Ոստիկանական վարչությունում բարոնահու կատարած հարցուփորձից, ի վերջո, պարզվել էր, որ այդ զինվորի ազգանունը Շվեյկ է։ Դրանից հետո գտնելն այլևս դժվար չէր։
Հետն առնելով իր ընկերակցուհուն ու սենեկասպասավորին և վերջինիս ձեռքը մի զամբյուղ տալով, բարոնուհին գնաց Գրադչանիի զինվորական հոսպիտալը։
Խեղճ բարոնուհին պատկերացում իսկ չուներ, թե ինչ ասել է պառկել բանտին կից հոսպիտալում։ Բարոնուհու այցետոմսը նրա առաջ բացեց բանտի դռները։ Գրասենյակում նրա նկատմամբ բոլորը չափազանց սիրալիր էին։ Դեռ հինգ րոպե չանցած նա արդեն զիտեր, որ der brave Soldat![13] Շվեյկը, որի մասին հարցուփորձ էր անում, պառկած է երրորդ բարաքում, № 17 մահճակի վրա։ Բարոնուհուն առաջնորդում էր բժիշկ Գրյունշտայնն ինքը, որն ուղղակի շշմել էր այդ անակնկալ այցելությունից։
Շվեյկը նոր էր վերադարձել բժիշկ Գրյունշտայնի նշանակած ամենօրյա սովորական բուժաշարից ու նստած էր իր մահճակի վրա, շրջապատված սաստիկ նիհարած և քաղցից ուժասպառ այն սիմուլյանտներով, որոնք մինչև հիմա անձնատուր չէին եղել և համառորեն շարունակում էին մաքառել բժիշկ Գրյունշտայնի դիետայի դեմ։
Եթե մեկնումեկը լսեր այդ ընկերախմբի խոսակցությունը, պիտի կարծեր, թե գտնվում է խոհարարագիտական, բարձրագույն դպրոցի պատկանող խոհարարների շրջանում և կամ գաստրոնոմիական խանութների գործակատարների դասընթացներում։
– Խոզի ամենահասարակ խորխոզին էլ պետք տաք֊տաք ուտել,– ասում էր այն հիվանդը, որին այստեղ բուժում էին «ստամոքսի անբուժելի կատառ» հիվանդությունից։– Երբ ճարպն սկսում է ճթճթալ, լավ ճզմիր, վրան աղ ու պղպեղ ցանիր, և նրան սագի ոչ մի խորխոզի չի հասնի։
– Սագի խորխոզու մասին այդպիսի բան չասեք,– ասաց այն հիվանդը, որ ստամոքսի ռակ ուներ։– Սագի խորխոզուց լավ բան չկա։ Ա՜խր ձեր այդ խոզաճարպի խորխոզին նրա առաջ ի՞նչ է որ։ Սագի խորխոզին, իհարկե, պետք է այնքան տապակել, մինչև որ ոսկու գույն ստանա։ Հրեաներն այդպես են անում, վերցնում են չաղ սագ, մաշկի ճարպը պոկում ու տապակում։
– Իմ կարծիքով, խոզի խորխոզու հարցում դուք սխալվում եք,– ասաց Շվեյկի կողքին պառկած հիվանդը։– Խոսքս, իհարկե, տանու խոզի ճարպից պատրաստած խորխոզու մասին է։ Նա այդպես էլ կոչվում է – տանու խորխոզի։ Խորխոզին պետք է ո՛չ դարչնագույն լինի, ո՛չ դեղին, այլ այդ երկու նրբերանգների միջին գույնն ունենա։ Տանու խորխոզին պետք է ոչ շատ կոշտ լինի, ոչ շատ փափուկ։ Չպիտի խրթխրթա։ Որ խրթխրթաց, կնշանակե չափից ավելի է տապակած։ Խորխոզին մարդու բերանի մեջ պետք է հալվի… բայց այդ ժամանակ մարդ չպիտի զգա, որ ճարպը կզակի վրայով ցած է ծորում։
– Իսկ ձեզնից ո՞վ է ձիաճարպի խորխոզի կերել,– լսվեց ինչ-որ մեկի ձայնը, սակայն ոչ ոք չպատասխանեց, որովհետև այդ պահին վազեվազ ներս ընկավ բուժակը.
