Выбрать главу

Ամեն կողմից նրա վրա բողոքներ էին ուղարկում գեներալին, թե նա պատվիրատուի մոտ շիկահերի փոխարեն սևահեր կին է բերել, իսկ մարդաթող կրթված տիկնոջ փոխարեն՝ անկիրթ այրի։

Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյալ հրեշտակ է։

Շվեյկը նորից իր երթային վաշտում

Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մայորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։

Ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչպես մայորը հեռացավ գեներալի մոտից։ Բոլորն այնպիսի վճակի մեջ էին, որ նրա բացակայությունը ոք չնկատեց, իսկ ինքը գեներալը նույնիսկ չէր կարողանում որոշել, թե իր հետ հյուրերից որն է խոսում։ Արդեն երկու ժամից ավելի մայորը հյուրերի մեջ չէր, իսկ գեներալը բեղերը ոլորելով և հիմարավարի ժպտալով՝ գոռում էր․

― Լա՛վ ասացիք, պարոն մայոր։

Առավոտյան մայորին ոչ մի տեղ գտնել չկարողացան։ Նրա շինելը, ինչպես և թուրը, միջանցքում կախարանից կախված էր, չկար միայն սպայական գլխարկը։ Ենթադրեցին, թե երևի արտաքնոցներից մեկում քնած կլինի։ Խուզարկեցին բոլոր արտաքնոցները, բայց մայորին չհայտնաբերեցին։ Նրա փոխարեն երրորդ հարկում գտան մի քնած պորուչիկ, որը նույնպես գեներալի հյուրերից էր։ Նա քնած էր ծնկաչոք, ունիտազի վրա կռացած, քանզի քունը տարել էր փսխելու ժամանակ։

Մայորը կարծես ջրի տակն էր անցել։ Բայց եթե մեկն ու մեկը ներս նայեր այն խուցի վանդակապատ լուսամուտից, որտեղ կալանված էր Շվեյկը, ապա կտեսներ, որ մի մահճակի վրա ռուսական շինելի տակ քնած են երկու հոգի։ Շինելի տակից երևում էին երկու զույգ սապոգներ, խթանավոր սապոգները մայորինն էին, անխթանները՝ Շվեյկինը։

Նրանք պառկած էին կատվի ձագերի պես իրար կպած։ Շվեյկի թաթը հանգչում էր մայորի գլխի տակ, իսկ մայորը գրկել էր Շվեյկի իրանը, հպվելով նրան, ինչպես լակոտը քած շանը։

Դրա մեջ ոչ մի հանելուկային բան չկար, իսկ ինչ վերաբերվում է մայորին, ապա նրա արածը պարզապես հանդիսանում էր ծառայողական պարտքի գիտակցման արգասիք։

Հավանաբար պատահել է, որ դուք մեկն ու մեկի հետ նստել եք մինչև լուսաբաց, և հանկարծ ձեր բաժակակիցը բռնել է գլուխը, տեղից վեր թռել և գոռացել․ «Հիսո՜ւս Քրիստոս, ես ժամը ութին պետք է պաշտոնավայրում լինեի»։ Դա այսպես կոչված ծառայողական պարտքի գիտակցման նոպա է, որ մարդու բռնում է խղճի խայթի ներգործության հետևանքով։ Այդ ազնիվ նոպայով բռնված մարդուն ոչինչ չի կարող հետ կանգնեցնել սրբազան համոզմունքից, թե նա պարտավոր է անհապաղ լրացնել այն բացը, որ թույլ է տվել իր ծառայության մեջ։ Հենց դրանք են այն անգլխարկ ուրվականները, որոնց բարապանները հիմնարկությունների միջանցքներում բռնում և իրենց խցիկներում պառկեցնում են թախտի վրա, որ մի լավ քնեն։

Ճիշտ այդպիսի նոպա էր բռնել մայորին այդ գիշեր։ Երբ նա արթնացել էր բազկաթոռի մեջ, հանկարծ մտքովն անցել էր, թե պետք է անմիջապես Շվեյկին հարցաքննի։ Ծառայողական պարտքի գիտակցման այդ նոպան վրա էր հասել այնպես հանկարծակի, իսկ մայորն էլ նրան ենթարկել էր այնպիսի արագությամբ ու վճռականությամբ, որ նրա անհետանալն ու բացակայությունը ոչ ոք չնկատեց։ Բայց դրա փոխարեն շատ ավելի զգալի եղավ նրա ներկայությունը զինվորական բանտի պահակատանը, ուր նա ներս ընկավ ռումբի նման։

Հերթապահ ֆելդֆեբելը քնած էր սեղանի հետևում նստած, իսկ նրա շուրջը բազմապիսի պոզաներով ննջում էին ժամապահները։

Մայորը, գլխարկը թեք դրած, սկսեց այնպես հայհոյել, որ հորանջողներն այդպես էլ մնացին բերանները բաց, բոլորի դեմքերն այլայլվեցին։ Վհատված և մի տեսակ ծամածռվելով, մայորին նայում էր ոչ թե զինվորների ջոկատ, այլ սեպերը բացած կապիկների մի ոհմակ։

Մայորը բռունցքը խփեց սեղանին և ֆելդֆեբելի վրա բղավեց.

— Հե՛յ, բռի գեղացի, հազար անգամ ձեզ ասել եմ, որ ձեր զինվորները հոտած խոզերի բանդա են։— Դիմելով քարացած զինվորներին, նա գոռաց.— Զինվորնե՛ր, ձեր աչքերից ապուշություն է թափվում նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եք, իսկ երբ արթնանում եք, անասուննե՛ր, դեմքներդ այնպես եք ծամածռում, որ կարծես ամեն մեկդ մի վագոն դինամիտ եք խժռել։

Դրան հետևեց մի երկար ու հանգամանալից քարոզ ժամապահների պարտականությունների մասին, և ի վերջո մայորը պահանջեց անհապաղ բացել այն խուցը, որտեղ գտնվում է Շվեյկը, քանի որ ցանկանում է հանցագործին նոր հարցաքննության ենթարկել։

Ահա այդպես մայորը գիշերն ընկավ Շվեյկի մոտ։

Նա Շվեյկի խուցը մտավ այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, այլևս գլխին խելք չկար։

Նրա վերջին պոռթկումն այն եղավ, որ հրամայեց բանտի բանալիներն իրեն հանձնել։

Ֆելդֆեբելը մայորի այդ պահանջից իրեն կորցրեց, բայց, հիշելով իր պարտականությունները, հրաժարվեց բանալիները հանձնել, մի բան, որ անսպասելիորեն մայորի վրա շատ լավ տպավորություն գործեց։

— Հե՛յ, հոտած խոզերի բանդա,— գոռաց նա բակում,— եթե բանալիներն հանձնեիք, ես ձեզ ցույց կտայի։

— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց ֆելդֆեբելը, — ստիպված եմ ձեզ վրա դուռը փակել և ձեր անվտանգության համար կալանավորի մոտ պահակ նշանակել։ Եթե կցանկանաք դուրս գալ, պարոն մայոր, բարի եղեք դուռը ծեծել։