Выбрать главу

Այնուհետև բարոնուհին հանեց ապաքինյալների համար պատրաստված երեք շիշ գինի և երկու տուփ սիգարետ։ Նա այդ ամենը գեղեցիկ դասավորեց Շվեյկի կողքին գտնվող թափուր մահճակի վրա։ Ապա դրանց կողքին հայտնվեց «Պատկերներ մեր միապետի կյանքից» փառակազմ գիրքը, որ գրել էր մեր այժմյան «Չեխոսլովակյան պաշտոնաթերթ»-ի մեծավաստակ գլխավոր խմբագիրը, որը հմտորեն քննում, վերլուծում էր Ֆրանց Իոսիֆի կյանքը։

Անկողնու վրա հայտնվեցին նաև շոկոլադի սալիկներ՝ նույն «Gott strafe England» պիտակով և դարձյալ Ավստրիայի և Գերմանիայի կայսրերի նկարներով։ Սակայն շոկոլադի վրա կայսրերն այլևս ձեռք-ձեռքի չէին տվել, այլ կանգնած էին առանձին, մեջքներն իրար արած։

Դրանց կողքին բարոնուհին դրեց մի գեղեցիկ ու երկկողմ ատամի խոզանակ՝ «Viribus unitis»[16] մակագրությամբ, որն արված էր այն նպատակով, որ ատամներ մաքրողը չմոռանար Ավստրիան։

Մի պերճագեղ, ռազմաճակատի ու խրամատների համար միանգամայն անհրաժեշտ նվեր էր մանիկյուրի պարագաների հավաքածուն։ Նրա պատյանի վրա կար մի փոքրիկ նկար, որում շրապնել էր պայթում և պողպատե սաղավարտով մի հերոս, հրացանը հորիզոնադիր բռնած, գրոհի էր նետվում։ Նկարի տակ գրված էր. «Für Gott, Kaiser und Vaterland»[17]։

Սուխարիների փաթեթը նկար չուներ, բայց դրա փոխարեն նրա վրա գրել էին հետևյալ ոտանավորը.

Österreich, du edles Haus,

steck deine Fahne aus,

Iass sie im Winde wehn,

Österreich muss ewig stehen![18]

Մյուս կողմի վրա զետեղված էր դրա չեխերեն թարգմանությունը։

Վերջին նվերը սպիտակ հիացինտի մի ծաղկաման էր։

Այդ ամենը Շվեյկի անկողնու վրա դարսված տեսնելով, բարոնուհի ֆոն Բոցենհայմը չկարողացավ զսպել իր խանդաղատանքի արցունքները։ Սովատանջ սիմուլյանտներն էլ չկարողացան զսպել… իրենց թուքը։ Բարոնուհու ընկերակցուհին, շարունակելով բռնած պահել անկողնու, վրա նստած Շվեյկին, նույնպես արտասվեց։ Շուրջը լռություն էր, ինչպես եկեղեցում։ Հանկարծ լռությունը խզեց Շվեյկը, որը ձեռքերը խաչեց, ինչպես անում են աղոթելիս, և բարբառեց.

– Հա՛յր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո… Կներեք, տիկի՛ն, սխալվեցի։ Ես ուզում էի ասել. «Տե՛ր աստված, հա՛յր երկնավոր, օրհնիր այս ընծաները, որ ճաշակում ենք շնորհիվ քո առատաձեռնության։ Ամե՛ն»։

Այդ ասելուց հետո նա անկողնու վրայից վերցրեց մի հավ և հարձակվեց վրան, բժիշկ Գրյունշտայնի վախվորած հայացքի ներքո։

– Ախ, ինչպե՜ս նրան, զինհորին, դուր դա,– խանդավառված շշնջաց պառավ բարոնուհին բժիշկ Գրյունշտայնի ականջին։– Նա արդեն առողջ և կարող գնալ ռազմաճակատ։ Ես շա՜տ, շա՜տ ուրախ ես, որ այդ ամեն նրան օգուտ թվեց։

