Ավանդություն էր դարձել այդ խոհանոցում պատրաստել բոլոր եկող-գնացող զորամասերի սպաների ճաշը։ Վերին մեծ սենյակում սպայական ժողովարանի պես մի բան էին սարքել, որի սեղաններն ու աթոռները հավաքել էին գյուղի բնակիչներից։
Հենց այսօր գումարտակի սպաները հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։ Բաժնեդրանքով մի խոզ էին առել, և խոհարար Յուրայդան այդ առիթով սպաների համար փառահեղ խնջույք էր պատրաստում։ Յուրայդան շրջապատված էր սպասյակների թվին պատկանող զանազան պնակալեզներով, որոնց մեջ աչքի էր ընկնում ավագ գրագիր Վանեկը, որը նրան խորհուրդ էր տալիս խոզի գլուխն այնպես հատել, որ դնչի կտորը մնա իր համար։
Ամենից շատ Բալոունն էր չռել աչքերը։ Հավանաբար ճիշտ այդպիսի ագահությամբ և ցանկասիրությամբ են մարդակերները նայում այն միսիոներին, որին խորովում են շամփուրի վրա և որից ծորում է ճարպն ու շուրջը տարածում խորխոզիի հաճելի բույրը։ Բալոունը իրեն զգում էր կաթնավաճառի սայլին լծված շան պես, որի մոտով երշիկագործի աշակերտը գլխին դրած տանում է թարմ սոսիսկիների զամբյուղը։ Սոսիսկիները կախվել են շղթայի պես, խփվում են տանողի մեջքին։ Դժվար չէ ցատկել ու բռնել, եթե չլիներ լծասարքի զզվելի փոկն ու այդ նողկալի դնչակալը։
Իսկ լյարդաթոքի ֆարշը, լյարդաթոքի երշիկի այդ վիթխարի սաղմը, իր գոյացման առաջին փուլում դրված էր տախտակի վրա և պղպեղի, ճարպի, լյարդի անուշ հոտ էր արձակում։
Թևերը քշտած Յուրայդան այնքան պատկառելի էր, որ նրան նայելով կարելի էր նկարել, թե աստված ինչպես է քաոսից արարում երկիրը։
Բալոունը չդիմացավ և սկսեց հեծեծալ, իսկ հեծեծանքն աստիճանաբար վերածվեց վայնասունի։
— Ի՞նչ ես եզան պես բառաչում,— հարցրեց նրան խոհարար Յուրայդան։
— Միտս ընկավ հայրենի տունս,— հեկեկալով պատասխանեց Բալոունը,— երբ տանը երշիկ էին պատրաստում, ոտս մի րոպե դուրս չէի դնում։ Նույնիսկ ամենալավ հարևանիս երբեք բաժին չէի հանում, ուզում էի բոլորը մենակ ինքս լափեմ․․․ և լափում էի։ Մի անգամ չափից շատ լյարդաթոքի երշիկ, արնաերշիկ ու բուժենինա լափեցի, և բոլորը կարծում էին, թե պիտի տրաքեմ ու սկսեցին ինձ մտրակելով բակում վազեցնել յոնջայից ուռած կովի պես։
— Պան Յուրայդա, թույլ տվեք այդ ֆարշի համը տեսնել, որից հետո թող ինձ կապեն։ Թե չէ այս տանջանքներին չեմ դիմանա։
Բալոունը վեր կացավ նստարանից և, հարբածի նման օրորվելով, մոտեցավ սեղանին ու թաթը պարզեց ֆարշի կույտին։
Համառ պայքար սկսվեց։ Ներկա գտնվողներին դժվարությամբ հաջողվեց թույլ չտալ Բալոունին, որ հարձակվի ֆարշի վրա։ Բայց երբ նրան խոհանոցից դուրս էին նետում, նա կատաղաբար հափշտակեց լյարդաթոքի երշիկի համար կճուճի մեջ ջուր դրած աղիքները, և այդ բանում նրան խանգարել չկարողացան։
Խոհարար Յուրայդան այնպես կատաղեց, որ փախչող Բալոունի հետևից մի կապ փայտյա ձողիկներ շպրտեց ու բղավեց․
— Ա՛ռ, լափիր, շուն շանորդի։
Այդ միջոցին գումարտակի սպաներն արդեն հավաքվել էին վերևում և հանդիսավորապես սպասելով այն բանին, ինչ ծնունդ էր առնում ներքևում՝ խոհանոցում, ուրիշ ալկոհոլ չունենալով, հասարակ հացօղի էին խմում, որին սոխի խաշույով դեղին գույն էր տրված։ Հրեա խանութպանն ասել էր, թե դա ամենալավ տեսակի, իսկական ֆրանսիական կոնյակ է, որն ինքը ժառանգել է հորից, սա էլ իր հերթին՝ նրա պապից։
