Դժբախտաբար, հարևան սեղանի մոտ նստած էր ինչ-որ շտաբի գրագիր, որը վագրի պես տեղից վեր ցատկեց և նույնպես սկսեց Շվեյկի վրա գոռալ․
― Նզովյա՛լ խոզ, հանձնակատար ես և չե՞ս իմանում, թե որտեղ է քո երթային վաշտը։
Շվեյկը դեռ բերանը չէր բացել, երբ շտաբի գրագիրն անհետացավ գրասենյակում և այնտեղից բերեց մի չաղ պորուչիկի, որն այնպիսի պատկառելի տեսք ուներ, որ կարծես մսի խոշոր ֆիրմայի տեր լիներ։
Հանգրվանային վարչությունները միաժամանակ ծուղակի դեր էին խաղում այն թափառական, վայրենացած զինվորների համար, որոնք, հավանաբար, դեմ չէին լինի ամբողջ պատերազմի ընթացքում փնտրել իրենց զորամասերը և թրև գալ հանգրվաններում, և որոնք հանգրվանային վարչություններում մի առանձին բավականությամբ էին հերթի կանգնում այն սեղանների մոտ, որոնց վերևում կախված էր «Miliagegeld»[18] ազդատախտակը։
Երբ չաղ պորուչիկը ներս մտավ, ավագ գրագիրը գոչեց․
— Habt Acht[19],— և պորուչիկը Շվեյկին հարցրեց․
— Փաստաթղթերդ ո՞ւր են։
Շվեյկը ներկայացրեց փաստաթղթերը, և պորուչիկը հավաստիանալով Շվեյկի՝ շտաբից-վաշտ մարշրուտի ճշտությանը, թղթերը վերադարձրեց և սեղանի մոտ նստած կապրալին բարյացակամորեն ասաց․ «Իրազեկ դարձրեք նրան»,— և նորից մտավ իր գրասենյակը։
Երբ դուռը նրա հետևից շրխկալով փակվեց, շտաբային գրագիր-ֆելդֆեբելը բռնեց Շվեյկի ուսից և, նրան մոտեցնելով դռանը, իրազեկ դարձրեց հետևյալ կերպ․
— Կորիր այստեղից, հոտածի՛ մեկը։
Այդպիսով Շվեյկը նորից ընկավ այդ իրարանցման մեջ։ Հուսալով գումարտակից որևէ ծանոթի հանդիպել, նա երկար թափառեց փողոցներում, մինչև որ, վերջապես, ամեն ինչ բախտախաղի դրեց։ Կանգնեցնելով մի գնդապետի, նա կոտրատված գերմաներենով նրան հարցրեց, թե արդյոք պարոն գնդապետը չգիտե՞ որտեղ է տեղավորված նրա՝ Շվեյկի գումարտակն ու երթային վաշտը։
— Դու կարող ես ինձ հետ չեխերեն խոսել,— ասաց գնդապետը,— ես էլ չեխ եմ։ Քո գումարտակը տեղավորված է շատ մոտիկ, Կլիմոնտովո գյուղում, որ երկաթգծի այն կողմում է, բայց ավելի լավ կլինի այնտեղ չգնաս, որովհետև Կլիմոնտովո մտնելիս ձեր վաշտերից մեկի զինվորները հրապարակում բավարացիների հետ կռիվ են սարքել։
Շվեյկը դիմեց դեպի Կլիմոնտովո։
Գնդապետը հետ կանչեց Շվեյկին, ձեռքը տարավ գրպանը և նրան հինգ կրոն տվեց սիգարետ գնելու համար, ապա մի անգամ էլ քնքշաբար հրաժեշտ տալով, թողեց հեռացավ, ինքն իրեն միտք անելով․ «Ի՜նչ համակրելի զինվոր է»։
Շվեյկը շարունակեց իր ճանապարհը դեպի գյուղ։ Մտածելով գնդապետի մասին, նա հիշեց համանման մի դեպք, տասներկու տարի առաջ Տրենտոյում Հեբերման անունով մի գնդապետ կար, որը զինվորների հետ նույնպես քնքշաբար էր վարվում։ Բայց ի վերջո պարզվեց, որ նա արվամոլ է և Ադիջեի մոտի կուրորտում ցանկացել է բռնաբարել մի կադետի, նրան սպառնալով կարգապահական տույժ տալ։
