Выбрать главу

― Հերիք է,— գոռաց հանկարծ եֆրեյտորը։

— Բախտավոր մարդ եք,— ուրախացավ Շվեյկը,— իսկ ուրիշներին միշտ որևէ բան հերիք չի անում։

— Բրիգադում քեզ խելքի կբերեն, իսկ ես չեմ ուզում քեզ հետ գլուխ դնել,— դա եղավ եֆրեյտորի վերջին խոսքը, որից հետո նա խորասուզվեց կատարյալ լռության մեջ։

Պահակներն առհասարակ քիչ էին զվարճանում։ Հունգարացին գերմանացու հետ զրուցում էր մի հատուկ եղանակով, քանի որ գիտեր միայն գերմաներեն «jawohl»[16] և «was?»[17] բառերը։ Երբ գերմանացին նրան մի բան էր պատմում, հունգարացին գլխով էր անում և շարունակ կրկնում «jawohl», իսկ երբ գերմանացին լռում էր, ասում էր․ «was?» և գերմանացին նորից էր սկսում։ Պահակ չեխն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։

— Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ ստացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր ստանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։

Լեհը ոչինչ չպատասխանեց, և ի վերջո ամբողջ պահակախումբը խորասուզվեց կատարյալ լռության մեջ, կարծես թաղման էին գնում և բարեպաշտորեն խորհում ննջեցյալի մասին։

Այդպես մոտենում էին Վոյալիչին, որտեղ գտնվում էր բրիգադի շտաբը։

* * *

Այդ միջոցին բրիգադի շտաբում տեղի էին ունեցել էական փոփոխություններ։

Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան ժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։

Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։

Հասկանալի է, թե ինչու ամբողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ աեղ էին փոխադրում։ Բայց ընդհանուր առմամբ նա սիրալիր պարոն էր։ Կրտսեր սպաների հետ վարվում էր մտերմաբար և նրանց պատմում, թե մի ժամանակ ինչքա՛ն էր խմում և ինչպիսի համեղ բաներ ուտում, քանի դեռ այդ ցավն իրեն չէր բռնել։

Երբ Շվեյկին հասցրին բրիգադ և հերթապահ սպայի հրամանով նրան համապատասխան գրություններով հանդերձ բերին գնդապետ Հերբիխի մոտ, վերջինիս սենյակում նստած էր պոդպորուչիկ Դուբը։

Սանոկ-Սամբոր ռազմերթից մի քանի օր անց պոդպորուչիկ Դուբին մի նոր փորձանք էր պատահել։

Ֆելդշտայնը անցնելուց հետո տասնմեկերորդ երթային վաշտը պատահել էր ձիերի մի գումակի, որին քշում էին դեպի Սուդովա-Վիշնյայիում գտնվող դրագունական գունդը։ Պոդպորուչիկ Դուբը ինքն էլ չէր իմանում, թե ինչպես հանկարծ խելքին փչեց պորուչիկ Լուկաշին ցույց տալ իր ձիավարական վարպետությունը և թե ինչպես ցատկեց ձիու վրա և նրա հետ միասին անհետացավ մի գետահովտում, որտեղ հետո պոդպորուչիկ Դուբին գտան մի փոքրիկ ճահճի մեջ այնպես պինդ խրված, որ ամենահմուտ այգեպանն էլ չէր կարող նրան այդպես տնկել։ Երբ օղապարանով նրան այնտեղից դուրս քաշեցին, պոդպորուչիկ Դուբը ոչ մի բանից չէր գանգատվում, միայն մահամերձի պես տնքում էր։ Այդ վիճակում նրան տարել էին բրիգադի շտաբ, որի մոտով անցնում էին, և պառկեցրել մի փոքրիկ լազարեթում։ Մի քանի օր հետո ուշքը տեղն էր եկել, և բժիշկը ասել էր, թե մի երկու-երեք անգամ մեջքին ու փորին յոդ կքսեն, որից հետո նա համարձակ կարող է գնալ ու հասնել իր վաշտին։

Հիմա պոդպորուչիկ Դուբը նստած էր գնդապետ Հերբիխի մոտ և նրա հետ զրուցում էր զանազան հիվանդությունների մասին։