Выбрать главу

Այդ դժբախտ մարդուն սկսել էին դուր գալ այն լիկյորները, որ խմում էր գեներալի տանը։ Նա հետզհետե սկսել էր գեներալի ասածներից հաճույք ստանալ։ Նրա երևակայությանը ներկայանում էին անբարո տեսարաններ, և ոստայնապատ շշերում հանգչող գիհօղու, սնձօղու և հին գինու սիրույն, որոնցով նրան հյուրասիրում էր գեներալ Ֆինկը, ֆելդկուրատն աստծուն մոռանում էր։ Հիմա նրա աղոթագրքի տողերի արանքում պարում էին գեներալի անեկդոտների «աղջիկները»։ Նվազում էր այն նողկանքը, որ նա զգում էր գեներալին այցելելիս։

Գեներալը սիրեց ֆելդկուրատ Մարտինեցին, որը սկզբում նրա մոտ եկել էր սուրբ Իգնատիոս Լոուոլի պես մաքուր, իսկ հետո համակերպվել գեներալի շրջապատին։

Մի անգամ գեներալը իր մոտ էր կանչել դաշտային հոսպիտալի երկու գթության քույրերի։ Սրանք, իսկապես ասած, հոսպիտալում չէին ծառայում, այլ միայն կցագրված էին նրան, որպեսզի ռոճիկ ստանային, և միաժամանակ, ինչպես հաճախ պատահում էր այն ծանր ժամանակներում, փող վաստակեին պոռնկությամբ։ Գեներալը հրամայել էր կանչել ֆելդկուրատ Մարտինեցին, որն այնպես խճճվեց սատանայի լարած որոգայթի մեջ, որ կեսժամյա սիրախաղից հետո փոխեց երկու դամաներին էլ, ըստ որում այնպես կրակ կտրեց, որ դիվանի վրայի բարձը թքի մեջ կորցրեց։ Դրանից հետո նա երկար ժամանակ ինքն իրեն կշտամբում էր իր այդ անբարոյական վարմունքի համար։ Նա իր մեղքը չկարողացվ քավել նույնիսկ նրանով, որ այդ գիշեր տուն վերադառնալիս զբոսայգում սխալմամբ ծունկ չոքեց ճարտարապետ և քաղաքագլուխ՝ մեկենաս պան Գրաբովսկու արձանի առաջ, այն Գրաբովսկու, որը ութսունական թվականներին Պերեմիշլին մեծ ծառայություններ էր մատուցել։

Այդ ժամանակ զինվորական պարեկի ոտնաձայները միացել էին նրա այս ջերմեռանդ խոսքերին․

«— Խիստ մի դատիր ծառային քո, քանզի դատաստանիդ առաջ չի լինի ոչ մի անմեղ, եթե ներում չտաս մեղքերին նոցա։ Եվ թող խիստ լինի վճիռը քո։ Օգնություն եմ հայցում ես քեզնից, տեր, և քեզ հանձնում հոգին իմ»։

Այդ օրից ի վեր, երբ նրան կանչում էին գեներալ Ֆինկի մոտ, նա հաճախ փորձում էր երկրային բոլոր հաճույքներից հրաժարվել, պատճառաբանելով, թե ստամոքսն հիվանդ է։ Նա հավատում էր, որ փրկության համար ասած այդ սուտը իր հոգին կազատի դժոխքի տանջանքներից, բայց միաժամանակ գտնում էր, թե իրեն խմել պարտավորեցնում է զինվորական կարգապահությունը․ եթե գեներալը նրան առաջարկում է, թե՝ «Խմիր, ընկեր», ապա պետք է խմել, թեկուզ հենց պետին հարգած լինելու համար։

Ասենք, միշտ չէր, որ նրան հաջողվում էր գայթակղությունից խուսափել, մանավանդ հանդիսավոր դաշտային ժամերգությունհերից հետո, երբ գեներալը կայազորի դրամարկղի հաշվին առավել հանդիսավոր խնջույքներ էր սարքում, որոնց ծախքերը հետո ֆինանսական բաժնում միասնաբար կոծկում էին, որպեսզի իրենք էլ մի բան չանթեին։ Այդպիսի հանդիսույթներից հետո ֆելդկուրատին թվում էր, թե ինքը աստծո առաջ բարոյապես թաղված է, և դա նրան սարսուռ էր պատճառում։

Նա քայլում էր ասես անզգայորեն և, այդ քաոսի մեջ չկորցնելով հավատն առ աստված, միանգամայն լրջորեն սկսել էր մտածել, թե արդյոք անհրաժե՞շտ չէ, որ ամեն օր սիստեմատիկորեն ինքն իրեն ձաղկի։

Այդպիսի տրամադրության մեջ էլ նա գնաց գեներալի մոտ։

Գեներալը, ուրախ և շողշողուն, դուրս եկավ նրան ընդառաջ և ասաց․

— Լսե՞լ եք իմ դաշտային դատի մասին։ Կախելու ենք ձեր հայրենակիցներից մեկին։

Լսելով «հայրենակից» բառը, ֆելդկուրատը մի տառապալի հայացք նետեց գեներալի վրա։ Նա արդեն մի քանի անգամ հերքել էր այն վիրավորական ենթադրությունը, թե իբր ինքը չեխ է, և բազմիցս բացատրել, որ իրենց մորավիական ծխի մեջ մտնում է երկու գյուղ մեկը չեխական, մչուսը՝ գերմանական, և որ ինքը հաճախ ստիպված է լինում մի շաբաթ քարոզ կարդալ չեխերի, մի շաբաթ գերմանացիների համար, բայց քանի որ չեխական գյուղում ոչ մի չեխական դպրոց չկա, այլ կա միայն գերմանական, ապա երկու գյուղերում էլ ինքը կրոնը պետք է դասավանդի գերմաներեն և, հետևապես, բնավ չեխ չէ։ Մի անգամ այդ համոզիչ փաստարկը ճաշասեղանի մոտ նստած մայորին առիթ տվեց ասելու, թե այդ մորավիացի ֆելդկուրատը պարզապես մանրավաճառի կրպակ է։

— Պարդոն,— ներողություն խնդրեց գեներալը,— մոռացել էի, նա ձեր հայրենակիցը չէ։ Չեխ փախստակ է, դավաճան, ծառայել է ռուսներին և պետք է կախվի։ Սակայն առայժմ սոսկ ձևականության համար պարզում ենք նրա անձնավորությունը։ Բայց դա կարևոր չէ, նա կկախվի անհապաղ, հենց որ հեռագրով պատասխան գա։

Ֆելդկուրատին դիվանի վրա նստեցնելով իր կողքին, գեներալը աշխուժորեն շարունակեց․

— Եթե ինձ մոտ դաշտային դատարան է, ապա ամեն ինչ պետք է կատարվի արագ, ինչպես դաշտային դատարանում։ Արագություն — ահա իմ սկզբունքը։ Պատերազմի սկզբում ես գտնվում, էի Լվովից դենը և այնպիսի արագության էի հասել, որ մի սրիկայի կախեցինք վճիռն արձակելուց երեք րոպե հետո։ Ի դեպ, նա հրեա էր, իսկ մի ռուսինի կախեցինք խորհրդակցությունից հինգ րոպե հետո։

Գեներալը բարեսրտորեն ծիծաղեց․

— Պատահմունքի բերումով երկուսն էլ հոգևոր մխիթարության կարիք չունեին։ Հրեան ռաբբի էր, իսկ ոուսինը՝ քահանա։ Հիմա բանն ուրիշ է․ կաթոլիկ ենք կախելու։ Եվ ես մի հիանալի միտք եմ հղացել։ Հետո հապաղած չլինելու համար դուք նրան հոգևոր մխիթարություն կտաք նախապես, որպեսզի, ինչպես հենց նոր ձեզ բացատրեցի, չհապաղենք։