Շվեյկն այդ ամբողջ ժամանակ քայլում էր սանիտարական սայլակի ձախ կողքից, և քանի դեռ պոդպորուչիկ Դուբը խոսում էր՝ գլուխը դարձրել էր դեպի նրա կողմը, կատարելով «աջ հավասարում»։
Պոդպորուչիկ Դուբը սկզբում այդ բանը չնկատեց և շարունակեց իր ճառը․
— Այդ կարգապահությունը և հնազանդվելու պարտականությունը, սպայի նկատմամբ զինվորի տածած պարտադիր սերը կարելի է արտահայտել շատ կարճ։ Քանի որ զինվորի և սպայի հարաբերությունները բարդ չեն․ մեկը հնազանդվում է, մյուսը՝ հնազանդեցնում։ Մենք արդեն վաղուց գրքերից գիտենք ռազմական արվեստը, գիտենք, որ զինվորական լակոնիզմը, զինվորական պարզությունը այն առաքինություններն են, որ պետք է յուրացնի իր պետին կամա թե ակամա սիրող զինվորը։ Պետը նրա աչքին պետք է լինի անսասան և զորեղ կամքի մեծագույն, ավարտուն, բյուրեղացած տիպար։
Եվ միայն հիմա պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն աննդհատ նրան է նայում և «աջ հավասարում» կատարում։ Դա նրա համար շատ տհաճ էր, քանի որ հանկարծ զգաց, որ իր ճառի մեջ խճճվել է և չի կարողանում դուրս գալ պետի նկատմամբ զինվորի տածած սիրո արխից, և այդ պատճառով Շվեյկի վրա գոռաց․
— Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել նոր դարբաս տեսած ոչխարի պես։
— Ես դա անում եմ համաձայն ձեր հրամանի, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի անգամ դուք ինքներդ բարեհաճեցիք իմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ երբ դուք խոսում եք՝ ես պարտավոր եմ աչքս չկտրել ձեր բերանից։ Քանի որ ամեն մի զինվոր պարտավոր է պետի հրամանները սրբորեն կատարել և իր ամբողջ կյանքում հիշել, ապա ստիպված էի այդպես վարվել։
— Ուրի՛շ կողմ նայիր,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— և չհամարձակվես ինձ նայել, հիմար։ Գիտես, որ ես այդ բանը չեմ սիրում և տխմար ռեխդ տանել չեմ կարողանում։ Ես դեռ քո մերը կլացացնեմ։
Շվեյկը «ձախ հավասարում» կատարեց և, կարծես քարանալով, շարունակեց քայլել պոդպորուչիկ Դուբի կողքից։
Պոդպորուչիկ Դուբը չդիմացավ.
— Այդ ո՞ւր ես նայում, երբ քեզ հետ խոսում եմ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեր հրամանի համաձայն ես «ձախ հավասարում» կատարեցի։
— Ա՜խ,— հառաչեց պոդպորուչիկ Դուբը,— իսկական պատիժ ես իմ գլխին։ Ուղիղ առջևդ նայիր և մտածիր. «Ես այնպիսի հիմար մարդ եմ, որ կորցնելու բան չունեմ»։ Հասկացա՞ր։
Շվեյկն իր առջևը նայելով՝ ասաց.
― Թույլ տվեք հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, արդյոք պարտավո՞ր եմ այդ հարցին պատասխանել։
— Ինչպե՞ս ես համարձակվում,— բղավեց պոդպորուչիկ Դուբը։— Ինչպե՞ս ես ինձ հետ խոսում։ Ի՞նչ նկատի ունեիր այդ ասելիս։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նկատի ունեի կայարաններից մեկում ձեր տված այն հրամանը, թե ես առհասարակ չպետք է պատասխանեմ, եթե նույնիսկ ձեր խոսքը վերջացրած լինեք։
— Ուրեմն ինձնից վախենո՜ւմ ես,— ուրախացավ պոդպորուչիկ Դուբը։— Բայց ինձ դեռ լավ չճանաչեցիր։ Իմացած եղիր, որ քեզ նմանները չեն առաջս դողացել։ Ես ավելի թունդ ղոչիներ եմ խեղճացրել։ Լռիր և ետևից քայլիր, որ քեզ չտեսնեմ։
Շվեյկը ետ մնաց և միացավ սանիտարներին։ Այստեղ նա հարմարորեն տեղավորվեց երկանիվ սայլակի մեջ և այդպես էլ հասավ դադարքի վայրը, որտեղ վերջապես բոլորը սուպ ստացան և արժանացան չարաբաստիկ կովի մսին։
— Այդ կովին առնվազն երկու շաբաթ պետք է թթու դնեին, իսկ եթե ոչ կովին, ապա գոնե նրան գնողներին,— ասաց Շվեյկը։
Բրիգադից սրարշավ մի հանձնակատար եկավ, բերելով տասնմեկերորդ վաշտին ուղղված մի նոր հրաման, թե մարշրուտը փոխված է. պետք է գնալ Ֆելդշտայն, Վորալիչեն ու Սամբորը շրջանցել, քանի որ Սամբորում վաշտը տեղավորել հնարավոր չէ, որովհետև այնտեղ արդեն երկու պոզնանյան գնդեր կան։
Պորուչիկ Լուկաշը կարգադրեց, որ ավագ գրագիր Վանեկը և Շվեյկը Ֆելդշտայնում վաշտի համար օթևաններ գտնեն։
— Միայն թե, Շվեյկ, ճանապարհին նորից մի օյին չխաղաք,― նախազգուշացրեց պորուչիկ Լուկաշը։― Գլխավորն այն է, որ տեղի բնակիչների հետ ավելի լավ վարվեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կաշխատեմ։ Այսօր, երբ լուսաբացին մի քիչ քունս տարել էր, մի զզվելի երազ տեսա։ Տեսա մի տաշտ, որի միջի ջուրն ամբողջ գիշերը կաթկթում ու լցվում էր այն տան միջանցքը, որտեղ ես ապրում էի, այնքան կաթկթեց, մինչև որ վերջացավ։ Տնատիրոջ առաստաղը ջուր էր դարձել, և նա նույն օրն առավոտյան ինձ բնակարանից դուրս արեց։ Իրականում ճիշտ այդպիսի մի դեպք, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ պատահեց Կառլինում, Վիադուկի հետևում․․․
— Հանգիստ թողեք մեզ, Շվեյկ, ձեր հիմար պատմություններով, և ավելի լավ կլինի Վանեկի հետ նայեք քարտեզը և տեսնեք, թե ուր եք գնալու։ Ահա տեսնո՞ւմ եք այս գյուղը։ Այստեղից կթեքվեք աջ, դեպի գետակը, և գետի երկայնքով կգնաք ու կհասնեք մոտակա գյուղը։ Գետի մեջ թափվող առաջին գետակի երկայնքով (դա կլինի ձեր աջ թևում) գյուղամիջյան ճանապարհով կբարձրանաք ուղիղ դեպի հյուսիս։ Այստեղ անհնար է մոլորվել։ Դուք Ֆելդշտայնից բացի ուրիշ տեղ չեք ընկնի։ Միտներդ պահեցի՞ք։