութ։ Եթե ես մինչև վաղը չապրեմ, խնդրում եմ այդ մասին զգուշաբար հայտնել իմ ընտանիքին և խնդրում եմ չմոռանալ գերեզմանիս վրա գրել, որ ես պատերազմից առաջ եղել եմ թագավորական կայսրական գիմնազիայի դասատու։
Նա սկսեց կամաց խռմփալ և այլևս չլսեց, թե ինչպես Շվեյկը արտասանեց հոգեհանգստյան երգի հետևյալ տողերը․
Մարիամի մեղքը դու ներեցիր,
Ավազակին էլ դու ներեցիր,
Թշվառիս հույս պարգևեցիր։
Կովը շատ գլխացավանք պատճառեց։ Եղան պահեր, երբ թվում էր, թե առհասարակ հնարավոր չէ նրան մաշկել։ Երբ սկսեցին մորթին պոկել, վերջինս պատռվեց և տակից երևացին մկանները, որ ոլորված էին նավի չորացած ճոպանների պես։
Այդ միջոցին ինչ-որ տեղից մի պարկ կարտոֆիլ բերին և, հաջողության հույս չունենալով, սկսեցին եփել հիշյալ ջիլերն ու ոսկորները, իսկ քիչ հեռու, փոքր խոհանոցի մոտ խոհարարը, այդ կմախքի կտորներից բոլորովին հուսահատված, սպայական ճաշ էր պատրաստում։
Դժբախտ կովը, եթե կարելի է այդպես անվանել բնության այդ հազվագյուտ երևույթը, երկար մնաց բոլորի հիշողության մեջ, և կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ եթե Սոկալի կռվից առաջ հրամանատարները զինվորներին հիշեցնեին Լիսկովեցի կովը, ապա ամբողջ տասնմեկերորդ վաշտը հուժկու աղաղակով և կատաղաբար սվինամարտի կնետվեր։
Կովն այնքան անխիղճ դուրս եկավ, որ նրանից նույնիսկ սուպ չկարողացան պատրաստել․ որքան միսն ավելի էր եփվում, այնքան ավելի ամուր էր կպչում ոսկորներին, դրանց հետ կազմելով մի ամբողջություն, որը ոսկրացած էր իր ամբողջ կյանքը գրասենյակային թղթերի մեջ անցկացրած և միայն «գործերով» սնվող բյուրոկրատի պես։