Выбрать главу

— Իսկապես զարմանալի է, Շվեյկ,– ասաց պորուչիկ Լուկաշը,— դուք սովորություն ունեք, ինչպես շատ անգամ ձեզ ասել եմ, մի առանձին ձևով սպայությանը նսեմացնելու։

— Ես այդպիսի սովորություն չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։— Ես միայն այն էի ուզում պատմել, պարոն օբեր-լեյտենանտ, թե ինչպես առաջ զինվորական ծառայության մեջ մարդիկ իրենք էին իրենց փորձանքի մեջ գցում։ Այդ մարդը կարծում էր, թե ինքը պարոն օբեր-լեյտենանտից ավելի կրթված է, և ուզում էր Լուսնով զինվորների առաջ նրան նսեմացնել։ Իսկ երբ երկրային ապտակ ստացավ, բոլորը թեթևացած շունչ քաշեցին, ոչ ոքի համար դա անհաճելի չեղավ, դեռ ընդհակառակը, բոլորին դուր եկավ, որ օբեր-լեյտենանտը իր այդ երկրային ապտակով այդպես սրամտեց։ Դա կոչվում է դրությունը փրկել։ Հարկավոր է անմիջապես, տեղնուտեղը, մի բան գտնել, և ամեն ինչ պատրաստ է։ Պրագայում, Կարմելիտի վանքի դիմաց, պարոն օբեր-լեյտենանտ, մի քանի տարի սրանից առաջ պան Ենոմը խանութ ուներ, որտեղ ճագարներ և այլ թռչուններ էր վաճառում։ Այդ պան Ենոմը սկսել էր սիրահետել կազմարար Բիլեկի աղջկան։ Պան Բիլեկին դա դուր չէր պալիս, և նա պանդոկում հրապարակորեն հայտարարեց, որ եթե պան Ենոմը գա իր աղջկա ձեռքը խնդրելու՝ նրան աստիճաններից այնպես կգլորի, որ եկած ճանապարհը մոռանա։ Պան Ենոմը, այնուամենայնիվ, մի լավ խմեց, ու գնաց Բիլեկի մոտ, որը նախասենյակում նրան դիմավորեց գրքեր եզրահատելու մեծ դանակը ձեռքին, որ նման էր այն դանակին, որով գորտեր են հերձում։ Նա պան Ենոմի վրա գոռաց, թե իր տանն ի՞նչ գործ ունի։ Այդ ժամանակ շատ սիրելի պան Ենոմը այնպես խլացուցիչ զռթացրեց, որ պատի ժամացույցի ճոճանակը կանգ առավ։ Պան Բիլեկը քահ-քահ ծիծաղեց, սեղմեց պան Ենոմի ձեռքն ու ասաց. «Համեցեք, ներս մտեք, պան Ենոմ, խնդրեմ նստեցեք. հուսամ, որ ձեր շալվարի մեջ չեք կեղտոտել։ Ախր ես այնքան էլ չար մարդ չեմ։ Ճիշտ է, ուզում էի ձեզ դուրս շպրտել, բայց հիմա տեսնում եմ, որ դուք շատ հաճելի և մազալու մարդ եք։ Ես կազմարար եմ, վեպեր ու պատմվածքներ շատ եմ կարդացել, բայց ոչ մի գրքում չեմ տեսել, որ փեսացուն այդպես ներկայանա»։ Նա ծիծաղեց հալից ընկնելու չափ, հետո ասաց, թե իրեն թվում է, որ իրենք ծնված օրից իրար ծանոթ են, կարծես հարազատ եղբայրներ լինեն։ Ապա հյուրին սիգար առաջարկեց, մարդ ուղարկեց գարեջուր ու սարդելկա բերելու, կնոջը կանչեց ու ներկայացրեց պան Ենոմին, ամենայն մանրամասնությամբ պատմեց նրա այցելության մասին։ Կինը թքեց ու թողեց հեռացավ։ Հետո պան Բիլեկը կանչեց աղջկան ու ասաց. «Այս պարոնը այսպիսի և այսպիսի հանգամանքներում եկել էր քո ձեռքը խնդրելու»։ Այդ լսելուն պես աղջիկը լաց եղավ և ասաց, թե այդպիսի մարդու երեսը տեսնել չի ուզում։ Այնպես որ նրանց մնում էր ոչ այլ ինչ, եթե ոչ խմել-վերջացնել գարեջուրը, սարդելկաներն ուտել և իրարից բաժանվել։ Դրանից հետո այն պանդոկում, ուր հաճախում էր պան Բիլեկը, պան Ենոմը խայտառակ եղավ, և ամեն տեղ, ամբողջ թաղամասում, նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «տռան Ենոմ»։ Եվ բոլորն իրար պատմում էին, թե նա ինչպես էր ցանկացել դրությունը փրկել։ Մարդկային կյանքն առհասարակ այնպես բարդ է, որ առանձին մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ Դեռևս պատերազմից առաջ Բոիշչեում մեր «Թասի մոտ» պանդոկն էին այցելում մի ոստիկան՝ ավագ վախմիստր պան Հուբիչկան, և մի ռեպորտյոր, որը ջարդված ոտքեր, խեղդամահ եղած մարդիկ ու ինքնասպաններ էր որոնում և թերթերի մեջ գցում։ Դա այնքան ուրախ մարդ էր, որ ավելի հաճախ ոստիկանատան օրապահի սենյակում էր լինում, քան իր խմբագրությունում։ Մի անգամ նա ավագ վախմիստր Հուբիչկային հարբեցնում և խոհանոցում նրա զգեստը փոխում իր զգեստի հետ, այնպես որ ավագ վախմիստրը դառնում է քաղաքացի, իսկ պան ռեպորտյորը՝ ոստիկանության ավագ վախմիստր։ Հետո նա ծածկում է ատրճանակի համարը և գնում Պրագա՝ հսկողական շրջագայություն կատարելու։ Ռեսլովի փողոցի անկյունում, նախկին Սվատովացլավյան բանտի հետևում, ուշ գիշերին հանդիպում է մի ցիլինդրավոր տարեց պարոնի, որը թևանցուկ քայլելիս է լինում մորթե մանտո հագած մի տարեց կնոջ հետ։ Երկուսն էլ, առանց մի բառ փոխանակելու, տուն են շտապելիս լինում։ Նա վազելով հասնում է նրանց և այն պարոնի ականջի տակ գոռում. «Այդպես մի՛ բղավեք, ապա թե ոչ ձեզ քարշ կտամ ոստիկանատուն»։ Պատկերացրեք, պարոն օբեր-լեյտենանտ, նրանց վախը։ Իզուր է պարոնը նրան բացատրում, թե ըստ երևույթին դա թյուրիմացության է։ Թե իրենք վերադառնում են պարոն փոխարքայի տանը կայացած բանկետից։ Թե կառքն իրենց հասցրել է մինչև Ազգային թատրոնը, իսկ հիմա ուզում են մի քիչ մաքուր օդ շնչել։ Թե այստեղ մոտիկ են ապրում, Մորանի փողոցում։ Թե նա ինքը փոխարքայի գրասենյակի ավագ խորհրդական է, իսկ սա էլ իր կինն է։— «Դուք ինձ հիմարի տեղ մի դնեք,— շարունակում է նրանց վրա գոռալ զգեստափոխված ռեպորտյորը։— Դուք ավելի պետք է ամաչեք, եթե, ինչպես ասում եք, փոխարքայի խորհրդական եք և, չնայած դրան, ձեզ լակոտի պես եք պահում։ Ես արդեն վաղուց ձեզ հետևում եմ և տեսա, թե ինչպես ձեռնափայտով ծեծում էիք ճանապարհին հանդիպած բոլոր խանութների երկաթե փեղկերը, իսկ այդ ժամանակ ձեր, ինչպես դուք ասում եք, կինը ձեզ օգնում էր»։ «Բայց չէ՞ որ, ինչպես տեսնում եք, ես ձեռքիս ոչ մի ձեռնափայտ չունեմ։ Երևի մեզնից առաջ անցած մի ուրիշն է արել»։ — «Իսկ ինչպե՞ս կարող էր ձեր ձեռքին ձեռնափայտը լինել,— պատասխանում է զգեստափոխված ռեպորտյորը,— երբ դուք, ա՛յ, այն անկյունում, ինչպես ես աչքովս տեսա, ձեռնափայտը ջարդուփշուր արիք այն պառավի գլխին, որը տապակած կարտոֆիլ ու շագանակ է տանում պանդոկները»։ Տիկինը ի վիճակի չի լինում նույնիսկ լաց լինելու, իսկ պարոն խորհրդականն այնպես է գազազում, որ սկսում է նրան կոպտության մեջ մեղադրել, որից հետո ձերբակալվում է և հանձնվում Սալմովի փողոցում գտնվող ոստիկանական կոմիսարիատի ամենամոտիկ պարեկին։ Զգեստափոխված ռեպորտյորը պատվիրում է այդ զույգին տանել կոմիսարիատ, պարեկին ասելով, թե իբր ինքը գնում է Սուրբ Ինջրիխ և Վինոդրագի էր եկել պաշտոնական գործով։ Թե նրանք երկուսն էլ խախտել են գիշերային լռությունն ու հանգիստը և մասնակցել գիշերային տուրուդմփոցի և, բացի դրանից, ոստիկանությանը վիրավորանք հասցրել։ Թե ինքը շտապում է, Սուրբ Ինջրիխի կոմիսարիատում գործ ունի, իսկ մի ժամից կվերադառնա Սալմով փողոցի կոմիսարիատը։