Լեհը մասամբ հասկացավ, փակ դռան առաջ բռունցքով սպառնաց Շվեյկին, չմոռանալով «հոտած դուպե»[9] հայհոյանքը, և թողեց գնաց, զայրացած ինչ-որ բան քրթմնջարվ խոլերայի մասին, կարծես թե Շվեյկը նրան անասելի վիրավորել էր։
Շվեյկը գիշերն անցակցրեց հանգիստ, քանի որ մկները նրան մեծ պահանջներ չներկայացրին։ Ըստ երևույթին, նրանք գիշերային աշխատանքի ծրագիր ունեին, որը կենսագործում էին զինվորական շինելների և գդակների հարևան պահեստում, որտեղ գործում էին հանգիստ և միանգամայն անվտանգ, քանի որ ինտենդանտությունն ուշքի եկավ միայն մեկ տարի հետո և սկսեց զինվորական պահեստներում պետական կատուներ պահել՝ առանց կենսաթոշակ ստանալու իրավունքի։ Ինտենդանտություններում այդ հատուները նշվում էին «K․ u․ Militärmagazinkatze»[10] խորագրի տակ։ Այդ կատվային պաշտոնը, իսկապես ասած, վաթսունվեց թվի պատերազմից հետո վերացված մի հին ինստիտուտի վերականգնումն էր միայն։
Հնում, դեռևս Մարիա Թերեզայի օրոք, պատերազմի ժամանակ զինվորական պահեստներում նույնպես կատուներ էին, պահում, երբ ինտենդանտության պարոնները ջանում էին հագուստեղենի գլխին խաղացած իրենց բոլոր օյինները բարդել դժբախտ մկների վրա։
Սակայն կայսրական-թագավորական կատուները շատ հաճախ իրենց պարտքը չէին կատարում, և բանը այնտեղ հասավ, որ մի անգամ, Լեոպոլդ կայսեր թագավորության օրոք, Պոհորելցի զինվորական պահեստում նշանակված վեց կատուներ ռազմական դատարանի վճռով կախաղան հանվեցին։ Պատկերացնում եմ, թե ինչպես են իրենց քթի տակ ծիծաղել բոլոր նրանք, ովքեր այդ պահեստի հետ առնչություն են ունեցել․․․
* * *
Առավոտվա սուրճի հետ միասին Շվեյկի որջը խոթեցին ռուսական շինելով և ռուսական գդակով մի մարդու։
Այդ մարդը խոսում էր չեխերեն՝ լեհական առոգանությամբ։ Դա մեկն էր այն սրիկաներից, որոնք ծառայում էին բանակային կորպուսի հակահետախուզությունում, որի շտաբը գտնվում էր Պերեմիշլում։ Զինվորական գաղտնի ոստիկանության գործակալը նույնիսկ իրեն նեղություն չտվեց փոքր-ինչ խորամանկորեն կորզելու Շվեյկի գաղտնիքները։ Նա սկսեց ուղղակի․
— Ես փորձանքի մեջ ընկա անզգուշությանս պատճառով։ Ծառայում էի Քսանութերորդ գնդում և միանգամից ծառայության անցա ռուսների մոտ և ահա այդպես հիմարաբար փորձանքի մեջ ընկա։ Ռուսների մոտ ես հանձն առա հետախուզության գնալ․․․ Ծառայում էի Վեցերորդ կիևյան դիվիզիայում։ Իսկ դու, ընկեր, ո՞ր ռուսական գնդումն էիր ծառայում։ Ինձ թվում է, որ մենք մի տեղ հանդիպել ենք։ Կիևում ես չեխ ծանոթներ ունեի, որոնք մեզ հետ ռազմաճակատ էին գնացել և ռուսական բանակի կողմն անցել։ Հիմա ազգանունները մոռացել եմ, չեմ հիշում որտեղացի էին, իսկ դու երևի հիշում ես, թե այնտեղ ում հետ էիր ծառայում։ Կուզեի իմանալ, թե մեր Քսանութերորդ դիվիզիայից ով է մնացել։
Պատասխանելու փոխարեն Շվեյկը ձեռքը դրեց անծանոթի ճակատին, հետո շոշափեց զարկերակը և, ի վերջո, նրան մոտեցնելով փոքրիկ լուսամատին, խնդրեց, որ լեզուն հանի։ Այդ ամբողջ պրոցեդուրային սրիկան չդիմադրեց, կարծելով, թե Շվեյկը նրա հետ բացատրվում է դավադրական գաղտնի նշաններով։ Այնուհետև Շվեյկը սկսեց դուռը ծեծել, և երբ վերակացուն եկավ հարցնելու, թե ինչու է այդպես աղմկում, նա չեխերեն և գերմաներեն պահանջեց, որ անհապաղ բժիշկ կանչեն, քանի որ այն մարդը, որին այդտեղ տեղավորել են, զառանցում է։
