— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ Դուբը գտնվում է բրիգադում, ուղեղի ցնցում ունի, խնդրեց ձեզ բոլորիդ շատ բարով անել։ Խնդրում եմ տալ իմ ռոճիկը և թութունի փողը։
Կապիտան Սագները և պորուչիկ Լուկաշը հարցական հայացքներով իրար նայեցին, բայց այդ պահին դուռը բացվեց և փայտյա չանով ներս բերին խոզի փորոտիքի գոլորշապատ սուպը։
Դա սկիզբն էր այն հաճույքների, որոնց բոլորն սպասում էին։
— Թշվառակա՛ն,— քրթմնջաց կապիտան Սագները, որի տրամադրությունը մոտալուտ երանության կանխավայելումից լավացել էր,— ձեզ փրկեց միայն մորթված խոզի պատվին սարքված խնջույքը։
— Շվե՛յկ,— ավելացրեց պորուչիկ Լուկաշը,— եթե մեկ էլ ձեզ այդպիսի բան պատահի, բաններդ վատ կլինի։
— Համարձակվում եմ զեկուցել, իմ բանը պետք է վատ լինի,— հաստատեց Շվեյկը, պատիվ տալով։— Երբ մարդ գտնվում է զինվորական ծառայության մեջ, պետք է իմանա և հասկանա․․․
— Չքվեցե՛ք,— գոռաց կապիտան Սագները։
Շվեյկը չքվեց և իջավ խոհանոց։
Վշտահար Բալոունը վերադարձել էր նույն այդ տեղը և խնջույքում պորուչիկ Լուկաշին սպասարկելու թույլտվության էր խնդրում։
Շվեյկը ներս մտավ խոհարար Յուրայդայի և Բալոունի վեճի ամենաթունդ պահին։
Յուրայդան գործ էր ածում ոչ այնքան հասկանալի արտահայտություններ․
— Դու անկշտում էակ ես,— ասում էր նա Բալոունին,— դու կարող ես լափել մինչև յոթերորդ քրտինք։ Պատկերացնում եմ, թե ինչ օրհասային տանջանքներ կապրեիր, եթե թույլ տայի, որ լյարդաթոքի երշիկը վերև տանեիր։
Խոհանոցն հիմա բոլորովին այլ տեսք ուներ։ Գումարտակների և վաշտերի ավագ գրագիրներն անուշ էին անում ըստ խոհարար Յուրայդայի մշակած պլանի։ Գումարտակային գրագիրները, վաշտային հեռախոսավարները և մի քանի ենթասպաներ լվացարանի ժանգոտած կոնքի միջից ագահորեն խփշտում էին խոզի փորոտիքի սուպը, որին եռացրած ջուր էին խառնել, որպեսզի բոլորին բավականացներ։
— Բարև՛,— ողջունեց Շվեյկին ավագ գրագիր Վանեկը մի տոտիկ կրծելով։— Հենց նոր հոժարական Մարեկն այստեղ էր և հայտնեց, որ դուք նորից վաշտումն եք և ձեզ վրա նոր մունդիր կա։ Լա՜վ փորձանքի մեջ ընկա ձեր երեսից։ Մարեկն ինձ վախեցնում է, որ ձեր համազգեստի պատճառով մենք երբեք չենք կարողանա բրիգադի հետ հաշիվները փակել։ Ձեր մունդիրը գտել են լճակի ամբարտակի վրա, և մենք գումարտակի գրասենյակի միջոցով այդ մասին հայտնել ենք բրիգադին։ Ինձ մոտ դուք համարվում եք լողանալու ժամանակ խեղդված։ Պարզապես պետք է չվերադառնայիք և կրկնակի մունդիրով մեզ անախորժություններ չպատճառեիք։ Դուք գաղափար իսկ չունեք, թե բրիգադի գլխին ինչ խաղ եք խաղացել։ Ձեր համազգեստի ամեն մի մասը մուտք է արված։ Վաշտի առկա համազգեստների իմ ցուցակներում այդ համազգեստը նշված է որպես ավելցուկ, այսինքն վաշտում մի ձեռք համազգեստ ավելի է։ Այդ մասին ես արդեն գումարտակին հայտնել եմ։ Հիմա մեզ բրիգադից հայտագիր կուղարկեն, թե դուք նոր համազգեստ եք ստացել, այնինչ գումարտակն առկա համազգեստների ցուցակում նշել է, թե մի ձեռք ավելի համազգեստ կա։ Ես գիտեմ, թե դա ինչով կվերջանա, դրա պատճառով կարող են ռևիզիա նշանակել։ Իսկ երբ գործը այդպիսի չնչին բանի է վերաբերվում, անպայման կգան հենց ինտենդանտությունից։ Թեև երբ երկու հազար զույգ սապոգ է կորչում, ոչ ոք չի հետաքրքրվում։
— Բայց մեզ մոտ ձեր համազգեստը կորել է,— ողբերգականորեն հայտնեց Վանեկը, ծծելով ձեռքն ընկած ոսկորի ծուծը, ապա մնացածը քչփորելով լուցկիով, որը նրա համար նաև ատամնափորիչի դեր էր կատարում։— Այդ դատարկ բանի համար անպայման մեզ մոտ տեսչություն կգա։ Երբ ես ծառայում էի Կարպատներում, այնտեղ տեսչություն եկավ այն բանի համար, որ վատ էինք կատարում սառած զինվորների ոտքերից սապոգները խնամքով հանելու կարգադրությունը։ Քաշում էինք, քաշում, և երկուսի ոտքերին սապոգները պատռվեցին։ Ճիշտ է, մեկի սապոգները քրքրվել էին դեռևս իր կենդանության օրոք։ Եվ փորձանքն եկավ անսպասելի։ Ինտենդանտությունից մի գնդապետ ժամանեց, և եթե գալուն պես ռուսական գնդակը չդիպչեր գլխին և նա չգլորվեր ձորը, չգիտեմ այդ ամենը ինչով կվերջանար։
— Նրա սապոգնե՞րն էլ հանեցին,— հետաքրքրվեց Շվեյկը։
— Հանեցին,— մտախոհ պատասխանեց Վանեկը,— Բայց հայտնի չէ, թե ով հանեց, այնպես որ գնդապետի սապոգները հաշվետվության մեջ ցույց տալ չկարողացանք։
Խոհարար Յուրայդան նորից վերադարձավ վերևից, և նրա հայացքը հանդիպեց դարդոտած Բալոունին, որը տխուր և ընկճված նստած էր վառարանի մոտ դրված նստարանի վրա և անասելի վշտով դիտում էր իր ներս ընկած փորը։
— Դու պետք է գեզիխաստների աղանդի մեջ լինեիր,— կարեկցանքով ասաց ուսյալ խոհարար Յուրայդան,— այդ գեզիխաստները օրերով նայում էին իրենց պորտին, մինչև որ նրանց սկսում էր թվալ, թե պորտի շուրջը լուսապսակ է հայտնվել։ Դրանից հետո գտնում էին, թե հասել են կատարելության երրորդ աստիճանին։
Յուրայդան բացեց ջեռոցը և այնտեղից մի արնաերշիկ հանեց։
— Լափիր, Բալոուն,— ասաց նա քնքշաբար,— լափիր, մինչև որ տրաքես, զխկրտվիր, անկշտում։