Տեսնելով Շվեյկին, Դուբը, որին հայտնի էր հանձնակատարի հանելուկային անհետացումը, բարձրաձայն գոռաց.
— Ուրեմն, դու նորից այստե՞ղ ես։ Շատ սրիկաներ են անհետանում սատանան գիտե թե ուր, բայց վերադառնում են որպես ավելի թունդ սրիկաներ, և դու նրանցից մեկն ես։
Պատկերն ավելի լրացնելու համար հարկ է ասել, որ ձիուն պատահած արկածի հետևանքով պոդպորուչիկ Դուբն ուղեղի թեթև ցնցում էր ստացել։ Ուստի չպետք է զարմանանք, որ, հարձակվելով Շվեյկի վրա, նա աստծուն պայքարի կոչեց ընդդեմ Շվեյկի և չափածո գոռաց.
— Տե՛ր իմ երկնային, քեզ եմ դիմում ես։ Թնդանոթներն են թնդում ծխացող, սուլում գնդակներ թեժ ու սուրացող։ Անհաղթ զորավար, տե՛ր իմ երկնային, օգնիր հաղթելու այս սրիկային։ Ո՞ւր էիր կորել, անզգա՛մ, այսքան ժամանակ։ Այդ ո՞ւմ համազգեստն ես հագել։
Հարկ է ավելացնել նաև, որ պոդագրայով տառապող գնդապետի գրասենյակում հույժ դեմոկրատական կարգեր կային, թեկուզ և միայն պոդագրայի նոպաների միջև ընկած պահերին։ Այստեղ լինում էին բոլոր բարձրաստիճան զինվորականները, որպեսզի լսեին գնդապետի դատողությունները թթված մսասուպի հոտ արձակող ուռած մատի մասին։
Երբ գնդապետ Հերբիխը նոպա չէր ունենում, նրա գրասենյակը լեփ-լեցուն էր լինում ամենատարբեր աստիճաններ ունեցող զինվորականներով, քանզի այդ հազվադեպ րոպեներին նա շատ ուրախ և զրուցասեր մարդ էր դառնում, սիրում էր շուրջն ունկնդիրներ հավաքել և նրանց անպարկեշտ անեկդոտներ պատմել, մի բան, որ նրա վրա շատ լավ ներգործություն էր ունենում, իսկ մնացածներին բավականություն ընձեռում բռնազբոսիկ կերպով ծիծաղելու դեռևս գեներալ Լաուդոնի ժամանակվա հին անեկդոտների վրա։
Այդ օրերին Հերբիխի մոտ ծառայելը շատ հեշտ էր։ Յուրաքանչյուրն անում էր, ինչ խելքին կփչեր, և կարելի է վստահորեն ասել, որ ամեն տեղ, ուր շտաբը գլխավորում էր գնդապետ Հերբիխը, մարդիկ ամբողջ ուժով գողանում և ամեն տեսակ հիմարություններ էին անում։
Այդպես և այսօր։ Շվեյկի հետ միասին գնդապետի գրասենյակը խուժեցին զանազան զինվորական աստիճանավորներ։ Մինչ գնդապետը կկարդար շտաբին հասցեագրված և Պերեմիշլի մայորի ձեռքով կազմված հղագիրը, նրանք լուռ սպասում էին, թե հետո ինչ է լինելու։
Պոդպորուչիկ Դուբը, սակայն, շարունակում էր Շվեյկի հետ սկսած խոսակցությունը իր համար սովորական հաճելի ձևով․
— Դու ինձ դեռ չես ճանաչում, բայց երբ ճանաչես, վախից կսատկես։
Գնդապետը շշմել էր մայորի հղած գրությունից, քանզի վերջինս այդ թուղթը թելադրելիս, տակավին գտնվել էր ալկոհոլային թեթև թունավորման ազդեցության տակ։
Չնայած դրան, գնդապետ Հերբիխը լավ տրամադրության մեջ էր, քանի որ երեկվանից ցավերը դադարել էին, և նրա բութ մատն իրեն գառան պես հանգիստ էր պահում։
— Ուրեմն, իսկապես ասած, ի՞նչ եք արել դուք,— հարցրեց նա Շվեյկին այնպես սիրալիր, որ նախանձից պոդպորուչիկ Դուբի սիրտը կծկվեց, և նա շտապեց պատասխանել Շվեյկի փոխարեն.