Բայց դա պատշաճ տպավորություն չգործեց, ոչ ոք չեկավ հիվանդին նայելու։ Նա մնաց խցիկում հանգիստ նստած և շարունակ ինչ-որ բաներ էր դուրս տալիս Կիևի, ինչպես և Շվեյկի մասին, որին, իր ասելով, անկասկած տեսել էր ռուս զինվորների հետ շարքով անցնելիս։
— Դուք հավանաբար ճահճաջուր եք խմել,— ասաց Շվեյկր,— ինչպես մեր ջահել Տինեցկին, որն ընդհանրապես հիմար մարդ չէր։ Մի անգամ նա գնաց ճանապարհորդելու և հասավ մինչև Իտալիա։ Դրանից հետո նա մի գլուխ այդ Իտալիայի մասին էր խոսում, թե իբր այնտեղ ճահճաջրերից բացի ոչ մի տեսարժան բան չկա և թե ինքն էլ հենց այդ ճահճաջրերից է տենդացավ կպել։ Նրա տենդը բռնում էր տարեկան չորս անգամ՝ ամենայն սրբոց տոնին, սուրբ Հովսեփի, Պողոս-Պետրոսի և Վերափոխման տոներին։ Տենդը բռնելիս նա էլ ձեզ նման սկսում էր օտար ու անծանոթ մարդկանց ճանաչել։ Օրինակ, տրամվայի մեջ կբռներ որևէ անծանոթ մարդու և կասեր, թե նրան տեսել է Վիեննայի կայարանում։ Փողոցում ում էլ որ հանդիպեր, պիտի ասեր, թե նրան տեսել է Միլանի կայարանում կամ հետը խմել Շտիրիայի Գրացի քաղաքապետարանի մոտ գտնվող գինետանը։ Պանդոկում նստած ժամանակ սկսում էր այցելուներին ճանաչել և ասում էր, թե նրանց հետ միասին Վենետիկ է գնացել։ Այդ հիվանդության դեմ ոչ մի ճար չկա, բացի մեկից, որ հնարել է Կատերժինկայի նոր սանիտարը։ Սանիտարին պատվիրել էին խնամել մի խելագարի, որն ամբողջ օրը միայն այն էր անում, որ նստում էր մի անկյունում ու համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց», և նորից՝ «մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Պրոֆեսոր մարդ էր։ Սանիտարը քիչ էր մնում բարկությունից տրաքեր, երբ տեսնում էր, որ խելագարը չի կարողանում վեցից դենն անցնել։ Սկզբում սանիտարը նրան խաթրով խնդրում էր համրել «յոթ, ութ, ինն, տասը»։ Բայց ի՜նչ։ Պրոֆեսորի հոգը չէր։ Իր համար նստում էր անկյունում և համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Վերջապես սանիտարը չդիմացավ, նետվեց դեպի իր խնամարկյալը և, երբ նա ասաց՝ «վեց», բռունցքով հարվածեց վզակոթին․ «Ահա ձեզ, ասաց, յոթ, սա էլ ձեզ ութ, ինն, տասը»։ Եվ ամեն մի թվի վրա՝ մի հարված։ Հիվանդը գլուխը բռնեց ու հարցրեց, թե որտեղ է գտնվում։ Երբ սանիտարը բացատրեց, թե նա որտեղ է գտնվում, պրոֆեսորն իսկույն մտաբերեց, որ գժանոց է ընկել ինչ-որ գիսաստղի պատճառով։ Նա հաշվել էր, որ այդ գիսաստղը երևալու է մի տարի հետո, հունիսի տասնութին, առավոտվա ժամը վեցին, իսկ նրան ապացուցում էին, թե այդ գիսաստղը դեռևս մի քանի միլիոն տարի առաջ այրվել է։ Ես այդ սանիտարի հետ ծանոթ էի։ Երբ պրոֆեսորը բոլորովին ապաքինվեց ու դուրս գրվեց, սանիտարին իր տանը ծառա վերցրեց։ Սրա միակ պարտականությունն այն էր, որ օրը չորս անգամ պրոֆեսորի վզակոթին տար, մի բան, որ անում էր բարեխղճորեն և կանոնավոր կերպով։