— Դու հիմարանա ՞լ։ Այո՞։ Ես լինել այստեղ, ես գնալ այստեղից...— Նա վեր կացավ, մոտեցավ դռանը և սկսեց ամբողջ թափով ծեծել։
Մինչ կգային դուռը բացելու, նա կարողացավ Շվեյկին ասել․
— Եթե հեռագիր չգալ, թե դու՝ դու ինքդ, ապա լինես կախված։
— Սրտանց շնորհակալ եմ,— պատասխանեց Շվեյկը,— ես գիտեմ, պարոն մայոր, որ դուք իմ մասին շատ եք մտածում, բայց եթե, պարո՛ն մայոր, ներքնակից ձեզ վրա միայն մի հատ է քաշվել, և եթե փոքր է ու մեջքը կարմրավուն, ապա համոզված եղեք, որ որձ է։ Եթե ձեզ վրա չեք գտնի մի ուրիշը, որ այդպես երկարավուն ու գորշ լինի և փորի վրա կարմրավուն զոլեր ունենա, ապա դա լավ է, թե չէ զույգ կկազմեին, իսկ այդ անզգամները շատ արագ են բազմանում, ավելի արագ, քան ճագարները։
— Lassen Sie das![15]― ասաց մայորը նվաղուն ձայնով, երբ դուռը բացեցին նրա առաջ։
Պահակատանը մայորն այլևս ոչ մի տեսարան չսարքեց։ Նա շատ զուսպ պատվիրեց կառք կանչել և, Պերեմիշլի զզվելի սալարկի վրա կառքի մեջ դխդխկալով, շարունակ մտածում էր, թե հանցագործն առաջնակարգ ապուշ է, բայց, այնուամենայնիվ, անմեղ անասուն է երևում, իսկ իրեն, մայորին, մնում է անել երկուսից մեկը, կամ տուն վերադառնալուն պես ինքնասպանություն գործել, կամ մարդ ուղարկել գեներալի մոտից շինելն ու թուրը բերելու և գնալ քաղաքային բաղնիք լողանալու, լողանալուց հետո մտնել Ֆոլգրուբերի մոտի գինետունը, այնտեղ մի լավ կազդուրվել և հեռախոսով քաղաքային թատրոնի տոմս պատվիրել։
Իր բնակարանին չհասած, նա որոշեց անել վերջինը։
Բնակարանում նրան սպասում էր մի փոքրիկ անակնկալ։ Նա վրա էր հասել ճիշտ ժամանակին...
Բնակարանի միջանցքում կանգնած էր գեներալ Ֆինկը, որը բռնել էր սպասյակի օձիքից և, նրան ուժով մեկ թափահարելով, բղավում էր․ «Ո՞ւր է մայորդ, անասուն, պատասխանիր, գազա՛ն»։
Բայց գազանը չէր պատասխանում։ Նրա դեմքը կապտել էր, քանզի գեներալը կոկորդը շատ ամուր էր սեղմել։
Ժամանակին վրա հասած մայորը նկատեց, որ դժբախտ սպասյակը թևի տակ ամուր պահում է նրա շինելն ու թուրը, որ ակներևաբար բերել էր գեներալի տան միջանցքից։
Այդ տեսարանը մայորին զվարճալի թվաց, ուստի նա կանգ առավ կիսաբաց դռան առաջ և սկսեց անխոս դիտել տառապանքներն իր հավատարիմ ծառայի, որն իր գողություններով նրան արդեն վաղուց զզվեցրել էր։
Գեներալը մի պահ բաց թողեց կապտած սպասյակին, բայց միայն նրա համար, որ գրպանից մի հեռագիր հանի, որով սկսեց հարվածել սպասյակի դեմքին ու շրթունքներին, միաժամանակ գռռալով․ «Ի՞նչ ես արել քո մայորին, անասո՛ւն, ո՞ւր է քո մայոր-աուդիտորը, անասո՛ւն։ Ես կարո՞ղ եմ նրան պաշտոնական հեռագիր հանձնել»։
— Ես այստեղ եմ,— ձայն ավեց մայոր Դերվոտան, որին «մայոր-աուդիտոր» և «հեռագիր» բառերը նորից հիշեցրին նրա ուղղակի պարտականությունները։
— Վա՛հ,— բացականչեց գեներալ Ֆինկը,— դու վերադարձա՞ր։
Նրա ձայնի տոնի մեջ այնքան թույն կար, որ մայորը ոչինչ չպատասխանեց և անվճռականորեն շարունակեց կանգնած մնալ դռան առաջ։
Գեներալը նրան հրամայեց իր հետևից մտնել սենյակ, և երբ նրանք նստեցին, նա սպասյակի դեմքի վրա քրքրված հեռագիրը նետեց սեղանին և ողբերգական ձայնով ասաց.
