Մինչ նա մտածում էր, թե ինչպես անցնի հիմնական թեմային, Շվեյկը նրան կանխեց, հարցնելով, թե արդյոք սիգարետ չունի՞։
Ֆելդկուրատ Մարտինեցը մինչև հիմա ծխել չէր սովորել։ Դա այն վերջին բանն էր, որ նա պահպանել էր իր նախկին ապրելակերպից։ Մի անգամ, երբ գեներալ Ֆինկի մոտ հյուր եղած ժամանակ գլուխը սկսել էր դժժալ, փորձել էր մի սիգար ծխել, բայց իսկույն փսխել էր և այդ ժամանակ նրան թվացել էր, թե պահապան-հրեշտակն էր նախազգուշաբար իր կոկորդը խուտուտ ավել։
— Չեմ ծխում, սիրեցյալ որդիդ իմ,— արտակարգ արժանապատվությամբ պատասխանեց նա Շվեյկին։
— Զարմանում եմ,— ասաց Շվեյկը,— ես ծանոթ եմ շատ ֆելդկուրատների, իսկ նրանք ծուխն այնպես էին փչում, որ Զլիհովի օղեգործարանը ձեզ օրինակ։ Առհասարակ չեմ պատկերացնում, թե ֆելդկուրատն ինչպես կարող է չծխել ու չխմել։ Մեկին գիտեի, որ չէր ծխում, բայց փոխարենը թութուն էր ծամում և քարոզ կարդալիս ամբողջ ամբիոնը թուք դարձնում։ Դուք որտեղացի՞ եք, պարոն ֆելդկուրատ։
— Յիչինցի,― կոտրված ձայնով պատասխանեց կայսրական թագավորական տեր հայր Մարտինեցը։
— Որ այդպես է, պարոն ֆելդկուրատ, երևի Ռուժենա Գաուդրսովային կճանաչեք։ Նախանցյալ տարի նա ծառայում էր Պրագայի գինետներից մեկում, որ գտնվում է Պլանտերսկա փողոցի վրա, և միանգամից տասնութ մարդու դատի տվեց ու ալիմենտ պահանջեց, որովհետև ջուխտակ էր ծնել։ Երկվորյակներից մեկի մի աչքը կապույտ էր, մյուսը՝ շագանակագույն, իսկ երկրորդի մի աչքը գորշ, մյուսը սև։ Այդ պատճառով նա ենթադրում էր, թե գործին խառն են այդպիսի աչքեր ունեցող չորս պարոններ։ Այդ պարոններն այցելում էին ասածս գինետունը և նրա հետ գործ-մործ էին ունեցել։ Բացի դրանից, երկվորյակներից մեկի մի ոտքը ծուռ էր քաղաքապետարանի խորհրդականներից մեկի ոտքի պես,— այդ խորհրդականն էլ էր այցերում գինետունը,— իսկ երկրորդի ոտքը վեց մատ ուներ, ինչպես գինետան մշտական հաճախորդ դեպուտատի ոտքը։ Հիմա պատկերացրեք, պարոն ֆելդկուրատ, որ նրա հետ հյուրանոցներ ու մասնավոր բնակարաններ էին գնացել տասնութ այդպիսի այցելուներ և երկվորյակների վրա յուրաքանչյուրից որևէ նշան էր մնացել։ Դատարանը վճռեց, որ այդպիսի խառնակության պայմաններում դժվար է որոշել, թե հայրն ով է։ Այն ժամանակ Ռուժենան ամբողջ մեղքը բարդեց գինետան տիրոջ վրա, որի մոտ ծառայում էր, և նրա դեմ հայց ներկայացրեց։ Սակայն գինետան տերն ապացուցեց, որ ինքն արդեն քսան տարուց ավելի, ներքին վերջավորությունների բորբոքման պատճառով արված վիրահատությունից հետո, սեռապես անկար է։ Ի վերջո Ռուժենային, պարոն ֆելդկուրատ, քշեցին ձեզ մոտ՝ Նովի Յիչին։ Եվ այստեղից խրատ. շատի հետևից վազողի ձեռքը բան չի ընկնի։ Նա պետք է մեկի օձիքից բռներ և դատարանի առաջ չպնդեր, թե երկվորյակներից մեկը դեպուտատից է, մյուսը քաղաքապետարանի խորհրդականից։ Պետք է ասեր, թե դրանցից մեկից է, և վերջ։ Երեխայի ծնվելու ժամանակը հեշտ է հաշվել, ամսի այսինչ օրը այս մարդու հետ եղել եմ հյուրանոցում, իսկ այսինչ ամսի այսինչ օրը երեխա ծնել։ Իհարկե, եթե ծնունդը նորմալ է եղել, պարոն ֆելդկուրատ։ Այդպիսի հյուրանոցներում մի հնգանոցով միշտ էլ կարելի է վկա գտնել, օրինակ, մի դռնապան կամ աղախին, որոնք ձեզ կերդվեն, թե այն գիշերը այն մարդն իսկապես նրա հետ եղել է և դեռ աստիճաններից իջնելիս Ռոժենան նրան ասել է. «Բա որ բան-ման լինի՞», իսկ նա պատասխանել է. «Մի վախենա, իմ կանիմուրա, երեխայի մասին ես հոգ կտանեմ»։
Ֆելդկուրատը մտածմունքի մեջ ընկավ։ Հիմա հոգևոր մխիթարությունը նրան այնքան էլ հեշտ գործ չէր թվում, թեև նախապես պլանավորել էր, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսեր սիրեցյալ որդու հետ. նա պետք է խոսեր այն անսահման ողորմածության մասին, որ կցուցաբերվի ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր զինվորական հանցագործները գերեզմաններից դուրս կգան պարանները վզներին։ Եթե նրանք զղջացած լինեն, ապա բոլորը ներում կստանան, ինչպես նոր Կտակարանի «խոհեմ ավազակը»։
Նա պատրաստել էր, թերևս, ամենասրտառուչ հոգևոր մխիթարություններից մեկը, որը պետք է կազմված լիներ երեք մասից։ Նախ պիտի զրուցեր այն մասին, թե կախաղանի միջոցով մեռնելը թեթև կթվա, եթե մարդ աստծո հետ լիովին հաշտ լինի։ Ռազմական օրենքը պատժում է թագավոր կայսրին դավաճանելու համար, որը բոլոր զինվորների հայրն է, այնպես որ զինվորի ամենաաննշան զանցանքը պետք է դիտվի որպես հայրասպանություն, որպես հոր դեմ ուղղված վիրավորանք։ Այնուհետև նա ցանկանում էր զարգացնել իր այն տեսությունը, թե թագավոր կայսրը աստծո օծյալն է, որ ինքն աստված նրան նշանակել է աշխարհիկ գործերր վարելու համար, ինչպես հռոմի պապը նշանակված է հոգևոր գործերի համար։ Կայսրին դավաճանելը նշանակում է դավաճանել հենց աստծուն։ Այդպիսով, զինվորական հանցագործին, բացի կախաղանից, սպասում են հավիտենական տանջանքներ և հավիտենական նզովք։ Սակայն եթե աշխարհիկ արդարադատությունը, զինվորական կարգապահության բերումով, չի կարող վճիռը չեղյալ հայտարարել, ապա ինչ վերաբերվում է մյուս պատժին, այսինքն հավիտենական տանջանքներին, այդտեղ դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս դեպքում մարդ կարող է պատժից խուսափել մի փայլուն քայլով՝ ապաշխարհությամբ։