Շվեյկն ու ավագ գրագիր Վանեկը ճանապարհ ընկան ըստ այդ մարշրուտի։
Կեսօրն անց էր։ Տոթ։ Հողը ծանր էր շնչում։ Զինվորների լավ չծածկված գերեզմաններից դիակի հոտ էր փչում։
Նրանք հասան այն վայրը, որտեղ մարտեր էին մղվել Պերեմիշլի վրա հարձակվելիս։ Այդտեղ գնդացիրներն ամբողջ գումարտակներ էին հնձել։
Գետափնյա անտառակները վկայախոսում էին հրետանային փոթորկալի կրակի մասին։ Ամենուրեք, լայնատարած տափարակներում ու սարալանջերին, ծառերի փոխարեն հողի միջից դուրս էին ցցված ինչ-որ կոճղակտորներ, և այդ ամբողջ անապատը կտրատված էր խրամատներով։
— Այստեղ բոլորովին այլ պեյզաժ է, քան Պրագայի մոտ,— ասաց Շվեյկը պարզապես լռությունը խզած լինելու համար։
― Մեզ մոտ հունձն արդեն սկսել են,— հիշեց ավագ գրագիր Վանեկը։— Կրալուպիի շրջանում հունձը բոլորից շուտ են սկսում։
— Պատերազմից հետո այստեղ լավ բերք կլինի,— փոքր-ինչ լռելուց հետո ասաց Շվեյկը։— Ոսկրալյուր գնելու կարիք չի զգացվի։ Գյուղացիների համար շատ ձեռնտու է, որ նրանց դաշտերում փտի մի ամբողջ գունդ։ Կարճ ասած, դա նրանց համար հաց է։ Ինձ միայն այն է անհանգստացնում, որ չլինի թե այդ գյուղացիները խաբվեն և զինվորների այս ոսկորները մուֆթա ծախեն շաքարի գործարանին՝ ոսկրածուխ պատրաստելու համար։ Կառլինի զորանոցներում Գոլուբ ազգանունով մի օբեր-լեյտենանտ կար։ Այնքան ուսյալ մարդ էր, որ վաշտում նրան հիմար էին համարում, որովհետև իր ուսյալության պատճառով զինվորներին հայհոյել չսովորեց և ամեն ինչի մասին դատում էր գիտական տեսակետից։ Մի անգամ զինվորները նրան զեկուցեցին, թե տրված հացը ուտել չի լինի։ Այդ հանդգնությունը մի ուրիշ սպայի կզայրացներ, իսկ նա՝ չէ, իրեն հանգիստ պահեց, ոչ ոքի նույնիսկ խոզ կամ, ասենք, կեղտոտ խոզ չանվանեց, ոչ ոքի ռեխին չհասցրեց։ Միայն հավաքեց բոլոր զինվորներին և իր դուրեկան ձայնով ասաց․ «Զինվորնե՛ր, դուք ամենից առաջ պետք է գիտակցեք, որ զորանոցը գաստրոնոմիական խանութ չէ, որտեղ կարող եք ձեզ համար թթու դրած օձաձուկ, սարդիններ ու բուտերբրոդներ ընտրել։ Յուրաքանչյուր զինվոր այնքան խելք պիտի ունենա, որ անտրտունջ ուտի ինչ տալիս են, և այնքան կարգապահ պիտի լինի, որ երկար-բարակ չմտածի այն ամենի որակի մասին, որ նրան տալիս են ուտելու։ Պատկերացրեք, որ պատերազմ է։ Այն հողի համար, որի մեջ մեզ թաղում են կռվից հետո, բոլորովին նշանակություն չունի, թե դուք կռվից առաջ ինչպիսի հաց եք կերել։ Նա, մայր հողը, ձեզ կքայքայի և կխժռի ձեր կոշիկներով հանդերձ։ Տիեզերքում ոչինչ չի կորչում։ Զեզնից, զինվորնե՛ր, հաց կաճի, որով նոր զինվորներ կկերակրեն։ Իսկ նրանք էլ, թերևս, ձեզ պես միշտ դժգոհ կլինեն, կգանգատվեն և մի այնպիսի պետի ձեռք կընկնեն, որը, քանի որ իրավունք ունի, նրանց կձերբակալի և այնպիսի