Выбрать главу

Հիմնական փաստերը դատարանին տվել էր այն անձնավորությունը, որին նստեցրել էին Շվեյկի հետ։

— Հիմա՞ էլ չեք ուզում խոստովանել,— հարցրեց մայորը։— Բայց չէ՞ որ դուք ինքներդ պնդում էիք, որ գտնվելով ավստրիական բանակում՝ ձեր հոժար կամքով ռուսական համազգեստ եք հագել։ Վերջին անգամ եմ հարցնում․ որևէ մեկը ձեզ ստիպե՞լ է այդ բանն անել։

— Ես դա արել եմ առանց որևէ ստիպման։

— Ձեր հոժար կամքո՞վ։

— Իմ հոժար կամքով։

— Առանց ճնշմա՞ն։

— Առանց ճնշման։

— Իսկ գիտե՞ք, որ կորած եք։

— Գիտեմ։ Իննսունմեկերորդ գնդում անպայման ինձ արդեն սպասում են։ Բայց թույլ տվեք, պարոն մայոր, մի փոքրիկ ծանոթություն տալ, թե մարդիկ ինչպես են իրենց հոժար կամքով ուրիշի զգեստ հագնում։ 1908 թվի հուլիս ամսին Զբրասլավում Բերոունկայի հին գետաբազուկի մեջ լողանում էր Պրագայի Պրիչնա փողոցի բնակիչ կազմարար Բnժետեխը։ Նա իր շորերը կախել էր ուռենու ճյուղերից և շատ ուրախացավ, երբ փոքր ինչ հետո ջուրը մտավ մի պարոն ևս։ Նրանք դեսից-դենից զրուցեցին, խաղ արին, իրար վրա ջուր ցանեցին, սկեցին ու դուրս եկան մինչև երեկո։ Հետո անծանոթ պարոնը առաջինը դուրս եկավ ջրից, թե իբր իր ընթրելու ժամանակն է։ Պան Բոժետեխը մի քիչ էլ մնաց ջրի մեջ նստած, իսկ երբ գնաց ուռիների մոտ հագնվելու, այնտեղ իր շորերի փոխարեն գտավ բոսյակի քուրջեր և հետևյալ գրությունը․ «Ես շատ մտածեցի՝ վերցնե՞լ թե չվերցնել, չէ՞ որ մենք միասին ջրի մեջ այնքան լավ ժամանակ անցկացրինք։ Վերջապես մի երիցուկ քաղեցի, սկսեցի թերթիկները պոկել, և վերջին թերթիկը պոկելիս դուրս եկավ «վերցնե՛լ»։ Ուստի քուրջերս փոխեցի ձեր հագուստի հետ։ Մի վախենաք հագնել, քանի որ մի շաբաթ առաջ Դոբրժիլիի շրջանային բանտում ոջիլներից մաքրված են։ Մյուս անգամ ավելի ուշադիր նայեցեք, թե ում հետ եք լողանում։ Ջրի մեջ ամեն մարդ նման է դեպուտատի, եթե նույնիսկ մարդասպան լինի։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ում հետ էիք լողանում։ Այս լողանալը թող ձեզ խրատ լինի։ Իրիկնադեմին ջուրը շատ դուրեկան է, մի անգամ էլ մտեք մեջը, որպեսզի ուշքի գաք»։

Պան Բոժետեխին մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ սպասել մութն ընկնելուն։ Հետո փաթաթվեց բոսյակի քուրջերով և դիմեց դեպի Պրագա։ Նա աշխատում էր խճուղին շրջանցել, քայլում էր մարգագետիններով, զարտուղի արահետներով և հանդիպեց Խուխլիի ժանդարմական պարեկին, որը շրջմոլիկին ձերբակալեց և մյուս օրը առավոտյան տարավ Զբրասլավի շրջանային դատարանը, քանի որ ամեն մարդ կարող էր իրեն անվանել կազմարար Յոզեֆ Բոժետեխ, Պրագայի Պրիչնա փողոցի № 16 տան բնակիչ։