Այդպիսի մռայլ մտքերով Շվեյկն հասավ մոտակա գյուղը։ Նա առանց դժվարության գտավ գումարտակի շտաբը։ Չնայած որ գյուղը մեծ էր, այնտեղ միայն մի կարգին շինություն կար՝ գյուղական մեծ դպրոցը, որր Գալիցիայի երկրամասային վարչությունը այդ զուտ ուկրաինական երկրամասում կառուցել էր գյուղի լեհականացումն արագացնելու համար։
Պատերազմի ժամանակ այդ դպրոցը մի քանի փուլեր էր անցել։ Այդտեղ տեղավորված էին եղել ռուսական և ավստրիական շտաբները, իսկ Լվովի բախտը որոշող մեծ մարտերի ժամանակ մարզադահլիճը դարձրել էին վիրահատարան, որտեղ ոտքեր ու ձեռքեր էին կտրում և գանգեր շաղափում։
Դպրոցի հետևում, դպրոցական պարտեզում, մեծ տրամաչափի արկի պայթյունից մի մեծ փոս էր գոյացել։ Պարտեզի անկյունում մի հաստաբուն տանձենի կար, որի ճյուղից կախ ընկած տարուբերվում էր այն պարանի կտորը, որով վերջերս կախել էին տեղիս հունակաթոլիկ քահանային։ Նրան կախել էին տեղիս դպրոցի լեհ դիրեկտորի մատնությամբ և այն մեղադրանքով, թե ստարոռուսների կուսակցության անդամ է եղել և ռուսական օկուպացիայի ժամանակ եկեղեցում պատարագ է մատուցել հանուն ռուսաց ուղղափառ ցարի զենքի հաղթանակի։ Դա ճիշտ չէր, քանի որ մեղադրյալն այդ ժամանակ առհասարակ այդտեղ չէր եղել։ Այդ ժամանակ նա գտնվում էր մի փոքրիկ կուրորտում, որին պատերազմը չէր դիպել,— Բոխնա-Զամուրովանում, որտեղ բուժվում էր լեղապարկի քարերի պատճառով։
Հունակաթոլիկ քահանայի կախվելու մեջ դեր էին կատարել մի քանի գործոններ՝ ազգությունը, կրոնական երկպառակությունը և մի հավ։ Բանն այն է, որ դժբախտ քահանան պատերազմն սկսվելուց քիչ առաջ իր բանջարանոցում սպանել էր դիրեկտորի հավերից մեկին, քանզի այդ հավերը կտցահարում էին նրա ցանած սեխի սերմերը։
Հանգուցյալ հունակաթոլիկ քահանայի տունը անտեր էր մնացել, և, կարելի է ասել, ամեն մեկը մի բան էր վերցրել իբրև քահանայից մնացած հիշատակ։
Մի լեհ գյուղացի տուն էր տարել նույնիսկ հին դաշնամուրը, որի կափարիչը օգտագործել էր խոզանոցը նորոգելու համար։ Կահույքի մի մասը, ինչպես ընդունված է, զինվորները ջարդել ու վառել էին փայտի փոխարեն, և միայն երջանիկ պատահականությամբ խոհանոցում անվնաս էր մնացել խոշոր վառարանը իր նշանավոր պլիտայով, քանզի հունակաթոլիկ քահանան ոչնչով չէր տարբերվում իր հռոմեակաթոլիկ կոլեգաներից․ սիրում էր ուտել, ինչպես և սիրում էր, որ պլիտայի վրա ու ջեռոցի մեջ շատ պուտուկներ ու թավաներ լինեն։