— Դուք չե՞խ եք,— չէր հանդարտվում մայոր Վոլֆը,— Դուք ձեր հագուստը փոխել, ռուսական համազգե՞ստ եք հագել։
— Ճիշտ այդպես, պարոն մայոր, հենց այդպես է եղել։ Սրտանց ուրախ եմ, որ պարոն մայորն իսկույն մտավ իմ դրության մեջ։ Գուցե մերոնք արդեն որևէ տեղ կռվում են, իսկ ես այստեղ ամբողջ պատերազմի ընթացքում պետք է իզուր ժամանակ վատնեմ։ Թույլ տվեք, պարոն մայոր, մի անգամ էլ կարգով բացատրել, թե բանն ինչպես եղավ։
— Բավական է,— կտրուկ վրա բերեց մայոր Վոլֆը, կանչեց երկու զինվորների և հրամայեց՝ անմիջապես նրան հաուպտվախտ տանել։ Իսկ ինքը մի սպայի հետ դանդաղ քայլում էր Շվեյկի հետևից և խոսելիս կատաղաբար ձեռքերը թափահարում։ Յուրաքանչյուր ֆրազի մեջ նա հիշատակում էր «չեխ շներին»։ Երկրորդ սպան զգում էր, որ մայորն իրեն անասելի երջանիկ է համարում, որ իր խորաթափանցության շնորհիվ հաջողվել է այդ սրիկաներից մեկին բռնել։ Արդեն շատ ամիսներ շարունակ զորամասերի հրամանատարներին գաղտնի շրջաբերականներ էին ուղարկվում չեխական գնդերից թշնամու կողմն անցած մի քանի անձանց արտասահմանյան դավաճանական գործունեության մասին։ Հաստատված էր, որ այդ փախստականները, իրենց երդումը մոռացած, մտնում են ռուսաց բանակի շարքերը և ծառայում թշնամուն, նրան շատ արժեքավոր, հատկապես լրտեսական, ծառայություններ մատուցելով։
Այն հարցում, թե որտեղ է գտնվում փախստականների մարտական կազմակերպությունից որևէ մեկը, Ավստրիայի ներքին գործոց մինիստրությունը գործում էր խարխափելով։ Նա դեռ ոչ մի որոշակի բան չգիտեր արտասահմանում գործող հեղափոխական կազմակերպությունների մասին, և միայն օգոստոս ամսին, գտնվելով Սոկալ-Միլյատին-Բուբնովո գծում, գումարտակների հրամանատարները գաղտնի շրջաբերականներ էին ստացել, թե նախկին ավստրիացի պրոֆեսոր Մասարիկը փախել է արտասահման և այնտեղ Ավստրիայի դեմ պրոպագանդ է մղում։ Դիվիզիայի շտաբում ինչ-որ ապուշ շրջաբերականը լրացրել էր հետևյալ հրամանով․ «Բռնելու դեպքում անհապաղ բերել շտաբ»։
Մայոր Վոլֆն այն ժամանակ դեռ գաղափար չուներ, թե Ավստրիայի դեմ ինչ են նյութում փախստականները, որոնք հետագայում Կիևում և այլ վայրերում իրար հանդիպելիս այն հարցին, թե՝ «Այստեղ ի՞նչ ես անում», ուրախ-ուրախ պատասխանում էին․ «Դավաճանում եմ թագավոր կայսրին»։
Այդ շրջաբերականներից Վոլֆը տեղեկություն ուներ միայն փախստակ-լրտեսների մասին, որոնցից մեկը, այսինքն նա, ում հաուպտվախտ են տանում, այնպես հեշտ ընկավ իր ծուղակը։ Մայոր Վոլֆը փոքր ինչ փառամոլ էր և դյուրավ պատկերացնսւմ էր, թե ինչպես բարձր հրամանատարությունից շնորհակալության և պարգև կստանա իր զգոնության, զգուշության և ընդունակությունների համար։
Նախքան հաուպտվախտ հասնելը նա ինքն իրեն հավատացրեց, թե «ո՞վ գիտե գերմաներեն լեզուն» հարցն ինքը դիտմամբ տվեց, քանզի գերիներին նայելուն պես այդ տիպն իրեն կասկածելի էր թվացել։
Մայորին ուղեկցող սպան գլխով արեց և այն միտքը հայտնեց, թե կալանավորման մասին անհրաժեշտ է հաղորդել կայազորի հրամանատարությանը՝ գործի հետագա քննության և դատապարտյալին բարձր ինստանցիայի ռազմական դատարանին հանձնելու համար։ Իսկ վարվել այնպես, ինչպես առաջարկում է մայորը, այսինքն՝ հանցագործին հարցաքննել հաուպտվախտում և անհապաղ կախել հաուպտվախտի հետևում, բնավ չի կարելի։ Նրան, իհարկե, կկախեն, սակայն օրինական ձևով, ռազմադատական օրենսգրքի համաձայն։ Կախելուց առաջ կատարվելիք հանգամանալից հարցաքննությունը թույլ կտա բացահայտել նրա կապերն իր նման այլ հանցագործների հետ։ Ո՞վ գիտե, թե այդ ժամանակ դեռ ինչեր կպարզվեն։
Հանկարծ մայոր Վոլֆի համառությունը բռնեց, նրան համակեց իր հոգու գաղտնարաններում մինչ այդ թաքնված գազանային դաժանությունը։ Նա ասաց, թե ինքը հարցաքննությունից հետո փախստակ լրտեսին անհապաղ կկախի իր պատասխանատվությամբ ու ռիսկով։ Նա կարող է այդպիսի բան անել, քանի որ բորձր ոլորտներում ծանոթություններ ունի և առհասարակ իր համար ամեն ինչ միևնույն է։ Այստեղ ռազմաճակատի պես է։ Եթե լրտեսին բռնեին և մերկացնեին ուղղակի ռազմի դաշտի մոտ, անմիջապես կհարցաքննեին ու կկախեին, և նրա նկատմամբ ավելորդ նրբանկատություն չէին ցուցաբերի։ Ի դեպ, պարոն կապիտանին հայտնի է, որ մերձռազմաճակատային գոտում յուրաքանչյուր հրամանատար, սկսած կապիտանի աստիճան ունեցողից, իրավունք ունի կախելու բոլոր կասկածելի մարդկանց։
Սակայն զինվորական աստիճանավորների լիազորություններրի հարցում մայոր Վոլֆը փոքր ինչ սխալվում էր։
Արևելյան Գալիցիայում որքան մոտենում էին ռազմաճակատին, այնքան այդ լիազորություններն անցնում էին ստորին աստիճանավորներին, և եղել էին դեպքեր, երբ, օրինակ, պահակախմբի պետ կապրալը հրամայել էր կախել տասներկու տարեկան մի տղայի, որը նրան կասկածելի էր թվացել միայն այն պատճառով, որ բնակիչներից լքված ու թալանված գյուղի մի ավերակ խրճիթում իր համար կարտոֆիլ էր խաշել։
Կապիտանի և մայորի միջև վեճը սրվում էր։
— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի բան անելու,— գրգռված գոռում էր կապիտանը։— Նրան կկախեն ռազմական դատարանի վճռի հիման վրա։
— Նա կկախվի առանց դատավճռի,— ֆշշում էր մայոր Վոլֆը։