Բարոնուհին անցավ բոլոր զինվորների մոտով, բոլորին սիգարետներ և շոկոլադի կոնֆետներ բաժանեց, ապա նորից մոտեցավ Շվեյկին, շոյեց նրա գլուխը, ասելով՝ «Behut euch Gott»[19], և ամբողջ շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ պալատից։

Մինչ բժիշկ Գրյունշտայնը ճանապարհ կդներ բարոնուհուն, Շվեյկը բաժանեց ճտերը, որոնք խժռվեցին այնպես արագ, որ հետ դառնալուց հետո բժիշկը նրանց փոխարեն գտավ միայն մի կույտ ոսկորներ, որոնք այնպես փառավորապես լափլիզված ու կրծված էին, որ կարծես ճտերը դեռևս ողջ-ողջ ընկել էին անգղների մի բույն և արեգակը մի քանի ամիս մրկել էր նրանց ոսկորները։

Անհետացել էին նաև զինվորական լիկյորն ու երեք շիշ գինին։ Բուժվողների որովայններում անհետացել էին շոկոլադի սալիկները և պաքսիմատի փաթեթը։ Մեկը նույնիսկ խմել էր մանիկյուրի հավաքածուից հանած եղունգների լաքը, մի ուրիշը համտես էր արել ատամնախոզանակի հետ դրված պաստան։

Բժիշկ Գրյունշտայնը նորից մարտական կեցվածք ընդունեց և մի երկար ճառ արտասանեց։ Բարոնուհու այցելությունն ավարտվելուց հետո նրա սիրտը տեղն էր ընկել։ Կրծոտված ոսկորների կույտն ամրապնդեց նրա այն կարծիքը, թե բոլոր բուժվողներն անուղղելի սիմուլյանտներ են։

– Զինվորնե՛ր,– ասաց նա,– եթե դուք ձեր ուսերի վրա գլուխ ունենայիք, այդ բոլորին ձեռք չէիք տա, և այսպես կմտածեիք. «Եթե այս բանը լափենք, ավագ բժիշկը չի հավատա, որ մենք ծանր հիվանդ ենք»։ Իսկ հիմա դուք ըստ ամենայնի ապացուցեցիք, որ իմ բարությունը բանի տեղ չեք դնում։ Ես դատարկել եմ ձեր ստամոքսները, կլիզմա եմ անում, աշխատում եմ ձեզ պահել կատարյալ դիետայի պայմաններում, իսկ դուք այդպես ծանրաբեռնում եք ձեր ստամոքսը։ Չլինի՞ թե ուզում եք ստամոքսի կատառ վաստակել։ Չէ, տղաներ, սխալվում եք։ Մինչև որ ձեր ստամոքսները կկարողանան կերածը մարսել, ես այնպես հիմնավորապես կմաքրեմ դրանք, որ դուք մինչև ձեր մեռնելու օրը հիշեք և ձեր երեխաներին պատմեք, թե ինչպես մի անգամ ճտեր և այլ համեղ բաներ լափեցիք և թե ինչպես լափածը մի քառորդ ժամ էլ չմնաց ձեր ստամոքսում, որովհետև ճիշտ ժամանակին դուրս թափեցին։ Հապա, մա՛րշ իմ հետևից։ Չկարծեք թե ես ձեզ նման էշ եմ։ Ես մի քիչ ավելի խելոք եմ, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Բացի դրանից, հայտարարում եմ ի լուր ամենքի, որ ես վաղը ձեզ մոտ հանձնաժողով կուղարկեմ։ Շատ երկար եք այստեղ վեր ընկած և ձեզնից ոչ մեկը հիվանդ չի, եթե կարողանում եք հինգ րոպեում այնպես խանգարել ու խցել ստամոքսը, ինչպես արել եք քիչ առաջ… Քայլով մա՛րշ։