— Դո՛ւրս կորեք։ Մի ատրճանակ տվեք ինձ։
Դա ծանոթ բան էր, ուստի բոլորը դուրս թռան Շվեյկի հետ միասին, որին պահակները հրեցին դեպի միջանցք։ Մնաց միայն պոդպորուչիկ Դուբը, որը ցանկացավ այդ՝ իր կարծիքով հարմար պահն օգտագործել Շվեյկին վնասելու համար և լաց լինելու պատրաստ գնդապետին ասաց․
― Պարոն գնդապետ, թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ զինվորը․․․
Գնդապեհտը մլավեց և թանաքամանը շպրտեց պոդպորուչիկի վրա, որից հետո պոդպորուչիկը սարսափահար պատիվ տվեց և թոթովելով․ «Իհարկե, պարոն գնդապետ», անհետացավ դռան հետևում։
Դրանից հետո գնդապետի գրասենյակից դեռ երկար ժամանակ մռնչոց ու ոռնոց էր լսվում։ Ի վերջո ճիչերը դադարեցին։ Գնդապետի մատն անսպասելիորեն նորից գառնուկ դարձավ, պոդագրայի նոպան անցավ։ Գնդապետը զանգահարեց և վերստին հրամայեց Շվեյկին իր մոտ բերել։
— Իսկապես քեզ ի՞նչ է պատահել,— առաջվա պես սիրալիր հարցրեց գնդապետը Շվեյկին։ Ամեն անախորժություն արդեն անցել էր։ Նա նորից իրեն շատ լավ էր զգում և այնպիսի երանության մեջ էր, որ կարծես գրգվում էր ծովափնյա պլյաժում պառկած։
Մտերմաբար ժպտալով գնդապետին, Շվեյկը սկզբից մինչև վերջ պատմեց իր ոդիսականը, զեկուցեց, որ ինքը Իննսունմեկերորդ գնդի տասնմեկեորդ վաշտի հանձնակատարն է և չգիտե, թե առանց իրեն այնտեղ ինչպես են յոլա գնալու։
Գնդապետը նույնպես ժպտաց, ապա արձակեց հետևյալ հրամանը․ «Շվեյկի համար դուրս գրել զինվորական լիտեր Լվովի վրայով մինչև Զոլտանեց կայարանը, ուր վաղը ժամանելու է նրա երթային գունդը, և պահեստից նրան տալ պետական մունդիր և վեց կրոն ութսուներկու հելլեր՝ ճանապարհապարենի փոխարեն»։
Երբ Շվեյկը ավստրիական նոր մունդիրը հագած հեռանում էր բրիգադի շտաբից, դեմ առավ պոդպորուչիկ Դուբին։ Սա շատ զարմացավ, երբ Շվեյկը ըստ բոլոր կանոնների զեկուցեց նրան, ցույց տվեց իր փաստաթղթերը և հոգատար կերպով հարցրեց, թե ինչ հաղորդի պորուչիկ Լուկաշին։
Պոդպորուչիկ Դուբը ոչինչ չգտավ ասելու, բացի «Abtreten!»-ից և, նայելով հեռացող Շվեյկի հետևից, ինքն իրեն քրթմնջաց․ «Դու ինձ դեռ կճանաչես, աստվա՛ծ վկա, դեռ կճանաչես»։
* * *
Զոլտանեց կայարանում հավաքվել էր կապիտան Սագների ամբողջ գումարտակը, բացի վերջապահից` տասնչորսերորդ վաշտից, որը Լվովը թևանցելիս ինչ-որ տեղ կորել էր։
Մտնելով այդ գյուղաքաղաքը, Շվեյկն իրեն գտավ բոլորովին նոր իրադրության մեջ։ Ընդհանուր աշխուժությունից երևում էր, որ հեռու չէր ռազմաճակատը, որտեղ կոտորած էր տեղի ունենում։ Ամենուրեք կանգնած էին թնդանոթներ ու գումակներ, բոլոր տներից դուրս էին գալիս զանազան գնդերի զինվորներ, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում գերմանացիները, որոնք, արիստոկրատների պես, ավստրիացի զինվորներին սիգարետներ էին բաժանում իրենց հարուստ պաշարից։ Հրապարակում տեղ բռնած գերմանական խոհանոցների մոտ նույնիսկ գարեջրի տակառներ էին դրված։ Գերմանացի զինվորներին ճաշի և ընթրիքի ժամանակ գարեջուր էին տալիս, իսկ նրանց շուրջը, քաղցած կատուների պես, ցիկորիի կեղտոտ եփուկից ուռած փորերով, թափառում էին լքյալ ավստրիացի զինվորները։
Երկար կապաներով պեյսավոր հրեաները, խումբ-խումբ հավաքված, ձեռքները թափահարելով ցույց էին տալիս արևելքում երևացող ծխի ամպերը։ Ամենուրեք գոռում էին, թե Բուգ գետի ափին վառվում են Ուտիշկուվը, Բուսկը և Դերևյանին։
Պարզ լսվում էր թնդանոթների որոտը։ Նորից սկսեցին գոռգոռալ, թև ռուսները Գրաբովի կողմից ռմբակոծում են Կամյոնկա Ստրումիլովան և թե մարտեր են մղվում Բուգի երկայնքով մեկ, թե զինվորները կանգնեցնում են փախստականներին, որոնք արդեն պատրաստվել էին վերադառնալ Բուգի այն ափը՝ իրենց տները։
Ամենուրեք իրարանցում էր, և ոչ ոք ստույգ չգիտեր, թե ինչ են անում ռուսները, արդյոք նորից հարձակմա՞ն են անցել թե շարունակում են իրենց անվերջանալի նահանջը ամբողջ ռազմաճակատով։
Դաշտային ժանդարմերիայի պարեկները րոպեն մեկ գյուղաքաղաքի գլխավոր պարետանոց էին բերում որևէ ահաբեկված հրեայի։ Սուտ ու սխալ լուրեր տարածելու համար այդ դժբախտ հրեաներին այնտեղ ծեծելով արյունլվիկ էին անում և ապա բաց թողնում ճիպոտահարությունից կապտած հետույքներով։
Եվ այդպես Շվեյկն ընկավ այդ իրարանցման մեջ և փորձեց գտնել իր երթային վաշտը։ Դեռևս կայարանում մազ մնաց, որ նա ընդհարվեր հանգրվանային վարչության հետ։ Երբ նա մոտեցավ այն սեղանին, ուր տեղեկություններ էին տալիս իրենց զորամասերը փնտրող զինվորներին, ինչ-որ կապրալ սկսեց Շվեյկի վրա գոռալ, թե արդյոք չէ՞ր ցանկանա, որ նրա փոխարեն ինքը գտներ նրա երթային վաշտը։ Շվեյկն ասաց, թե ուզում է միայն այն իմանալ, թե այս գյուղաքաղաքում որտեղ է տեղավորված այսինչ երթային գումարտակի Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտը։
— Ինձ համար շատ կարևոր է իմանալ,— ընդգծեց Շվեյկը,— թե որտեղ է տասնմեկերորդ երթային վաշտը, քանի որ ես այդ վաշտի հանձնակատարն եմ։