Կախելը նա համարում էր միանգամայն սովորական և բնական բան, յուրատեսակ հանապազօրյա հաց, և դատավճիռ արձակելիս շատ հաճախ թագավոր կայսրին մոռանում էր և փոխանակ ասելու, «Հանուն նորին կայսրական մեծության դուք դատապարտվում եք մահապատժի կախաղանի միջոցով», պարզապես հայտարարում էր․ «Ես ձեզ դատապարտում եմ․․․»։
Երբեմն նա կարողանում էր կախելու մեջ կոմիկական կողմ գտնել, որի մասին մի անգամ գրել էր Վիեննայում ապրող իր կնոջը, «․․․Դու, օրինակ, չես կարող պատկերացնել, ջանիկս, թե վերջերս ես ինչպես էի ծիծաղում։ Մի քանի օր առաջ մի ուսուցչի մահվան էի դատապարտել լրտեսության համար։ Այստեղ ես մի վարձված գրագիր ունեմ, որը կախելու մեծ պրակտիկա ունի։ Նրա համար դա յուրատեսակ սպորտ է։ Ես իմ վրանումն էի, երբ ասածս գրագիրը դատավճիռն ի կատար ածելու համար եկավ ինձ մոտ և հարցրեց․ «Որտե՞ղ կհրամայեիք ուսուցչին կախել»։ Ասում եմ․ «Կախել ամենամոտիկ ծառից»։ Եվ դու դրության կոմիզմը տես։ Չորս կողմը տափաստան է, խոտից բացի ոչինչ չի երևում, մեկ մղոն տարածության վրա ոչ մի ծառ չկա։ Բայց հրամանը հրաման է, ուստի գրագիրս վերցրեց ուսուցչին ու մի քանի պահակների հետ գնաց ծառ գտնելու։ Վերադարձան միայն երեկոյան, ուսուցիչն էլ հետները։ Գրագիրը եկավ մոտս և նորից հարցրեց․ «Ինչի՞ց կախեմ այդ ղոչիին»։ Հայհոյեցի նրան և հիշեցրի, որ արդեն հրամայել եմ կախել ամենամոտիկ ծառից։ Նա ասաց, թե առավոտյան կփորձի այդ բանն անել, իսկ առավոտյան եկավ բոլորովին սփրթնած, թե, գիտե՞ք, գիշերը ուսուցիչն անհետացել է։ Դա ծիծաղս այնպես շարժեց, որ ես ներեցի բոլոր նրանց, ովքեր ուսուցչի վրա հսկում էին։ Եվ դեռ կատակով ասացի, թե երևի ուսուցիչն ինքն է գնացել ծառ գտնելու։ Ինչպես տեսնում ես, ջանիկս, մենք այստեղ չենք ձանձրանում։ Պստլիկ Վիլլիին ասա, որ պապան համբուրում է նրան և շուտով նրա համար մի կենդանի ռուս կուղարկի։ Վիլլին նրան կհեծնի ու ձիուկի պես կքշի։ Հետո մի այսպիսի ծիծաղելի դեպք էլ եմ հիշում, ջանիկս։ Մի անգամ մի հրեայի կախել էինք լրտեսության համար։ Այդ սրիկային մենք պատահել էինք ճանապարհին, թեև նա այնտեղ անելու բան չուներ, արդարանում էր, թե սիգարետ էի ծխում։ Եվ ահա, նրան արդեն կախել էինք, բայց նա կախված մնաց ընդամենը մի քանի վայրկյան։ Հանկարծ պարանը կտրվեց, և նա ցած ընկավ, սակայն իսկույն ուշքի եկավ և ճչալով դիմեց ինձ․ «Պարոն գեներալ, ես գնում եմ տուն։ Դուք ինձ արդեն կախել եք, իսկ ըստ օրենքի միևնույն բանի համար երկու անգամ կախել չեք կարող»։ Ես սկսեցի քահ-քահ ծիծաղել, և հրեային բաց թողինք։ Մեզ մոտ, ջանիկս, կյանքն ուրախ է․․․»։
Երբ գեներալ Ֆինկին նշանակեցին Պերեմիշլի բերդի պարետ, նա այլևս այնքան էլ հաճախ չէր հնարավորություն ունենում այդպիսի կրկեսային ներկայացումներ սարքելու, ուստի և մեծ ուրախությամբ կպավ Շվեյկի գործին։
Հիմա Շվեյկը կանգնած էր այդ վագրի առաջ, որն երկար սեղանի հետևը, առաջին շարքում նստած, սիգարետ սիգարետի հետևից էր ծխում և հրամայում թարգմանել Շվեյկի պատասխանները, իսկ թարգմանելուց հետո խրախուսաբար գլուխը շարժում։
Մայորն առաջարկեց հեռագրով բրիգադին հարցում անել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտը, որին պատկանում է մեղադրյալն ըստ նրա ցուցմունքների։
Գեներալը դեմ արտահայտվեց և ասաց, թե դրանով դատավճիռ արձակելու գործը կձգձգվի, մի բան, որ հակասում է տվյալ միջոցառման ոգուն։ Արդեն առկա է մեղադրյալի լրիվ խոստովանությունը, թե նա ռուսական համազգեստ է հագել, այնուհետև կա վկայի մի կարևոր ցուցմունք, ըստ որի մեղադրյալը խոստովանվել է, թե գտնվել է Կիևում։ Նա, գեներալը, առաջարկում է անհապաղ առանձնանալ խորհրդակցության, վճիռ կայացնել և անհապաղ ի կատար ածել։
Մայորն, այնուամենայնիվ, պնդում էր, թե անհրաժեշտ է պարզել մեղադրյալի անձնավորությունը, քանի որ դա քաղաքական բացառիկ նշանակություն ունեցող գործ է։ Պարզելով այդ զինվորի անձնավորությունը, կարելի կլինի բացահայտել նաև մեղադրյալի կապը իր նախկին ընկերների հետ այն զորամասում, որին նա պատկանել է։
Մայորը ռոմանտիկ երազող էր։ Նա ասում էր, թե պետք է ինչ-որ թելեր գտնել, թե մի մարդու դատապարտելը բավական չէ։ Դատավճիռը, ասում էր նա, հանդիսանում է լոկ հետևանք որոշակի հետաքննության, որն իր մեջ պարունակում է թելեր, իսկ այդ թելերը․․․ Նա վերջնականապես խճճվեց իր թելերի մեջ, բայց բոլորը նրան հասկացան և խրախուսաբար գլուխները շարժեցին, մինչև անգամ գեներալն ինքը, որին այդ թելերը շատ դուր եկան, քանզի պատկերացրեց, թե ինչպես մայորի թելերից կախվում են նոր դաշտային դատարաններ։ Այդ պատճառով նա այլևս չէր առարկում այն բանի դեմ, որ հարկավոր է բրիգադին հարցում անել և ստույգն պարզել, թե իսկապե՞ս Շվեյկը պատկանում է Իննսունմեկերորդ գնդին և արդյոք ե՞րբ, տասնմեկերորդ երթային վաշտի ո՞ր օպերացիայի ժամանակ է անցել ռուսների կողմը։
Շվեյկը վիճաբանությունների ընթացքում գտնվում էր միջանցքում, երկու սվինավոր զինվորների հսկողության տակ։ Հետո նրան նորից տարան դատարանի դահլիճը, կանգնեցրին դատավորների դեմ-դիմաց և մի անգամ էլ հարցրին, թե ո՞ր գնդից է։ Այնուհետև Շվեյկին տեղափոխեցին կայազորի բանտը։