— Կարդա՛, սա քո արածն է։
Մինչ մայորը կկարդար հեռագիրը, գեներալը հետ ու առաջ էր վազվզում սենյակում, աթոռներն ու աթոռակները շուռ տալով և գոռալով.
— Եվ այնուամենայնիվ ես նրան կախել կտամ։
Հեռագրի բովանդակությունն այս էր․
«Տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Յոզեֆ Շվեյկը, գործուղված լինելով որպես զորաբնակարանապետ, սույն ամսի 16-ին անհետ կորել է Խիրով—Ֆելդշտայն անցումի ժամանակ։ Անհապաղ հետևակ զինվոր Շվեյկին ուղարկել Վոյայլիչ՝ բրիգադի շտաբ»։
Մայորը բացեց սեղանի արկղը, հանեց քարտեզը և սկսեց միտք անել. քանի որ Ֆելդշտայնը գտնվում է Պերեմիշլից քառասուն կիլոմետր դեպի հարավ-արևելք, ապա անլուծելի հանելուկ է, թե ինչպե՛ս է Շվեյկը ռուսական համազգեստ ձեռք բերել մի վայրում, որը հարյուրհիսուն կիլոմետր ռազմաճակատից հեռու է, քանի որ խրամատները ձգվում են Սոկալ — Տուրզե — Կոզլով գծով։
Երբ մայորը գեներալին այդ բանն ասաց և քարտեզի վրա ցույց տվեց այն վայրը, որտեղ ըստ հեռագրի Շվեյկը կորել էր մի քանի օր առաջ, գեներալը եզան պես բառաչեց, զգալով, որ դաշտային դատարանի վրա դրած իր բոլոր հույսերն ի դերև եղան։ Նա մոտեցավ հեռախոսին, զանգահարեց պահակատուն և հրամայեց անհապաղ կալանավոր Շվեյկին բերել իր մոտ՝ մայորի բնակարանը։ Սպասելով այդ հրամանի կատարմանը, գեներալը անասելի նզովքներով իր ափսոսանքն էր հայտնում, որ չի կարգադրել Շվեյկին կախել անհապաղ, իր անձնական ռիսկով, առանց որևէ հարցաքննության։
Մայորն առարկում և մի գլուխ ինչ-որ բան էր պնդում օրենքի և արդարության մասին, որոնք քայլում են ձեռք-ձեռքի տված, ճոռոմ պարբերություններով ճառախոսում էր արդար դատի, դատական ճակատագրական սխալների և առհասարակ այն ամենի մասին, ինչ գլուխն էր գալիս, որովհետև խումարից գլուխը սաստիկ ցավում էր, և նա խոսակցությամբ մտքերը ցրելու կարիք էր զգում։
Երբ, վերջապես, Շվեյկին բերին, մայորը նրան հրամայեց բացատրել թե Ֆելդշտայնի մոտ ի՛նչ է պատահել և առհասարակ ինչպես է լույս ընկել այդ ռուսական համազզեստը։