Выбрать главу

Շվեյկը, որ որպես սուրհանդակ շտաբի և խոհանոցի միջև մշտական կապ էր պպհպանում՝ իմանալու համար, միսը երբ է եփվելու, վերջապես պորուչիկ Լուկաշին զեկուցեց․

— Պարոն օբեր-լեյտենանտ, կովից արդեն ճենապակի ստացվեց։ Այդ կովի միսն այնքան պինդ է, որ նրանով կարելի է ապակի կտրել։ Խոհարար Պավլիչեկը Բալոունի հետ միասին այդ միսը փորձելիս ջարդեց իր կտրիչ ատամը, իսկ Բալոունը՝ սեղանատամը։

Դրանից հետո ավագ գրագիր Վանեկը պարզեց, որ տխրահռչակ կովը սպայական խոհանոցում պետք է եփվի ևս երկու ժամ, որ բիֆշտեքսի մասին խոսք լինել չի կարող և որ բիֆշտեքսի փոխարեն գուլյաշ են պատրաստելու։

Որոշեցին զինվորներին թույլ տալ հանգստանալ մինչև «դեպի ընթրիք» ազդանշանը, քանի որ, միևնույն է, ընթրիքը պատրաստ կլիներ միայն առավոտյան դեմ։

Ավագ գրագիր Վանեկը ինչ-որ տեղից մի խտիտ խոտ բերեց, քահանայի տան ճաշասենյակում փռեց իր համար և, ջղայնորեն բեղերը ոլորելով, կամացուկ ասաց հին բազմոցի վրա հանգստացող պորուչիկ Լուկաշին․

— Հավատացեք, պարոն օբեր-լեյտենանտ, ամբողջ պատերազմի ընթացքում ես այդպիսի կով չեմ կերել…

Խոհանոցում եկեղեցական կիսայրած մոմի առաջ նստած էր հեռախոսավար Խոդոունսկին և կանխավ նամակ էր գրում տուն։ Նա չէր ցանկանում իրեն այդ նեղությունը տալ հետագայում, երբ գումարտակը վերջապես կունենար իր դաշտային փոստի որոշակի համարը։ Նա գրում էր.

«Սիրելի՛ և թանկագին կին, անգնահատելի Բոժենկա․

Հիմա գիշեր է, և ես շարունակ քո մասին եմ մտածում, անգինս, և տեսնում եմ, թե ինչպես նայում ես կողքիդ դատարկ մահճակալին և ինձ հիշում։ Դու պետք է ինձ ներես, եթե այդ ժամանակ մտքովդ զանազան բաներ են անցնում։ Դու լավ գիտես, որ պատերազմի հենց սկզբից ես գտնվում եմ ռազմաճակատում և արդեն որոշ բաներ լսել եմ այն ընկերներից, որոնք վիրավորվել, արձակուրդ էին ստացել և գնացել տուն։ Ես գիտեմ, որ նրանք կգերադասեին պառկել խոնավ հողում, քան վկա լինել, թե ինչպես ինչ-որ սրիկա քարշ է գալիս իրենց կնոջ հետևից։ Ինձ համար ծանր է գրել այդ մասին, թանկագի՛ն Բոժենկա։ Ես չէի էլ գրի, բայց դու լավ գիտես,— չէ՞ որ դու ինքդ ես ինձ խոստովանել,— որ ես առաջինը չեմ, որի հետ դու կապ ես ունեցել, և որ ինձնից առաջ դու արդեն պատկանելիս ես եղել Միկուլաշսկա փողոցում ապրող պան Կրաուզեին։ Հիմա, երբ գիշերը հանկարծ հիշում եմ դա և մտածում, թե այդ այլանդակը իմ բացակայության ժամանակ կարող է քո նկատմամբ հավակնություններ ունենալ, ինձ թվում է, թանկագին Բոժենիկս, որ ես նրան տեղն ու տեղը կխեղդեի։ Ես երկար ժամանակ լռում էի, բայց երբ մտքովս անցնում է, թե մի գուցե նա նորից հետապնդում է քեզ, սիրտս կծկվում է։ Ես քո ուշադրությունը հրավիրում եմ միայն այն բանի վրա, որ իմ կողքին չեմ հանդուրժի մի կեղտոտ խոզի, որը բոլորի հետ շնություն է անում և իմ անունը խայտառակում։ Ներիր ինձ, թանկագին Բոժենա, իմ խիստ խոսքերի համար, բայց զգույշ եղիր, որ հանկարծ քո մասին վատ բան չլսեմ։ Այլապես ստիպված կլինեմ երկուսիդ էլ փորը թափել, որովհետև ես պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեմ մեռնել։ Հազար ու հազար անգամ համբուրում եմ քեզ, բարևում պապային ու մամային։

Քո Տոնոուշ

Հ․ Գ․— Չմոռանաս, որ դու կրում ես իմ ազգանունը»։

Նա սկսեց կանխավ գրել երկրորդ նամակը։

«Իմ ամենասիրելի Բոժենկա,

Երբ ստանալու լինես այս տողերը, իմացած եղիր, որ հենց նոր վերջացավ մի մեծ մարտ, ուր ռազմական բախտը մե՛զ ժպտաց։ Ի միջի այլոց, մենք խփեցինք թշնամու տասը սավառնակ և մի գեներալի, որի քթին մի մեծ գորտնուկ կար։ Ամենասոսկալի կռվի պահին, երբ մեր գլխին շրապնելներ էին պայթում, ես քո մասին էի մտածում, թանկագի՛ն Բոժենկա։ Ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես ապրում, ի՞նչ նորություն կա տանը։ Ես միշտ հիշում եմ, թե ինչպես ես և դու նստած էինք «Տոմաշի մոտ» գարեջրատանը, և թե ինչպես ինձ տուն տարար, և թե ինչպես այդ պատճառով մյուս օրը ձեռքդ ցավում էր։ Այսօր մենք նորից հարձակվում ենք, այնպես որ նամակս շարունակելու ժամանակ չունեմ։ Հուսով եմ, որ ինձ հավատարիմ ես մնացել, քանի որ գիտես, որ ես անհավատարմություն հանդուրժող չեմ։

Ժամանակն է արշավի դուրս գալու։ Հազար անգամ համբուրում եմ քեզ, թանկագին Բոժենկա, և հուսա, որ ամեն ինչի վերջը լավ կլինի։

Քեզ անկեղծ սիրող Տոնոուշ»։

Հեռախոսավար Խոդոունսկին սկսեց նիրհել և, սեղանի առաջ նստած, քնեց։

Քահանան, որ բոլորովին չէր պառկում քնելու և շարունակ տան մեջ շրջում էր, բացեց խոհանոցի դուռը և խնայողության համար փլեց ու հանգցրեց Խոդոունսկու կողքին մարմրող եկեղեցական կիսաայրած մոմը։

Ճաշասենյակում ոչ ոք քնած չէր, բացի պոդպորուչիկ Դուբից։ Ավագ գրագիր Վանեկը, որը Սանոկում, բրիգադի գրասենյակում, զորքերին պարեն մատակարարելու նոր կարգադրագիր էր ստացել, ջանասիրաբար ուսումնասիրում էր այն և նկատում է որ ինչքան բանակը մոտ է ռազմաճակատին, այնքան մթերաբաժինները պակասում են։ Նա ակամա ծիծաղեց մի պարագրաֆի վրա, որի համաձայն զինվորների համար ճաշ պատրաստելիս արգելվում է զաֆրան ու զենջեֆիլ գործածել։ Հրամանն ուներ մի այսպիսի ծանոթություն, դաշտային խոհանոցները պետք է հավաքեն ոսկորները և ուղարկեն թիկունք, դիվիզիական պահեստները։ Պարզ չէր, թե խոսքը ինչ ոսկորների մասին էր՝ մարդկա՞նց թե մորթվող այլ անասունների։