Մի երիտասարդ զինվորական բժիշկ, մաքուր և դեռևս չփչացած հոգու տեր մեկը, շտաբի ավագ բժշկից խոսք խնդրեց։ Նրա ճառը պետի ճառից տարբերվում էր իր լավատեսությամբ ու միամտությամբ։ Նա խոսում էր գերմաներեն։
Նա երկար ու բարակ ճառում էր, թե նրանցից յուրաքանչյուրը, ով թողնելու է հիվանդանոցը և վերադառնալու իր գունդը, պետք է հաղթող և ասպետ լինի։ Նա համոզված է, որ նրանք պատերազմի դաշտում կկարողանան տիրապետել զենքին և ամենուրեք, թե՛ պատերազմում և թե՛ անձնական կյանքում ազնիվ լինել. որ նրանք անպարտելի մարտիկներ կլինեն և երբեք չեն մոռանա Ռադեցկու և իշխան Եվգենի Սավոյսկու փառքը, որ իրենց արյունով կարգասավորեն ավստրիական միապետության փառաց անծայրածիր դաշտերը և պատվով կկատարեն այն միսիան, որ պատմությունը դրել է նրանց վրա։ Անվեհեր խոյանքով, չխնայելով իրենց կյանքը, նրանք, իրենց գնդերի՝ գնդակներով ծակծկված դրոշների ներքո, առաջ կնետվեն դեպի նո՜ր փառք, դեպի նորանո՜ր հաղթանակներ…
Միջանցքում շտաբի ավագ բժիշկը այդ պարզամիտ երիտասարդին ասաց.
– Լսեցե՛ք, կոլեգա, կարող եմ ձեզ հավատացնել, որ իզուր էիք ջանում։ Ո՛չ Ռադեցկին, ո՛չ ձեր այդ Եվգենի Սավոյսկին չէին կարողանա այս սրիկաներին զինվոր դարձնել։ Դրանց հետ ինչպես էլ խոսես, միևնույն է, չեն ազդվի։ Դա ավազակների մի ոհմակ է։
Շվեյկը կայազորի բանտում
Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայեր հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։
«Ես չեմ ուզում, որ ինձ ատեն բռնության համար»,– ասել էր նա ինքն իրեն և հանգիստ խղճով գողացել ժամացույցը։ Սկզբում քննել էին նրա հոգեկան վիճակը, և միայն այն ժամանակ, երբ նա ասել էր, թե ժամացույցը գողացել է հարստանալու նպատակով, ուղարկել էին կայազորի բանտը։
Կայազորի բանտում շատերը նստած էին գողության կամ խարդախության համար։ Այնտեղ նստած էին իդեալիստներ և ոչ իդեալիստներ, այնպիսի մարդիկ, որ զինվորական ծառայությունն անձնական եկամուտների աղբյուր էին համարում, այն է՝ ինտենդանտության թիկունքային ու ռազմաճակատային այլևայլ հաշվապահներ, որոնք ամեն տեսակի օյիններ էին խաղացել զինվորների պարենի և ռոճիկի գլխին, ապա մանր գողեր, որոնք հազար անգամ ավելի ազնիվ էին, քան այն խարդախները, որ նրանց ուղարկել էին այդտեղ։ Բացի դրանից, կայազորի բանտում նստած էին նաև շարքային զինվորներ՝ զուտ զինվորական բնույթի հանցանքների համար, որպիսիք են կարգապահության խախտումը, խռովություն առաջացնելու փորձերը, դասալքությունը։ Մի առանձին խումբ էին կազմում քաղաքական կալանավորները, որոնց ութսուն տոկոսը միանգամայն անմեղ էր։ Այդ անմեղների իննսունինը տոկոսը դատապարտված էր։
Ռազմա-իրավաբանական ապարատը հոյակապ էր։ Այդպիսի դատական ապարատ ունի քաղաքական, տնտեսական ու բարոյական ընդհանուր փլուզման առաջ կանգնած ամեն մի պետություն։ Երբեմնի հզորության և փառքի լուսապսակը պահպանում էին դատարանները, ոստիկանությունը, ժանդարմերիան և մատնիչների ծախու ոհմակը։
Յուրաքանչյուր զորամասում Ավստրիան լրտեսներ ուներ, որոնք մատնում էին իրենց ընկերներին, որոնց հետ միասին քնում էին միևնույն նարերի վրա և որոնց հետ արշավանքների ժամանակ կիսում էին իրենց մի կտոր հացը։
Կայազորի բանտին թարմ նյութ էր մատակարարում նաև քաղաքացիական ոստիկանությունը՝ պարոնայք Կլիման, Սլավիչեկը և ընկերությունը։
Զինվորական գրաքննությունը այստեղ էր ուղարկում տանը հուսահատական վիճակում մնացածների և ռազմաճակատի միջև տեղի ունեցող նամակագրությունների հեղինակներին։ Ժանդարմներն այստեղ բերում էին ծեր, անաշխատունակ գյուղացիների, որոնք նամակներ էին ուղարկել ռազմաճակատ, իսկ զինվորական դատարանը նրանց դատապարտում էր տասներկու տարվա բանտարկության՝ իրենց մխիթարիչ խոսքերի և տանը թագավորող աղքատությունը նկարագրած լինելու համար։
Գրադչանիի կայազորային բանտի ճանապարհը Բրժևնովի միջով տանում էր դեպի Մոտոլի հրապարակը։ Առջևից, զինվորների ուղեկցությամբ, քայլում էր մի մարդ ձեռքերին երկաթյա կալանդներ, իսկ նրա հետևից շարժվում էր մի սայլակ, մեջը՝ ղագաղ։ Մոտոլի հրապարակում հնչում էր «An! Feuer!»[23] կերկերաձայն հրամանը։ Իսկ հետո բոլոր գնդերում ու գումարտակներում կարդում էին գնդին տրված հրամանը նորակոչիկներից մեկի հերթական գնդակահարության մասին, որի պատճառն այն է եղել, որ նորակոչիկը «ապստամբություն» է բարձրացրել այն բանի համար, որ կապիտանը թրով հարվածել է նրա կնոջը, որը ոչ մի կերպ չի կարողացել իր ամուսնուց բաժանվել։