— Այս զինվորը, պարոն գնդապետ,— ներկայացրեց նա Շվեյկին,— հիմար է ձևանում, որպեսզի ապուշությամբ իր հանցագործությունները քողարկի։ Ճիշտ է, ես ծանոթ չեմ նրա հետ ուղարկված թղթի բովանդակությանը, բայց, այնուհանդերձ, կռահում եմ, որ այս սրիկան դարձյալ ինչ-որ բան է արել, այն էլ մեծ մասշտաբի։ Եթե ինձ թույլ կտաք, պարոն գնդապետ, ծանոթանալ այդ թղթի բովանդակությանը, ապա ես անպայման կարող կլինեմ ձեզ որոշ ցուցումներ տալ, թե սրա հետ ինչպես պետք է վարվել։
Դիմելով Շվեյկին, նա չեխերեն ասաց․
— Դու խմում ես իմ արյունը։ Զգո՞ւմ ես։
— Խմում եմ,— արժանապատվորեն պատասխանեց Շվեյկը։
— Ահա տեսնում եք ինչ տիպ է, պարոն գնդապետ,— շարունակեց պոդպորուչիկ Դուբը արդեն գերմաներեն։— Դուք ոչինչ չեք կարող նրան հարցնել, առհասարակ հետը խոսել չի լինի։ Բայց վերջիվերջո խոփը դեմ կառնի քարին։ Անհրաժեշտ է նրան մի լավ պատժել։ Թույլ տվեք, պարոն գնդապետ...
Պոդպորուչիկ Դուբը խորասուզվեց Պերեմիշլի մայորի թղթի ընթերցման մեջ և, մինչև վերջ կարդալուց հետո, հաղթականորեն գոչեց.
— Հիմա Շվեյկ, բանդ պրծած է։ Որտե՞ղ ես թողել պետական համազգեստդ։
— Թողել եմ լճակի ամբարտակի վրա, երբ վրաս փորձում էի այս լաթերը, որ իմանայի, թե դրանց մեջ ռուս զինվորն իրեն ինչպես է զգում,— պատասխանեց Շվեյկը։— Դա պարզապես թյուրիմացություն է։
Շվեյկը պոդպորուչիկ Դուբին հանգամանորեն պատմեց, թե ինչ է պատահել այդ թյուրիմացության պատճառով։ Երբ նա վերջացրեց իր պատմությունը, պոդպորուչիկ Դուբը նրա վրա գոռաց.
— Ա՛յ, հիմա արդեն դու ինձ կճանաչես։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ կնշանակե պետական գույքը կորցնել։ Գիտե՞ս, սրիկա, թե ինչ կնշանակե պատերազմի ժամանակ համազգեստը կորցնել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը,— գիտեմ։ Երբ զինվորը զրկվում է համազգեստից, պետք է նորը ստանա։
— Տե՛ր աստված,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— ավանա՛կ, անասո՛ւն, եթե մեկ էլ փորձես ինձ հետ այդպիսի կատակ անել, ապա պատերազմից հետո էլ դեռ մի հարյուր տարի կծառայես բանակում։
Գնդապետ Հերբիխը, որ մինչ այդ հանգիստ ու գործարար տեսքով նստած էր սեղանի հետևում, հանկարծ դեմքը սաստիկ ծամածռեց, քանզի նրա մատը, որ մինչ այդ իրեն հանգիստ էր պահել, հանկարծ հեզ ու հլու գառան փոխարեն դարձավ մռնչացող վագր, վեցհարյուր վոլտանոց էլեկտրական հոսանք, այնպիսի մի մատ, որի ամեն մի ոսկրիկը մուրճով դանդաղորեն փշրում և խիճ են դարձնում։ Գնդապետ Հերբիխը ձեռքը թափ տվեց և ոռնաց շամփուրի վրա խորովվող մարդու ահավոր ձայնով.