ծակ կխոթի, որ փոշման մնան։ Այսպիսով, ես ձեզ, զինվորնե՛ր, ամեն ինչ լավ բացատրեցի և այլևս չեմ կրկնի։ Սրանից հետո ով որ գանգատվի, այնպես կփոշմանի, որ նույնիսկ երկրորդ անգամ աշխարհ գալիս ասածս չի մոռանա»։— «Գոնե մի անգամ մեզ հայհոյեր»,— ասում էին զինվորները, որովհետև պարոն օբեր-լեյտենանտի դասախոսությունների նրբանկատությունները նրանց զահլան տարել էր։ Մի անգամ ամբողջ վաշտի կողմից ինձ ներկայացուցիչ ընտրեցին։ Ես նրան պիտի ասեի, թե բոլորը նրան սիրում են, բայց զինվորական ծառայությունը ծառայություն չէ, եթե մարդու չեն հայհոյում։ Գնացի նրա բնակարանը և խնդրեցի, որ նա չքաշվի․ զինվորական ծառայությունը, ասացի, դաժան բան է, զինվորները սովորել են, որ ամեն օր նրանց հիշեցնեն, թե նրանք խոզեր ու շներ են, այլապես նրանք կկորցնեն պետերի նատմամբ ունեցած հարգանքը։ Սկզբում նա չեմուչում արեց, ինչ-որ բան ասաց իր ինտելիգենտության մասին, ասաց, թե հիմա այլևս չի կարելի ծառայել մահակի ահից դրդված։ Վերջապես ես նրան համոզեցի։ Նա ինձ մի ապտակ հասցրեց և, իր հեղինակությունը բարձրացնելու համար, դռնից դուրս շպրտեց։ Երբ ես բանակցություններիս արդյունքները հաղորդեցի, բոլորը շատ ուրախացան, բայց նա հենց հաջորդ օրը նրանց ուրախությունը հարամ արեց. մոտեցավ ինձ և բոլորի ներկայությամբ ասաց․ «Շվեյկ, երեկ ես ձեզ հետ անմիտ վարվեցի. ահա ձեզ մի գուլդեն, տարեք և խմեցեք իմ կենացը։ Զինվորների հետ պետք է վարվել իմանալ»։
Շվեյկը շուրջը նայեց։
— Ինձ թվում է, մենք ճիշտ չենք գնում։ Ախր պարոն օբեր-լեյտենանտը մեզ այնպես լավ բացատրեց։ Մենք պետք է բարձրանանք, իջնենք, հետո գնանք դեպի աջ և դեպի ձախ, հետո նորից դեպի աջ, հետո՝ դեպի ձախ, իսկ մենք շարունակ ուղիղ ենք գնում։ Կամ գուցե մենք այդ բոլորն արել ենք, բայց խոսակցությամբ տարված չենք նկատել․․․ Ես իմ առաջ պարզորոշ տեսնում եմ Ֆելդշտայն տանող երկու ճանապարհ։ Ես կառաջարկեի հիմա գնալ ահա այս ճանապարհով, դեպի ձախ։
Ինչպես սովորաբար լինում է, երբ երկու հոգի հասնում են խաչմերուկի, ավագ գրագիր Վանեկը սկսեց պնդել, թե պետք է գնալ դեպի աջ։
― Իմ ճանապարհը,— ասաց Շվեյկը,— ավելի հարմար է, քան ձերը։ Ես կքայլեմ գետակի երկայնքով, որտեղ անմոռուկներ են աճում, իսկ դուք պետք է քայլեք խանձված հողի վրայով։ Ես համամիտ եմ պարոն օբեր-լեյտենանտի ասածին, այսինքն որ մենք չենք կարող մոլորվել, իսկ քանի որ չենք կարող մոլորվել, էլ ինչի՞ համար ինչ-որ սար բարձրանամ։ Հանգիստ կքայլեմ մարգագետինների միջով, գլխարկիս մի ծաղիկ կխրեմ և օբեր-լեյտենանտի համար ծաղկեփունջ կքաղեմ։ Ասենք, հետո կերևա, թե մեզնից ով է իրավացի։ Հուսով եմ, որ կբաժանվենք որպես լավ ընկերներ։ Սա այնպիսի տեղ է, որ բոլոր ճանապարհները պետք է տանեն Ֆելդշտայն։