Շվեյկը կանգնեց նարի վրա և ֆելդկուրատին էլ քաշեց-բարձրացրեց այնտեղ։
— Տեսեք, պարոն ֆելդկուրատ, ես նրան բռնեցի, ա՛յ, այսպես․․․ և, թրը՛մփ, ցած գցեցի։
Շվեյկը բարձրացրեց ֆելդկուրատին և նետեց հատակին։ Մինչ ահաբեկված ֆելդկուրատը ոտքի կկանգներ, Շվեյկն ավարտեց իր պատմությունը. «Տեսա՞ք, պարոն ֆելդկուրատ, ձեզ բան չպատահեց։ Պան Ֆաուստինին էլ ճիշտ այդպես բան չեղավ։ Միայն թե այն լուսամուտը այս մահճակից երեք անգամ ավելի բարձր էր։ Ախր, պան Ֆաուստինը թունդ հարբած էր և մոռացել էր, որ Օպատովսկա փողոցում ես ապրում էի առաջին հարկում, և ոչ թե չորրորդ։ Չորրորդ հարկում ես ապրում էի դրանից մի տարի առաջ Կրշեմենցկա փողոցում, որտեղ նույնպես նա ինձ հյուր էր գալիս»։
Ֆելդկուրատը հատակի վրայից սարսափահար նայում էր Շվեյկին, որը նրա գլխավերևում կանգնած՝ թափահարում էր ձեռքերը։
Ֆելդկուրատը համոզվեց, որ գործ ունի խելագարի հետ, և կակազելով ասաց․ «Այո՛, այո՛, սիրեցյալ որդյակ իմ, նույնիսկ ավելի պակաս, քան երեք անգամ»։ Ապա զգուշաբար հասավ դռանը և սկսեց թխթխկացնել ինչքան ձեռքերում ուժ կար։ Նա այնպես զարհուրելի էր բղավում, որ դուռն իսկույն բացեցին։
Շվեյկը լուսամուտի վանդակացանցի միջով տեսավ, թե ինչպես ֆելդկուրատը, ձեռքերը եռանդագին շարժելով, բակով արագ անցնում էր պահակների ուղեկցությամբ։
— Ըստ երևույթին նրան գժանոց կտանեն,— եզրակացրեց Շվեյկը, ցած թռավ նարի վրայից և, զինվորավարի ետ ու առաջ քայլելով, սկսեց երգել.
Քո տված այն մատանին
Ես չեմ դնում իմ մատին։
Ինչի՞ս է պետք, որ դնեմ:
Մատանիքով քո տված
Հրացանն իմ կլցնեմ։
Այդ դեպքից շատ չանցած գեներալ Ֆինկին զեկուցեցին, թէ ֆելդկուրատն եկել է։
Գեներալի մոտ արդեն մեծ հասարակություն էր հավաքվել, ուր գլխավոր դերերը կատարում էին երկու սիրունիկ դամաներ, գինին ու լիկյորները։
Ռազմադաշտային դատարանի նիստին մասնակցած սպաները ներկա էին ամբողջ կազմով։ Բացակայում էր միայն այն հետևակ զինվորը, որն առավոտյան բոլոր ծխողներին վառած լուցկիներ էր մատուցում։
Ֆելդկուրատը հեքիաթի ուրվականի պես աննկատ միացավ այդ ընկերակցությանը։ Նա գունատ էր, հուզված, բայց արժանապատվությամբ լի, հանիրավի ապտակ ստացած մարդու պես։
Գեներալ Ֆինկը, որը վերջերս ֆելդկուրատի հետ շատ ընտանեվարի էր վարվում, նրան քաշեց ու բազմոցի վրա նստեցրեց իր կողքին և հարբածի ձայնով հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ, իմ հոգևոր մխիթարություն»։
Այդ միջոցին ուրախ դամաներից մեկը ֆելդկուրատի վրա «Մեմֆիս» տեսակի մի սիգարետ նետեց։
— Խմեցեք, հոգևոր մխիթարությո՛ւն,— առաջարկեց գեներալ Ֆինկը, ֆելդկուրատի համար գինի լցնելով մի մեծ ու կանաչ գավաթի մեջ։ Բայց քանի որ ֆելդկուրատը միանգամից չխմեց, գեներալն սկսեց նրան իր ձեռքով խմեցնել, և եթե ֆելդկուրատը կուլ չտար ինչպես հարկն է, ապա նա նրան ոտից գլուխ կթրջեր։
Եվ միայն դրանից հետո սկսեցին հարցնել,թե հոգևոր մխիթարության ժամանակ դատապարտյալն իրեն ինչպես էր պահում։ Ֆելդկուրատը ոտքի կանգնեց և ողբերգական ձայնով ասաց․
— Խելագարվե՛ց։
— Ուրեմն, հիանալի մխիթարություն է եղել,— ուրախ քրքջաց գեներալը, և բոլորն ի պատասխան հռհռացին, իսկ դամաները նորից սկսեցին ֆելդկուրատի վրա սիգարետներ նետել։
Սեղանի ծայրին նիրհում էր մայորը, որը չափից ավելի էր խմել։ Նոր մարդ տեսնելուն պես նա աշխուժացավ, շտապով երկու գավաթ լիկյոր լցրեց, աթոռների արանքով իր համար ճանապարհ բացեց և բժժած հոգևոր հովվին ստիպեց իր հետո բրուդերշաֆտ խմել, ապա նորից փլվեց բազկաթոռի վրա և շարունակեց նիրհել։
Այդ գավաթը ֆելդկուրատին խճճեց սատանայի ցանցի մեջ։ Սատանան գրկաբաց մոտենում էր նրան սեղանին դրված ամեն մի շշի միջից, այն ուրախ դամաների հայացքների ու ժպիտների միջից, որոնք իրենց ոտքերն այնպես էին դրել սեղանին, որ ժանյակների միջից նրան նայում էր Բեհեղզեբուղը։
Մինչև վերջին պահը ֆելդկուրատը համոզված էր, որ բանը վերաբերվում է իր իսկ հոգու փրկությանը, որ նա ինքն է նահատակ։
Այդ համոզմունքը նա արտահայտեց այն խոսքերով, որոնցով դիմեց գեներալի երկու սպասյակներին, որոնք նրան տարան ու պառկեցրին հարևան սենյակի բազմոցի վրա.
— Տխրալի, բայց և միաժամանակ վսեմ տեսարան կբացվի ձեր առաջ, երբ դուք անկանխակալ կերպով և մաքուր մտոք հիշեք այնքան փառաբանված նահատակներին, որոնք իրենց զոհեցին հանուն հավատի և սուրբ մարտիրոսների դասը կարգվեցին։ Ինձ նայելով, դուք տեսնում եք, թե ինչպես մարդ բարձր է կանգնում բոլոր տառապանքներից, եթե նրա սրտում ապրում են ճշմարտությունն ու առաքինությունը, որոնք նրան ուժ են տալիս փառավոր հաղթանակ տանելու ամենասոսկալի տառապանքի դեմ։
Այդ ժամանակ աստծո ծառայի դեմքը շուռ տվին դեպի պատը, և նա իսկույն քնեց։
Նրա քունն անհանգիստ էր։
Երազում տեսավ, թե ցերեկը ֆելդկուրատի պարտականություն է կատարում, իսկ երեկոյան հյուրանոցում աշխատում այն բարապան Ֆաուստինի փոխարեն, որին Շվեյկը չորրորդ հարկից ցած էր նետել։