Выбрать главу

Պորուչիկ Լուկաշը նստեց թախտի վրա, աղոթողի պես ձեռքերը խաչելով կրծքին․

— Ես ինքս էլ զարմանում եմ, թե ինչո՞ւ եմ մինչև հիմա ձեզ հետ խոսում, Շվեյկ։ Չէ՞ որ, Շվեյկ, ես այնքան վաղուց եմ ձեզ ճանաչում․․․

Շվեյկն ի նշան հավանության գլխով արեց։

— Սովորույթի բան է, պարոն օբեր-լեյտենանտ։ Բանն էլ հենց այն է, որ մենք բոլորս արդեն վաղուց ենք իրար ճանաչում և միասին շատ բան ենք տեսել։ Մենք արդեն շատ ենք տառապել և միշտ էլ ոչ մեր մեղքով։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա ճակատի գիր է։ Թագավոր կայսրն ինչ էլ որ անի՝ վերջը լավ է լինում, նա մեզ միացրեց, և ես ոչ մի այլ բան չեմ ցանկանում, քան միայն որևէ բանով ձեզ օգտակար լինել։ Սոված չե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ։

Պորուչիկ Լուկաշը, որ այդ միջոցին նորից մեկնվել էր հին թախտի վրա, ասաց, թե Շվեյկի այդ վերջին հարցը տաղտկալի խոսակցության հիանալի հանգուցալուծում է։ Թող Շվեյկը գնա իմանալու, թե ընթրիքն ինչ եղավ։ Անշուշտ ավելի լավ կլինի, եթե Շվեյկը նրան մենակ թողնի, քանի որ այն հիմարությունները, որ նա ստիպված եղավ լսել, նրան ավելի հոգնեցրին, քան Սանոկից մինչև այստեղ կատարված ռազմերթը։ Նա կցանկանար մի քիչ քնել, բայց չի կարողանում։

— Պատճառը փայտոջիլներն են, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի հին հավատալիք կա, թե քահանաները փայտոջիլ են ծնում։ Ոչ մի տեղ այնքան փայտոջիլ չես գտնի, որքան քահանաների տներում։ Գորնիե Ստոդուլկիում քահանա Զամաստիլը մի ամբողջ գիրք է գրել փայտոջիլների մասին, որոնք նրա վրա քաշվում էին նույնիսկ քարոզի ժամանակ։

— Ի՞նչ ասացի ձեզ, Շվեյկ, գնալո՞ւ եք խոհանոց թե ոչ։

Շվեյկը, գնաց, և նրա հետևից ստվերի պես, ոտքի մատների վրա քայլելով, իր անկյունից դուրս եկավ Բալոունը․․․

* * *

Երբ առավոտյան գումարտակը Լիսկովեցից դիմեց դեպի Ստարայա-Սոլ-Սամբոր, տարաբախտ կովին, որ դեռ չէր եփվել, հենց այդպես, դաշտային խոհանոցի մեջ, տարան իրենց հետ։ Որոշված էր կովը եփել ճանապարհին և ուտել դադար առնելիս, երբ ճանապարհի կեսն անցած լինեն։

Ճ

անապարհ ընկնելուց առաջ զինվորներին սև սուրճ տվին։

Պոդպորուչիկ Դուբին նորից տեղավորեցին սանիտարական երկանիվ սայլակի մեջ, քանի որ երեկվա դեպքից հետո նրա վիճակն ավելի էր վատացել։ Նրա երեսից ամենից շատ տանջվում էր սպասյակը, որը ստիպված էր սայլակի կողքից վազել։ Պոդպորուչիկ Դուբը Կուներտին մի գլուխ հայհոյում էր, թե երեկ իր մասին բոլորովին հոգ չի տարել, և խոստանում էր, թե նշանակված վայրն հասնելուց հետո նրա հախից կգա։ Նա շարունակ ջուր էր պահանջում, խմում և իսկույն փսխում։

— Այդ ո՞ւմ և ինչի՞ վրա եք ծիծաղում,— գոռում էր նա սայլակի միջից։— Ես ձեզ ցույց կտամ, ինձ հետ կատակ մի՛ անեք։ Դուք ինձ կճանաչեք։

Պորուչիկ Լուկաշը գնում էր ձիով, իսկ նրա կողքից, առույգ-առույգ քայլում էր Շվեյկը։ Թվում էր, թե Շվեյկն անհամբեր շտապում էր կռվի բռնվել թշնամու հետ։ Ըստ իր սովորության, նա ճամարտակում էր։