Քարտուղարը, որ չեխերենն այնքան էլ փայլուն կերպով չգիտեր, ենթադրեց, թե մեղադրյալը իր մեղսակցի հասցեն է հայտնում, և վերստին հարցրեց․

— Ist das genau Prag, № 16, Josef Bozetech?[11]

— Թե հիմա էլ է այնտեղ ապրում, չգիտեմ,— պատասխանեք Շվեյկը,— բայց այն ժամանակ, 1908 թվին, ապրում էր։ Նա գրքերը շատ գեղեցիկ էր կազմում, բայց երկար էր պահում, որովհետև նախ կարդում էր, իսկ հետո կազմում բովանդակությանը համստպատասխան։ Եթե գրքին սև երիզ էր կպցնում, ապա այդ գիրքը չարժեր կարդալ։ Յուրաքանչյուրն իսկույն հասկանում էր, որ վեպը վատ է վերջանում։ Գուցե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ։ Հա՛, չմոռանամ ասել, որ նա ամեն օր նստում էր «Ֆլեկների մոտ» ռեստորանում և պատմում այն գրքերի բովանդակությունը, որ մինչ այդ նրան տվել էին կազմելու։

Մայորը մոտեցավ քարտուղարին և նրա ականջին ինչ-որ բան փսփսաց։ Քարտուղարը արձանագրությունից ջնջեց նորագյուտ կարծեցյալ դավադրի, ռազմական վտանգավոր հանցագործ Յոզեֆ Բոժետեխի հասցեն։

Այդ տարօրինակ դատական նիստը տեղի էր ունենում գեներալ Ֆինկ ֆոն Ֆինկելշտայնի նախագահությամբ, որն այդ դատարանը դարձրել էր դաշտային դատարանի տիպի մի բան։

Կան մարդիկ, որ լուցկու տուփեր հավաքելու մոլուցք ունեն, իսկ այդ գեներալը տառապում էր դաշտային դատարաններ կազմակերպելու մոլուցքով, թեև նրա արածը մեծավ մասամբ հակասում էր զինվորական կանոնադրությանը։

Այդ գեներալը հայտարարում էր, թե իրեն պետք չէ ոչ մի աուդիտոր, թե նա ինքը կգումարի դատական նիստը, ըստ որում երեք ժամից հետո մեղադրյալը պետք է կախված լինի։ Քանի դեռ գեներալը գտնվում էր ռազմաճակատում, նրա մոտ դաշտային դատարանների պակաս չէր զգացվում։

Ինչպես մի ուրիշը ամեն օր պետք է մի պարտիա շախմատ, բիլիարդ կամ թուղթ խաղա, այդպես էլ այդ հռչակավոր գեներալը ամեն օր պետք է դաշտային դատարանների շտապ նիստեր նշանակեր, որոնց նա նախագահում էր ու մեծագույն լրջությամբ և ուրախությամբ մեղադրյալին մատ հայտարարում։

Մարդ գերզգայուն լինելու դեպքում թերևս գրեր, թե այդ գեներալի խղճի վրա տասնյակ մարդկանց կյանք էր ծանրացած, մանավանդ արևելքում լինելուց հետո, որտեղ նա, իր ասելով, գալիցիական ուկրաինացիների մեջ պայքարել էր վելիկոռուսական ագիտացիայի դեմ։ Սակայն մենք չենք կարող ասել, թե առհասարակ նրա խղճի վրա կարող էր որևէ բան ծանրանալ, քանի որ խիղճ չուներ։

Հրամայելով իր դաշտային դատարանի վճռի հիման վրա կախել որևէ ուսուցչի, ուսուցչուհու, ուղղափառ քահանայի կամ մի ամբողջ ընտանիք, նա այնպես էր վերադառնում իր բնակարանը, ինչպես պանդոկից վերադառնում է խաղամոլը, գոհունակությամբ հիշելով, թե ինչպես էր խփում սրա կամ նրա թուղթը և տանում։