Выбрать главу

Այդպիսով, պարեկը երկուսին էլ քարշ է տալիս-տանում։ Նրանք նստում են մինչև առավոտ, սպասելով սարսափելի վախմիստրին, որն այդ միջոցին շրջանց ճանապարհով հասնում է Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկը, արթնացնում ավագ վախմիստր Հուբիչկային, անուշի կապելով նրան ամեն ինչ պատմում և գլխի գցում, որ եթե նա լեզուն իրեն չքաշի՝ կարող է մեծ գործ բացվել։

Պորուչիկ Լուկաշն, ըստ երևույթին, այդ խոսակցությունից հոգնել էր։ Ցանկանալով հասնել առաջապահին, նա ձին վարգով քշելուց առաջ Շվեյկին ասաց.

— Եթե մտադիր եք մինչև երեկո խոսել, ապա այդ զբաղմունքը ժամը ժամի վրա ավելի ու ավելի տխմար կդառնա։

— Պարո՛ն օբեր-լեյտենանտ,— հեռացող պորուչիկի հետևից ձայն տվեց Շվեյկը,— չե՞ք ուզում իմանալ, թե դա ինչով վերջացավ։

Պորուչիկ Լուկաշը քառարշավ առաջ սլացավ։

Պոդպորուչիկ Դուբն այնքան էր ապաքինվել, որ կարողացավ սանիտարական սայլակից ցած իջնել, վաշտի ամբողջ շտաբն հավաքեց իր շուրջը և, կարծես կիսարթուն, սկսեց խրատել։ Նա հավաքվածներին դիմեց մի չափազանց երկար ճառով, որը նրանց ավելի ծանր էր թվում, քան հանդերձանքն ու հրացանը։

Դա զանազան խրատների մի փունջ էր։ Նա սկսեց այսպես․

— Պարոն սպաների նկատմամբ զինվորների տածած սերը հնարավոր է դարձնում կատարել անհավատալի զոհաբերություններ, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ սերը լինի բնատուր։ Նույնիսկ ընդհակառակը, եթե զինվորը բնատուր սեր չունի, ապա հարկավոր է հարկադրել, որ ունենա։ Քաղաքացիական կյանքում հարկադրական սերը, ասենք, դպրոցականի սերը ուսուցչական անձնակազմի նկատմամբ, տևում է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդ սերն հարուցող արտաքին ազդակը։ Զինվորական ծառայության մեջ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, քանի որ սպան իրավունք չունի թույլ տալու ոչ իրեն, ոչ էլ զինվորին, որ որևէ չափով նվազի այդ սերը, որը զինվորին կապում է իր պետի հետ։ Դա սովորական սեր չէ, դա, իսկապես ասած, հարգանք է, վախ և կարգապահություն։