Выбрать главу

Երբ հերթը Շվեյկին հասավ, բժիշկ Գրյունշտայնը նայեց նրան և, հիշելով այսօրվա հանելուկային այցելությունը, հարցրեց.

– Դուք բարոնուհու հետ ծանո՞թ եք։

– Ես նրա ապօրինածին որդին եմ,– հանգիստ պատասխանեց Շվեյկը։– Մանուկ հասակում նա ինձ ձգել հեռացել էր, իսկ հիմա նորից գտավ…

Բժիշկ Գրյունշտայնը լակոնիկ ձևով ասաց.

– Շվեյկին լրացուցիչ կլիզմա։

Երեկոյան մահճակների վրա մռայլություն էր տիրում։ Ընդամենը մի քանի ժամ առաջ բոլորի ստամոքսներում զանազան լավ, համեղ բաներ կային, իսկ հիմա դրանց մեջ լցվում էր բաց գույնի թեյ և հացի չորուկ։

Լուսամուտի մոտ պառկած համար 21֊ը երկչոտաբար ասաց.

– Կուզեք հավատացեք, տղե՛րք, կուզեք մի հավատաք, ես տապակած, ճտեր ավելի եմ սիրում, քան խաշած։

Ինչ-որ մեկը քրթմնջաց.

– Մի դրա հախից եկե՛ք։

Բայց բոլորն այնպես թուլացել էին անհաջող կերուխումից հետո, որ ոչ ոք տեղից, չշարժվեց։

Բժիշկ Գրյունշտայնը իր խոսքը կատարեց։ Ցերեկը եկան տխրահռչակ հանձնաժողովի անդամ զինվորական բժիշկները։ Նրանք վեհակերպ տեսքով անցնում էին մահճակների շարքերի մոտով, և այդ ժամանակ լսելի էր միայն երեք բառ. «Լեզուդ ցույց տուր»։ Շվեյկը լեզուն հանեց ըստ կարելույն երկար։ Այդ պահին նրա դեմքը, զոռից ծամածռվելով, մի հիմարական տեսք ընդունեց, և նա կկոցեց աչքերը։

– Համարձակվում եմ զեկուցել, պարոն շտաբի բժիշկ, լեզուս դրանից ավելի դուրս չի գալիս։

Այստեղ Շվեյկի և հանձնաժողովի միջև մի հետաքրքիր վեճ բորբոքվեց։ Շվեյկը պնդում էր, թե ինքն այդ խոսքը նրա համար ասաց, որ բժիշկները չկարծեն, թե նա ուզում է նրանցից իր լեզուն թաքցնել։

Հանձնաժողովի անդամները Շվեյկի մասին խիստ տարբեր կարծիքներ արտահայտեցին։ Հանձնաժողովի կեսը պնդում էր, թե Շվեյկը «ein blöder Kerl»[20] է մինչդեռ մյուս կեսը համառորեն այն կարծիքն էր պաշտպանում, թե նա սրիկայի մեկն է և զինվորական ծառայությունը ծաղրում է։

– Գրո՛ղը տանի,– գոռաց Շվեյկի վրա հանձնաժողովի նախագահը,– մենք ձեր դեմքը կպարզենք։

Շվեյկն ամբողջ հանձնաժողովին նայում էր անմեղ երեխայի աստվածային հանգստությամբ։

Շտաբի ավագ բժիշկը կիպ մոտեցավ նրան։

– Ես կուզենայի իմանալ, ծովախո՛զ, թե դուք հիմա ի՞նչ եք մտածում։

– Համարձակվում եմ զեկուցել, ոչինչ չեմ մտածում։

– Himmeldonnerwetter![21],– գոռաց հանձնաժողովի անդամներից մեկը, թուրը զրնգացնելով։– Կնշանակեք նա ոչինչ չի մտածում։ Իսկ ինչո՞ւ չեք մտածում, Սիամի՛ խոզ։

