Նա երգում էր հետզհետե ավելի ու ավելի կամաց, հետո՝ հազիվ լսելի, ի վերջո բոլորովին պապանձվեց՝ անշարժացած հաչացքը հառած հայտարարությունների մեծածավալ էջին, և դրանով Շվեյկին հնարավորություն ընձեռնեց պատմելու իր ձախորդությունները, թեև այդ անելու համար գերմաներենի իր համեստ գիտելիքները նրան հազիվ էին բավականացնում։
Շվեյկն սկսեց այն բանից, թե նա, այնուամենայնիվ, իրավացի էր եղել՝ ընտրելով գետակի երկայնքով Ֆելդշտայն տանող ճանապարհը, և մեղավոր չէ, որ մի անհայտ ռուս զինվոր կարողացել է գերությունից փախչել և լողանալ այն լճակում, որի մոտով պետք է անցներ նա, Շվեյկը, որը, որպես զորաբնակարանապետ, պարտավոր էր գտնել Ֆելդշտայնի ամենակարճ ճանապարհը։ Ռուսը նրան տեսնելուն պես փախավ, իր համազգեստը թողնելով թփերի մեջ։ Նա, Շվեյկը, շատ անգամ էր լսել, որ նույնիսկ առաջավոր դիրքերում, օրինակ հետախուզության նպատակներով, հաճախ օգտագործում են զոհված հակառակորդի համազգեստը, այդ պատճառով էլ լքված համազգեստը չափսափորձ արեց, որպեսզի տեսներ, թե համանման հանգամանքներում իրեն ինչպես կզգա ուրիշի համազգեստի մեջ։
Իր այդ սխալը բացատրելուց հետո Շվեյկը տեսավ, որ բոլորովին իզուր է խոսել, գրագիրը քնել էր ավելի վաղ, քան ճանապարհը Շվեյկին կհասցներ լճակը։ Շվեյկը մոտեցավ նրան և ձեռքը կամացուկ դիպցրեց ուսին, իսկ դա միանգամայն բավական էր, որպեսզի գրագիր-ֆելդֆեբելը աթոռի վրայից գլորվեր գետին և շարունակեր հանգիստ քնել։
— Կներեք, պարոն գրագիր,— ասաց Շվեյկը, պատիվ տվեց և դուրս եկավ։
Վաղ առավոտյան ռազմա-ինժեներական վարչությունը դիսպոզիցիան փոխեց, և որոշվեց գերիների այն խմբին, որի մեջ գտնվում էր Շվեյկը, ուղարկել ուղղակի Պերեմիշլ՝ Պերեմիշլ — Լյուբաչուվ երկաթուղագիծը վերականգնելու։
Ամեն ինչ մնաց առաջվա պես։ Շվեյկը ռուս գերիների մեջ շարունակում էր իր ոդիսականը։ Հունգարացի ուղեկցորդ պահակներն ավելի ու ավելի արագ տեմպով բոլորին առաջ էին քշում։
Գյուղերից մեկում դադար առնելիս գերիները պատահեցին մի գումակային զորաբաժնի։ Մի սպա, սայլերի մոտ կանգնած, նայում էր գերիներին, Շվեյկը դուրս պրծավ շարքից, ձիգ եկավ սպայի առաջ և գոռաց․ «Herr Leutnant, ich melde gehorsam!»։
Սակայն ավելին ասել չկարողացավ, քանի որ հենց այդ ժամանակ երկու հունգարացի զինվորներ նետվեցին նրա վրա և, մեջքին հարվածներ տեղալով, ետ շպրտեցին դեպի գերիների խումբը։
Սպան նրա հետևից շպրտեց սիգարետի ծխուկը, որը վերցրեց մի ուրիշ գերի և սկսեց ծխել։ Դրանից հետո սպան իր կողքին կանգնած կապրալին սկսեց բացատրել, թե Ռուսաստանում գաղութաբնակ գերմանացիներ կան և թե նրանք ևս պարտավոր են կռվել։
Այնուհետև մինչև Պերեմիշլ հասնելը Շվեյկը ոչ մի հարմար առիթ չունեցավ բողոքելու և պատմելու, որ ինքը, իսկապես ասած, Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատարն է։ Այդպիսի առիթ ներկայացավ միայն Պերեմիշլում, երբ երեկոյան նրանց քշեցին բերդի ներքին գոտու ավերված ամրոցը, որտեղ գտնվում էին բերդի հրետանու ձիերի ախոռները։
Այնտեղ գետնին փռած ծղոտի մեջ այնքան ոջիլներ կային, որ հեշտությամբ բարձրացնում էին նրա կարճլիկ ցողունները։ Թվում էր, թե դրանք ոջիլներ չեն, այլ մրջյուններ, որոնք շինանյութ են կրում իրենց մրջնանոցի կառուցման համար։
Այնտեղ գերիներին միայն ցիկորիից պատրաստած մի քիչ սև խառնաջուր և մի-մի կտոր եգիպտացորենի քարթու հաց տվին։
Այնուհետև նրանց ընդունեց մայոր Վոլֆը, որն այն ժամանակ Պերեմիշլի բերդում և նրա շրջակայքում վերականգնողական աշխատանքով զբաղված բոլոր գերիների տերն ու տիրականն էր։ Վոլֆը հույժ ծանրաբարո մարդ էր։ Նա ուներ թարգմանիչների մի ամբողջ շտաբ, որոնք գերիների միջից շինարար մասնագետներ էին ընտրում ըստ նրանց ընդունակությունների և կրթության։
Մայոր Վոլֆը հաստատ համոզված էր, թե ռուս գերիները դիտմամբ իրենց հիմարի տեղ են դնում, քանզի լինում էին դեպքեր, երբ նրա այն հարցին, թե՝ «Կարողանո՞ւմ ես երկաթուղագիծ կառուցել», բոլոր գերիները տալիս էին հետևյալ նույնանման պատասխանը․ «Ոչինչ չգիտեմ, ոչ մի այդպիսի բան չեմ լսել, ապրել եմ ազնվաբար»։
Երբ գերիները շարք կանգնեցին մայոր Վոլֆի և նրա ամբողջ շտաբի առաջ, մայորը գերմաներեն հարցրեց, թե նրանցից ով գիտե գերմաներեն լեզուն։
Շվեյկը համարձակ առաջ եկավ, ձիգ կանգնեց մայորի առաջ, պատիվ տվեց և զեկուցեց, թե գերմաներեն խոսել գիտե։
Մայոր Վոլֆը, ակնհայտորեն գոհ, իսկույն Շվեյկին հարցրեց, թե հո ինժեներ չէ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— ես ինժեներ չեմ, բայց Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատարն եմ։ Գերի եմ ընկել մերոնց ձեռքը։ Դա, պարոն մայոր, այսպես եղավ․․․
— Ի՞նչ,— ծղրտաց Վոլֆը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, դեպքն այսպես պատահեց․․․