Շվեյկը, որին տանում էին առջևից և որը սկզբից մինչև վերջ լսեց այդ հետաքրքիր խոսակցությունը, իրեն ուղեկցող պահակներին ասաց․
— Երկուսն էլ մի բան է։ Մի անգամ Լիբնեի պանդոկներից մեկում մենք չէինք կարողանում որոշել, թե այնտեղից երբ դուրս շպրտենք գլխարկակար Վաշակին, որը պարերեկույթների ժամանակ միշտ խուլիգանություն էր անում․ արդյոք հենց միանգամի՞ց, դռանը երևալուն պես, թե՞ այն բանից հետո, երբ գարեջուր պատվիրի, վճարի ու խմի․ կամ գուցե, մտածում էինք, առաջին պարադարձն անելուց հետո բռնենք ու կոշիկները հանենք։ Պանդոկապետն առաջարկում էր դուրս նետել ոչ թե երեկույթի սկզբին, այլ երբ նա լավ կերած ու խմած կլինի, թող լրիվ վճարի և իսկույն դուրս թռչի, ասում էր նա։ Իսկ գիտե՞ք այդ սրիկան ինչ օյին խաղաց մեր գլխին։ Չեկավ։ Հը՛, ի՞նչ կասեք դրան։
Երկու զինվորներն էլ, որ Տիրոլի կողմերից էին, միաբերան պատասխանեցին․ «Nix böhmisch»[6]։
— Verstehen sie deutsch?[7],— հանգիստ հարցրեց Շվեյկը։
— Jawohl![8],— պատասխանեցին նրանք երկուսով։
— Դա լավ է։— ասաց Շվեյկը,— համենայն դեպս ձերոնց մեջ չեք կորչի։
Այդպես մտերմաբար զրուցելով հասան հաուպտվախտ, որտեղ մայոր Վոլֆր շարունակեց վիճաբանությունները, թե Շվեյկին ինչ է սպասում, իսկ Շվեյկը նրանց հետևում համեստաբար նստել էր նստարանին։
Մայոր Վոլֆն ի վերջո համաձայնեց կապիտանի կարծիքին, թե այդ մարդուն պետք է կախել միայն այն երկարատև պրոցեդուրայից հետո, որն այնպես գեղեցիկ կերպով կոչվում է «օրինական ճանապարհ»։
Եթե նրանք Շվեյկին հարցնելու լինեին, թե այդ մասին նա ինքն ինչ է մտածում, ապա կասեր․ «Ես շատ եմ ափսոսում, պարոն մայոր, որ թեև դուք պարոն կապիտանից աստիճանով բարձր եք, բայց, այնուամենայնիվ, իրավացի է պարոն կապիտանը։ Ամեն մի շտապողականություն վնասակար է։ Մի անգամ Պրագայի շրջանային դատարաններից մեկում դատավորը խելագարվեց։ Երկար ժամանակ այդ բանը ոչ ոք չէր նկատում, բայց անձնական վիրավորանքի գործով վարվող մի դատաքննության ժամանակ դա ի հայտ եկավ։ Ոմն Զնամենաչեկ փողոցում հանդիպելով կապելլան Հորտիկին, որը կրոնի դասի ժամանակ նրա տղային մի ապտակ էր տվել, ասել էր․ «Ա՛խ դու, էշ, ա՛խ դու, սև հրեշ, կրոնավոր ապուշ, սև խոզ, տերտերի այծ։ Քրիստոսի ուսմունքը պղծող, երկերեսանի և փարաջավոր շառլատան»։ Խելագարված դատավորը շատ աստվածավախ մարդ էր։ Նրա երեք քույրերը տերտերների մոտ խոհարարություն էին անում, իսկ նա նրանց զավակներին կնքում էր։ Նա այնքան հուզվեց, որ հանկարծ խելքը կորցրեց ու մեղադրյալի վրա գոռաց․ «Հանուն նորին մեծություն կայսեր և թագավորի ձեզ դատապարտում եմ մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Դատավճիռը բեկման ենթակա չէ։ Պան Հորաչեկ,— դիմեց նա դատական վերակացուին,— տարեք այս պարոնին և կախեցեք այնտեղ, դե գիտեք էլի, այնտեղ, ուր գորգեր են թափ տալիս, իսկ հետո անցեք այստեղ, ստացեք ձեր ընծայափողը»։ Ինքնին հասկանալի է, պան Զնամենաչեկն ու վերակացուն զարմանքից քար կտրեցին, բայց դատավորը ոտքը խփեց գետնին ու գոռաց․ «Պիտի ենթարկվե՞ք թե ոչ»։
Այդ ժամանակ վերակացուն այնպես վախեցավ, որ պան Զնամենաչեկին քարշ տվեց ներքև, և եթե չլիներ փաստաբանը, որը մեջ ընկավ ու շտապ օգնություն կանչեց, չգիտեմ Զնամենաչեկիս վերջն ինչ կլիներ։ Դատավորին արդեն մտցրել էին շտապ օգնության կառեթի մեջ, բայց նա դեռ գոռում էր․ «Եթե պարան չգտնենք, կախեցեք սավանով, որի արժեքը հետո հաշվի կառնենք կիսամյակային հաշվետվության մեջ»։
Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայազորի պարեկատուն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ստորագրեց մայոր Վոլֆի կազմած արձանագրությունը, թե նա, ավստրիական բանակի զինվորը, գիտակցաբար և առանց որևէ մեկի ճնշման ռուսական համազգեստ է հագել և ռուսների նահանջից հետո դաշտային ժանդարմերիայի կողմից բռնվել ռազմաճակատային գծի այս կողմում։
Այդ բոլորն իրոք ճշմարիտ էր, և Շվեյկը, որպես ազնիվ մարդ, չէր կարող առարկել։ Արձանագրությունը կազմելիս նա բազմիցս փորձեց ավելացնել մի ծանոթություն, որը, թերևս, դրությունը կպարզեր, բայց ամեն անգամ լսվում էր մայորի հրամայական գոռոցը․ «Լռե՛լ։ Ես ձեզ այդ մասին չեմ հարցնում։ Գործը միանգամայն պարզ է»։
Եվ Շվեյկին այլևս ոչինչ չէր մնում, քան միայն պատիվ տալ և համաձայնել․ «Ճիշտ այդպես, լռում եմ, գործը միանգամայն պարզ է»։
Այնուհետև, երբ Շվեյկին հասցրին կայազորի պարետատուն, նրան մտցրին մի ծակ, որն առաջ եղել էր բրնձի պահեստ և միաժամանակ մկների հանրակացարան։ Ամենուրեք բրինձ էր թափված, և մկները, Շվեյկից բնավ չվախենալով, ուրախ-ուրախ վազվզում էին շուրջը և հատիկներն անուշ անում։ Շվեյկը ստիպված եղավ իր համար ծղոտե ներքնակ ճարել, բայց երբ նրա աչքերը խավարին ընտելացան՝ տեսավ, որ իր ներքնակի մեջ վերաբնակություն է հաստատում մկների մի ամբողջ ընտանիք։ Ոչ մի կասկած չկար, որ նրանք մտադիր էին իրենց նոր բույնը հյուսել ավստրիական քրքրված ներքնակի փառապանծ ավերակների վրա։ Շվեյկը սկսեց դուռը թակել։ Մոտ եկավ մի լեհ կապրալ, և Շվեյկը նրան խնդրեց իրեն տեղափոխել մի այլ շենք, քանի որ քնի մեջ կարող է ներքնակի միջի մկներին ճխլել և դրանով գանձարանին վնաս պատճառել, որովհետև այն ամենը, ինչ պահվում է զինվորական պահեստներում, պետական ունեցվածք է։