Ձախողված դաշտային դատավարությունից տուն վերադառնալով, գեներալ Ֆինկը պառկեց դիվանի վրա և սկսեց խորհել, թե ինչպես արագացնի այդ պրոցեդուրան։
Նա հաստատ համոզված էր, որ պատասխանը շուտ կստանան, բայց, այնուամենայնիվ, դա այն արագությունը չէր, որով աչքի էին ընկնում նրա դատերը, քանի որ դատավճիռ արձակելուն դեռ հետևելու էր դատապարտյալին հոգևոր մխիթարություն տալու արարողությունը, որի պատճառով դատավճիռն ի կատար ածելը երկու ավելորդ ժամ պիտի ուշանար։
— Ասենք, միևնույն է,— որոշեց գեներալ Ֆինկը։— Մենք կարող ենք նրան հոգևոր մխիթարություն տալ դեռևս վճիռ կայացնելուց առաջ, նախքան բրիգադից տեղեկություն ստանալը։ Մի բան որ կախվելու է։
Գեներալ Ֆինկը հրամայեց իր մոտ կանչել ֆելդկուրատ Մարտինեցին։ Սա մի դժբախտ կրոնուսույց էր, կապելլան, Մորավիայի ինչ-որ տեղից եկած։ Առաջ նա ծառայել էր մի այնպիսի անբարո ֆարարի ձեռքի տակ, որ գերադասել էր բանակ գնալ։ Այս նոր ֆելդկուրատը իսկական կրոնասեր մարդ էր, սրտի դառնությամբ էր հիշում իր ֆարարին, որը դանդաղորեն, բայց հաստատապես գնում էր դեպի կործանում։ Նա հիշում էր, թե ինչպես իր ֆարարը սալորօղին խմում էր մինչև գիտակցությունդ կորցնելը և մի գիշեր զոռով ուզում էր նրա անկողինը խոթել մի թափառական գնչուհու, որին գտել էր գյուղից դուրս, երբ օրորվելով վերադառնալիս էր եղել օղեգործարանից։
Ֆելդկուրատ Մարտինեցը հույս ուներ, որ ռազմի դաշտում վիրավորներին ու մեկնողներին մխիթարելով՝ կկարողանա քավել մեղքերն իր կնամոլ ֆարարի, որն ուշ գիշերին տուն վերադառնալով՝ բազմիցս նրան արթնացրել ու ասել էր․
― Ենիչեկ, Ենիչեկ, մի թմբլիկ աղջիկ լիներ՝ էլ բան չէի ուզի։
Նրա հույսերը չէին արդարանում։ Նրան շարունակ մի կայազորից մի այլ կայազոր էին քշում, որտեղ նա, ընդամենը երկու շաբաթը մի անգամ, կայազորի եկեղեցում պատարագից առաջ պետք է կայազորի զինվորներին քարոզ տար և պայքարեր սպայական ժողովարանից ծայր առնող գայթակղությունների դեմ, իսկ այդ ժողովարանում այնպիսի բաներ էին խոսում, որոնց համեմատությամբ նրա ֆարարի «չաղլիկ աղջիկներ»-ը պահապան-հրեշտակին ուղղված անմեղ աղոթք էր թվում։
Սովորաբար նրան գեներալ Ֆինկի մոտ կանչում էին ռազմաճակատում տեղի ունեցող մեծ օպերացիաների ժամանակ, երբ հարկավոր էր հանդիսավորապես տոնել ավստրիական բանակի հերթական հաղթանակը։ Գեներալ Ֆինկը դաշտային հանդիսավոր պատարագներ էր կազմակերպում նույն այն բավականությամբ, որով և դաշտային դատավարություններ սարքում։
Այդ սատանա Ֆինկն այնքան թունդ էր նվիրված Ավսարիային, որ գերմանական կամ թուրքական զենքի հաղթանակի համար չէր աղոթում։ Երբ գերմանացիները ֆրանսիացիների կամ անգլիացիների վրա հաղթանակ էին տանում, եկեղեցու բեմը լռում էր։
Ռուսական ավանպոստի հետ ավստրիական հետախուզական պարեկի ամենաաննշան, թեկուզ և հաջող ընդհարումը շտաբն ուռեցնում էր օճառի վիթխարի պղպջակի պես, այն դարձնելով ռուսական մի ամբողջ կորպուսի պարտություն, և դա գեներալ Ֆինկին հանդիսավոր ժամերգություններ սարքելու առիթ էր ընծայում։ Եվ տարաբախտ ֆելդկուրատ Մարտինեցն այնպիսի տպավորության էր ստացել, թե գեներալ-բերդակալ Ֆինկը միաժամանակ Պերեմիշլի կաթոլիկ եկեղեցու գլուխն է։
Գեներալ Ֆինկն անձամբ ինքն էր տնօրինում ժամերգության ծիսակարգը, որպեսզի ամեն անգամ այդ ժամերգությունը կատարվեր «տիրոջ մարմնո և արյան» տոնի նմանությամբ։
Բացի դրանից, գեներալ Ֆինկը սովորություն ուներ սուրբ մասունքները օրհնաբանելուց հետո ձիով քառատրոփ մոտենալ զոհասեղանին և երիցս գոչել․ «Ուռա՜, ուռռա՜, ուռռա՜»։
Ֆելդկուրատ Մարտինեցը, լինելով բարեպաշտ ու առաքինի, մեկն այն քչերից, որոնք դեռևս աստծուն հավատում էին, չէր սիրում գեներալ Ֆինկի մոտ գնալ։
Բերդի գեներալ Ֆինկը ֆելդկուրատին անհրաժեշտ հրահանգներ էր տալիս, ապա հրամայում նրա բաժակը որևէ թունդ խմիչք լցնել, հետո սկսում էր Մարտինեցին պատմել այն նորագույն անեկդոտները, որ քաղում էր «Lustige Blätter» ժուռնալի՝ հատկապես բանակի համար հրատարակած տխմարագույն ժողովածուներից։
Այդ գրքույկները, որոնցից գեներալը մի ամբողջ գրադարան էր կազմել, ունեին այսպիսի տխմար վերնագրեր․ «Հումոր աչքի և ականջի համար՝ զինվորի պայուսակի մեջ», «Հինդենբուրգի անեկդոտները», «Հինդենբուրգը հումորի հայելու մեջ», «Հումորի երկրորդ պայուսակ, որ լցրել է Ֆելիքս Շլեմպերը», «Մեր գուլյաշային թնդանոթից», «Խրամատներից հանված հյութեղ նռնակաբեկորներ» կամ, օրինակ, այսպիսի անհեթեթ անուններ․ «Երկգլխանի արծվի տակ», «Թագավորական կայսրական դաշտային խոհանոցում պատրաստված վիեննական շնիցելը տաքացրեց Արթուր Լոկեշը»։
Երբեմն գեներալը երգում էր «Wir müssen siegen»[12] ժողովածուից քաղած զինվորի ուրախ երգեր, ընդ որում անվերջ որևէ թունդ բան էր լցնում բաժակները, ֆելդկուրատին ստիպելով խմել և իր հետ միասին բղբղալ։ Այնուհետև սկսում էր անպարկեշտ բաներ խոսել, որի ընթացքում ֆելդկուրատ Մարտինեցը կարոտով հիշում էր իր ֆարարին, որն իր լկտիախոսությամբ գեներալ Ֆինկին բնավ չէր զիջում։
Ֆելդկուրատ Մարտինեցը սարսափով նկատում էր, որ ինչքան հաճախ է հյուր գնում գեներալ Ֆինկին, այնքան ավելի է բարոյապես ընկնում։