– Անցնել մահճակների վրա։ Այստեղ է գալիս մեծ իշխանուհին։ Ձեր կեղտոտ ոտքերը չցուցադրեք վերմակների տակից։
Մեծ իշխանուհին անգամ չէր կարող ներս մտնել այնպիսի շուքով, ինչպես ներս մտավ բարոնուհի ֆոն Բոցենհայմը։ Նրան հետևում էր մի մեծ թափոր, այդտեղ էր և հոսպիտալի հաշվապահը, որն այդ այցելության մեջ տեսնում էր ռևիզիայի գաղտնի մեքենայություններ, մի ռևիզիա, որը կարող էր թիկունքի եկամտաբեր տեղից նրան նետել շրապնելների բերանը, առաջավոր դիրքերի լարափակոցների մոտ։ Նա սփրթնած էր։ Էլ ավելի սփրթնած էր դոկտոր Գրյունշտայնը։ Նրա աչքերի առաջ վետվետում էին պառավ բարոնուհու «գեներալի այրի» տիտղոսը կրող փոքրիկ այցետոմսը և այն ամենը,– ինչ կապված էր այդ այցետոմսի հետ, այսինքն՝ ծանոթություններ, հովանավորություններ, բողոքներ, ռազմաճակատ փոխադրելու վտանգ և այլ ահավոր բաներ։
– Ահավասիկ Շվեյկը,– շինծ ու հանգստությամբ ասաց բժիշկը, բարոնուհի ֆոն Բոցենհայմին տանելով Շվեյկի մահճակի մոտ։– Մեծ համբերությամբ ամեն ինչի դիմանում է։
Բարոնուհի ֆոն Բոցենհայմը նստեք Շվեյկի մահճակի մոտ դրված աթոռին և ասաց.
– Չեհ զինհոր, լավ զինհոր, հաշմանդամ զինհոր, կաջարի զինհոր։ Ես շատ սիրեցիր չեհ ավստրիացին։– Ասում էր ու շոյում Շվեյկի չսափրված դեմքը։– Ես ամեն ինչ կարդացիր տերտում, ես ձեզ բերեցիր ուտել – «փա՛, փա՛», ծխել, ծծել… Չեհ զինհոր, կաջարի՛ զինհոր Johann, kommen sie her![14]
Սենեկասպասավորը, որ իր փրչոտ այտամորուսներով նման էր Բաբինսկուն, քաշեքաշ անկողնուն մոտեցրեց մի վիթխարի զամբյուղ։ Բարոնուհու ընկերակցուհին, լացակումած դեմքով, բարձրահասակ մի կին, նստեց Շվեյկի անկողնու վրա և սկսեց նրա մեջքի տակ ուղղել ծղոտով լցված բարձը, այն հաստատ համոզմամբ, թե վիրավոր հերոսների անկողնու մոտ գտնվելիս պետք է այդպես վարվել։
Այդ միջոցին բարոնուհին զամբյուղից հանում էր նվերները. մի դյուժին տապակած ճտեր՝ փաթաթած ծխախոտի վարդագույն թղթի մեջ և մետաքսյա սևադեղին ժապավենով կապած, երկու շիշ ռազմական արտադրության ինչ որ տեսակի լիկյոր՝ «Gott strafe England»[15] պիտակով։ Շշշի մյուս կողմի պիտակի վրա նկարված էին Ֆրանց Իոսիֆն ու Վիլհելմը, որ իրար ձեռք էին բռնել, ասես մանկական «հոպ զիլինա» խաղն էին խաղում։