Выбрать главу

— Ես Կիևի ձեր բոլոր ծանոթներին ճանաչում էի,— անվհատ շարունակեց հակահետախուզության գործակալը։— Ձեզ հե՞տ չէր այն չաղ զինվորը և այն մեկը, որ այնպես լղար էր։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել նրանց ազգանունները և թե որ գնդից էին։

— Թող դա ձեզ անհանգստություն չպատճառի,— մխիթարեց նրան Շվեյկը,— այդ բանը կարող է ամեն մարդու էլ պատահել։ Մարդ հո չի կարող բոլոր չաղերի ու լղարների ազգանունները հիշել։ Լղարների ազգանուններն, իհարկե, ավելի դժվար է հիշել, որովհետև աշխարհում նրանք ավելի շատ են։ Նրանք, ինչպես ասում են, մեծամասնություն են կազմում։

— Ընկեր,— նվնվաց կայսրական-թագավորական սրիկան,— դու ինձ չես հավատում։ Բայց չէ՞ որ երկուսիս էլ նույն բախտն է վիճակված։

— Հենց դրա համար էլ մենք զինվոր ենք,— անվրդով պատասխանեց Շվեյկը,— մեր մայրերը մեզ հենց նրա համար են աշխարհ բերել, որ պատերազմում, մունդիր հագնելուց հետո, ծվեն-ծվեն լինենք։ Եվ մենք այդ բանն անում ենք ուրախությամբ, քանի որ գիտենք, որ մեր ոսկորներն իզուր չեն փտելու։ Մենք կընկնենք հանուն թագավոր կայսր և նրա օգոստոսափառ ընտանիքի, որի սիրույն նվաճեցինք Հերցոգովինան։ Մեր ոսկորներից շաքարի գործարանների համար ոսկրածուխ կպատրաստեն։ Դեռևս մի քանի տարի առաջ պարոն լեյտենանտ Ցիմմերը մեզ այդ բանը բացատրեց․ «Հե՛յ, խոզերի բանդա,— ասաց նա,— անկիրթ վարազներ, անպետք արարածներ, ծույլ կապիկներ, դուք ձեր ոտքերը չեք խնայում, կարծես թե դրանք ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Երբ դուք ռազմի դաշտում զոհվեք, ձեր ամեն մի ոտքից կես կիլո ոսկրածուխ կպատրաստեն, իսկ մեկ ամբողջական զինվորից,— ձեռքերի ու ոտքերի բոլոր ոսկորները հաշված,— երկու կիլոյից ավելի։ Ձեզնով, ապուշներ, շաքարի գործարաններում շաքար կզտեն։ Դուք գաղափար անգամ չունեք, թե հետո որքան օգտակար կլինեք սերունդներին։ Ձեր զավակները սուրճ կխմեն այն շաքարով, որ զտված կլինի ձեր ոսկորներով, անասուննե՛ր»։ Ես մտքի մեջ ընկա, իսկ նա ինձ ասաց․ «Այդ ի՞նչ ես մտածում»։— «Համարձակվում եմ զեկուցել,— ասացի,— ես կարծում եմ, որ պարոն սպաների ոսկրածուխը զգալիորեն ավելի թանկ կլինի, քան հասարակ զինվորներինը»։ Դրա համար ինձ երեք օր մենախուց նստեցրին։

Շվեյկի ընկերակիցը դուռը ծեծեց և սկսեց ինչ-որ բան պայմանավորվել ժամապահի հետ, որն և նրա ասածը զեկուցեց գրասենյակին։

Շատ չանցած շտաբի գրագիրը եկավ ընկերակցին տանելու, և Շվեյկը նորից մենակ մնաց։

Խցից դուրս գալիս այն փուչ արարածը, Շվեյկին մատնացույց անելով, շտաբի գրագրին ի լուր ամենքի ասաց․

— Սա Կիևի հին ընկերս է։

Ամբողջ քսանչորս ժամ Շվեյկը մենակ մնաց, եթե չհաշվենք այն մի քանի րոպեները, երբ նրան ուտելիք էին բերում։

Գիշերը նա համոզվեց, որ ռուսական շինելը ավստրիականից ավելի տաք է և ավելի մեծ ու բնավ էլ անախորժ չէ, որ գիշեր ժամանակ մուկը քնածի ականջն հոտոտում է։ Շվեյկը դա ընկալում էր իբրև մի մեղմ շշուկ, որը լուսադեմին ընդհատեցին ուղեկցորդները, որոնք եկել էին կալանավորներին տանելու։

Շվեյկը մինչև հիմա էլ չի կարողանում ճշտիվ որոշել, թե իսկապես այն ինչ դատարան էր, ուր նրան տարան այդ տխուր առավոտը։ Բայց որ դա զինվորական դատարան էր, ոչ մի կասկած չէր կարող լինել։ Այնտեղ նիստին մասնակցում էին մի գեներալ, մի գնդապետ, մի մայոր, մի պորուչիկ, մի պոդպորուչիկ, մի գրագիր և ինչ-որ հետևակ զինվոր, որն, իսկապես ասած, ծխողներին լուցկի մատուցելուց բացի ոչինչ չէր անում։

Շվեյկին շատ չհարցաքննեցին։

Նրա նկատմամբ մյուսներից փոքր ինչ ավելի հետաքրքրություն ցուցաբերեց մայորը, որը խոսում էր չեխերեն։

— Դուք դավաճանել եք թագավոր կայսրին,— մռլտաց նա։

— Հհիսո՜ւս Քրիստոս, այդ ե՞րբ,— գոչեց Շվեյկը։― Ես դավաճանեմ թագավոր կայսրի՞ն, մեր ամենապայծառափայլ միապեստի՞ն, որի համար այնքան տանջվել եմ։

— Վերջ տվեք այդ հիմարություններին,— ասաց մայորը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, թագավոր կայսրին դավաճանելը հիմարություն չէ։ Մենք զինվոր մարդիկ ենք և թագավոր-կայսրին հավատարմության երդում ենք ավել, իսկ այդ երդումը, ինչպես թատրոնում երգում էին, ես կատարել եմ որպես հավատարիմ ամուսին։

— Ահա՛,— ասաց մայորը,— ահա ձեր հանցանքի ապացույցները և ահա որտե՛ղ է ճշմարտությունը։― Նա մատով ցույց տվեց թղթերի ծավալուն մի կապոց։