— Հե՛յ, լսիր,— կոպտաբար նրան ընդհատել էր կապիտան Սագները,— եթե մեկ էլ կրկնես, թե քո պապն այս կոնյակը գնել է ֆրանսիացիներից, երբ նրանք փախչում էին Մոսկվայից, կհրամայեմ քեզ բռնել ու այնքան պահել, մինչև որ քո գերդաստանի ամենակրտսերը դառնա ամենաավագ։
Մինչ նրանք ամեն մի կումից հետո նզովում էին ձեռներեց հրեային, Շվեյկը նստած էր գումարտակի գրասենյակում, որտեղ հոժարական Մարեկից բացի ոչ ոք չկար։ Մարեկը օգտվում էր Զոլտանցում գումարտակի ուշանալու հանգամանքից, որպեսզի առաջուց նկարագրեր մի քանի հաղթական ճակատամարտեր, որոնք ամենայն հավանականությամբ ապագայում պիտի տեղի ունենային։
Մարեկն առայժմ ուրվագրումներ էր անում։ Մինչև Շվեյկի գալը նա կարողացել էր գրել միայն այսքանը․ «Եթե մեր հոգու աչքի առջև կանգնեն այն բոլոր հերոսները, որ մասնակցել են N գյուղի մոտ տեղի ունեցած մարտերին, ուր մեր գումարտակի հետ կողք-կողքի մարտնչում էին N գնդի գումարտակներից մեկը և N գնդի մի այլ գումարտակ, ապա կտեսնենք, որ մեր N գումարտակը ցուցաբերեց ստրատեգիական փայլուն կարողություններ և անկասկած նպաստեց N դիվիզիայի հաղթանակին, այն դիվիզիայի, որի խնդիրն էր վերջնականապես ամրացնել մեր դիրքերը N շրջանում»։
— Այ, տեսնում ես,— ասաց Շվեյկը հոժարականին,— նորից այստեղ եմ։
— Թույլ տուր քեզ հոտոտել,— ասաց զգացված հոժարական Մարեկը։— Հը՛մ, իրոք որ քեզնից բանտի հոտ է գալիս։
— Ինչպես միշտ, պատճառը մի փոքրիկ թյուրիմացություն էր,— ասաց Շվեյկը։— Իսկ դու ի՞նչ ես անում։
— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց Մարեկը,— թդթի վրա պատկերում եմ Ավստրիայի հերոս պաշտպաններին, բայց դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Առկա է միայն «N»-ը։ Ընդգծում եմ, այդ տառը ներկայումս հասել է արտակարգ կատարելության և ավելի մեծ կատարելության կհասնի ապագայում։ Կապիտան Սագները, բացի իմ արդեն հայտնի ընդունակություններից, իմ մեջ հայտնաբերել է մաթեմատիկական բացառիկ տաղանդ։ Ես հիմա պետք է ստուգեմ գումարտակի հաշիվները և առայժմ հանգել եմ այն եզրակացության, որ գումարտակը միանգամայն պասիվ է և միայն առիթի է սպասում որևէ կերպ համաձայնության գալու իր ռուս վարկատուների հետ, քանի որ և պարտությունից, և հաղթանակից հետո ամբողջ թափով գողանում են։ Ի դեպ, դա կարևոր չէ։ Եթե նույնիսկ մեզ գլխովին ջախջախեն,— ահավասիկ մեր հաղթանակի փաստաթուղթը, քանի որ ինձ, որպես մեր գումարտակի պատմաբանի, պատվավոր առաջադրանք է տրված գրելու․ «Գամարտակը նորից գրոհի նետվեց թշնամու վրա, որն արդեն կարծում էր, թե հաղթանակն իր կողմն է։ Մեր զինվորների հարձակումը և սվինագրոհը մի րոպեի գործ եղան։ Թշնամին գլխապատառ փախչում է, թափվում իր իսկ խրամատների մեջ, մենք նրան սվիններով անխնա խոցոտում ենք, այնպես որ նա անկանոն կերպով լքում է խրամատները, մեր ձեռքում թողնելով վիրավորված ու չվիրավորված գերիներ։ Դա ամենափառապանծ պահերից մեկն է։ Ով մարտից հետո ողջ կմնա, դաշտային փոստով մի այսպսի նամակ կուղարկի տուն․ «Քամակին տվին, թանկագի՛ն կնիկ։ Ես ողջ և առողջ եմ։ Մեր չարաճճիկին ծծից կտրե՞լ ես։ Միայն թե նրան մի սովորեցրու ուրիշներին պապա ասել, դա ինձ համար հաճելի չի լինի»։ Հետո գրաքննությունը նամակից կջնջի «քամակին տվին»-ը, քանի որ հայտնի չէ, թե ում քամակին են տվել, դա կարելի է տարբեր կերպ հասկանալ, որովհետև պարզ չի արտահայտված։