– Համարձակվում եմ զեկուցել, այն պատճառով, որ զինվորական ծառայության մեջ զինվորները մտածելու իրավունք չունեն։ Երբ սրանից մի քանի տարի առաջ ես ծառայում էի Իննսունմեկերորդ գնդում, մեր կապիտանը միշտ մեզ ասում էր. «Զինվորը չպիտի մտածի, նրա փոխարեն մտածում է նրա պետը։ Երբ զինվորը սկսում է մտածել, նա այլևս զինվոր չէ, այլ ոջլոտ զիբիլ, փալաս։ Մտածելը երբեք լավ բանի…»։

– Լռե՛լ,– զայրացած ընդհատեց Շվեյկին հանձնաժողովի նախագահը։

— Ձեր մասին մենք արդեն տեղեկություններ ունենք։ Der Kerl meint: man wird glauben, er sei ein wirklicher Idiot…[22] Դուք ամենևին էլ ապուշ չեք, Շվե՛յկ, դուք սատանա ու սրիկա եք, դուք ժուլիկ եք, խուլիգան ու խուժան։ Հասկանո՞ւմ եք։

– Ճի՛շտ այդպես, հասկանում եմ։

– Ձեզ ասացին՝ լռել։ Լսեցի՛ք։

– Ճի՛շտ այդպես, լսեցի։ «Լռե՛լ»։

– Himmelhergott! Ուրեմն լռեցեք, երբ ձեզ հրամայում են։ Չէ՞ որ դուք շատ լավ գիտեք, որ չպիտի համարձակվեք բլբլալ։

Պարոնայք զինվորականներն իրար նայեցին։ Ապա կանչեցին ֆելդֆեբելին։

– Այս սուբյեկտին տարեք ցած, գրասենյակ,– հրամայեց շտաբի ավագ բժիշկը, մատնացույց անելով Շվեյկին,– և սպասեցեք մեր կարգադրությանը։ Կայազորի բանտում նրա այդ շաղակրատությանը վերջ կտան։ Տղան եզան պես առողջ է, սիմուլյանտություն է անում և դեռ շաղակրատում է ու իր պետերին ծաղրում։ Կարծում է, թե մենք այստեղ մեխի գլուխ ենք, թե զինվորական ծառայությունը հանաք է, կոմեդիա… Ձեզ, Շվե՛յկ, կայազորի բանտում ցույց կտան, որ զինվորական ծառայությունը խեղկատակություն չէ։

Շվեյկը ֆելդֆեբելի հետ գնաց գրասենյակ և ճանապարհին իր համար քթի տակ դնդնում էր.

Կարծում էի ես համոզված,

Թե պատերազմն հեչ բան է

Եվ թե երկու շաբաթ չանցած

Պիտի լինեմ իմ տանը։

Մինչ գրասենյակում հերթապահ սպան Շվեյկի վրա գոռում էր, թե նրա նման սրիկաներին հարկավոր է գնդակահարել, վերևում, հիվանդանոցի պալատներում, հանձնաժողովը բնաջնջում էր սիմուլյանտներին։ Յոթանասուն բուժվողներից փրկվեցին միայն երկուսը։ Մեկը նա, որի ոտքը նռնակը կտրել էր, մեկն էլ այն հիվանդը, որ իսկական ոսկրափտախտ ուներ։ Միայն այդ երկուսն էին, որ չլսեցին «tauglich» բառը։ Մնացած բոլորը, այդ թվում և մեռնող երեք թոքախտավորները, ռազմաճակատի համար պիտանի համարվեցին։

Այդ առթիվ շտաբի ավագ բժիշկը չհապաղեց արտասանել մի պատշաճ ճառ։ Նրա ճառը համեմված էր ամենաբազմատեսակ հայհոյանքներով և բավական հակիրճ էր։ Բոլորն անասուններ ու զիբիլ են, և միայն այն ժամանակ, երբ նրանք սկսեն քաջաբար կռվել հանուն թագավոր կայսեր, կկարողանան նորից հասարակության իրավահավասար անդամներ դառնալ, և այդ դեպքում պատերազմից հետո նրանց կներեն նաև այն բանի համար, որ փորձել են խուսափել զինվորական ծառայությունից և սիմուլյանտություն արել։ Սակայն ինքն անձամբ համոզված է, որ վաղ թե ուշ նրանց բոլորին կախաղան է սպասում։