— Դուք նկատե՞լ եք, պարոն օբեբ-լեյտենանտ, որ մեր զինվորներից մի քանիսը ճանճի պես բաներ են։ Մեջքներին երեսուն կիլո էլ չկա, բայց դրան էլ չեն դիմանում։ Հարկավոր էր, որ դուք նրանց համար դասախոսություններ կարդայիք, ինչպես մեզ համար կարդում էր հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։ Նա ինքնասպան եղավ այն գրավականի պատճառով, որ ամուսնանալու խոստումով ստացել էր իր ապագա աներոջից և մսխել փողոցային կանանց վրա։ Դրանից հետո նա մի ուրիշ ապագա աներոջից ստացել էր երկրորդ գրավականը։ Այս փողի հետ նա արդեն ավելի խնայողաբար էր վարվում, կամաց-կամաց տանուլ էր տալիս թղթախաղի մեջ, իսկ պոռնիկներից ձեռք էր քաշել։ Բայց փողը երկար չհերիքեց, այնպես որ նա ստիպված էր գրավական ստանալու համար դիմել մի երրորդ ապագա աներոջ։ Այդ փողով նա իր համար ձի գնեց, մի արաբական հովատակ, ոչ զտարյուն․․․

Պորուչիկ Լուկաշը ձիուց ցած թռավ։

— Շվեյկ,— գոռաց նա սպառնագին,— եթե չորրորդ գրավականի մասին թեկուզ մի բառ ասեք, ես ձեզ կգլորեմ առուն։

Նա նորից թռավ ձիու վրա, իսկ Շվեյկը լրջորեն շարունակեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ չորրորդ գրավականի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ երրորդ գրավականից հետո նա ինքն իրեն խփեց։

— Վերջապե՜ս,— թեթևացած շունչ քաշեց պորուչիկ Լուկաշը։

— Հա, խոսքս չմոռանամ,— հանկարծ հիշեց Շվեյկը,— այնպիսի դասախոսություններ, որ մեզ համար կարդում էր պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը, երբ զինվորները ռազմերթի ժամանակ հոգնածությունից արդեն վայր էին ընկնում. ահա այդպիսի դասախոսություններ, իմ կարծիքով, հարկավոր էր կարդալ, ինչպես նա էր անում, բոլոր զինվորների համար։ Նա դադար էր հայտարարում, մեզ բոլորիս հավաքում, ինչպես թուխսը ճտերին, և սկսում այսպես․ «Դուք, սրիկանե՛ր, չեք կարողանում գնահատել այն, որ երթաքայլում եք երկրագնդի վրա, չեք կարողանում, որովհետև այնպիսի անկուլտուրական մի ավազակախումբ եք, որ նայելիս մարդու սիրտ է խառնում։ Լավ կլիներ ձեզ ստիպեին քայլել արեգակի վրա, որտեղ մարդը, որ մեր խղճուկ մոլորակի վրա վաթսուն կիլո քաշ ունի, հազար յոթհարյուր կիլոյից ավելի է կշռում։ Դուք հո կսատկեիք։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է երթաքայլեիք, եթե ձեր պայուսակը կշռեր երկուհարյուր ութսուն կիլոգրամ, համարյա երեք ցենտներ, իսկ հրացանը՝ մոտ մեկ և կես ցենտներ։ Կսկսեիք ախ ու վախ անել, լեզուներդ կկախեիք հալածահար շների պես»։ Մեր մեջ մի թշվառ ուսուցիչ կար, որը նույնպես համարձակվեց խոսք վերցնել, «Կներեք, պարոն օբեր-լեյտենանտ, վաթսուն կիլոգրամ քաշ ունեցող մարդը Լուսնի վրա կշռում է ընդամենը տասներեք կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ավելի հեշտ կերթաքայլեինք, քանի որ այնտեղ պայուսակը կկշռեր ընդամենը չորս կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ոչ թե կքայլեինք, այլ օդի մեջ կճախրեինք»։— «Դա սոսկալի է,— ասաց հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։— Սրիկա՛, սիրտդ ապտակ է ուզում։ Ուրախ եղիր, որ ես քեզ սովորական երկրային ապտակ կտամ։ Եթե լուսնային ապտակ տայի, ապա թեթևությանդ պատճառով կթռչեիր ու կընկնեիր Ալպյան լեռների վրա և քեզնից միայն մի թաց տեղ կմնար… Եթե ես քեզ արեգակնային ծանր ապտակ տայի, ապա մունդիրդ շիլա կդառնար, իսկ գլուխդ կթռչեր Աֆրիկա»։ Տվեց նա նրան, ուրեմն, սովորական երկրային ապտակ։ Այդ դուրսպրծուկ ուսուցիչն սկսեց զռալ, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Ռազմերթի ամբողջ ճանապարհին նա զռում էր և ինչ-որ մարդկային արժանապատվության մասին խոսում, պարոն օբեր-լեյտենանտ։ Թե իբր իրեն անբան անասունի տեղ են դրել։ Հետո պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը նրան զեկույցի ուղարկեց, և խեղճին տասնչորս օր նստեցրին։ Դրանից հետո այդ զինվորը վեց շաբաթ էլ պետք է ծառայեր, բայց մինչև վերջ չծառայեց, ճողվածք ուներ, իսկ զորանոցում ստիպում էին տուրնիկի վրա պտտվել, մարդը չդիմացավ և հոսպիտալում մեռավ որպես սիմուլյանտ։