Выбрать главу

Մի քանի րոպե անց Դուբն ու Բիգլերը մտան խոհանոց, որի միջով պետք էր անցնել վեր բարձրանալու համար, որտեղ գտնվում էր սպայական կազմը և որտեղ տապակած խոզի միսը կուշտ ուտելուց հետո ցմփոր պրապորշչիկ Մալին արիաներ էր երգում «Տրավիատա» օպերայից և միաժամանակ զկռտում։

Երբ պոդպորուչիկ Դուբը ներս մտավ, Շվեյկը գոռաց․

— Habacht! Բոլորդ ոտքի՛։

Պոդպորուչիկ Դուբը կիպ մոտեցավ Շվեյկին և բղավեց ուղղակի նրա երեսին․

— Հիմա ուրախացիր, հիմա վերջդ եկավ։ Ես կհրամայեմ քեզնից խրտվիլակ սարքել ի հիշատակ Իննսունմեկերորդ գնդի։

— Zum Befehl[22], պարոն լեյտենանտ,— պատիվ տվեց Շվեյկը,— մի անգամ ես կարդացել եմ, համարձակվում եմ զեկուցել, որ ժամանակով մի մեծ կռիվ է եղել, որի ժամանակ շվեդական թագավորը զոհվել է իր հավատարիմ ձիու հետ։ Երկու զոհվածներին էլ ուղարկել են Շվեդիա և դիակներից խրտվիլակներ պատրաստել, և հիմա այդ խրտվիլակները դրված են Ստոկհոլմի թանգարանում։

— Որտեղի՞ց ես ձեռք բերել քո այդ գիտելիքները, անտաշի մեկը,— ծղրտաց պոդպորուչիկ Դուբը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, իմ այն եղբորից, որ գիմնազիայի դասատու էր։

Պոդպորուչիկ Դուբը կտրուկ շուռ եկավ, թքեց և, կադետ Բիգլերին առաջ հրելով, դիմեց դեպի վերևի դահլիճը։ Սակայն դռնից դուրս գալիս նա, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեց շրջվելու դեպի Շվեյկը և, կրկեսում վիրավորված գլադիատորի բախտը որոշող հռոմեական Կեսարի անողոք խստությամբ, աջ ձեռքի բութ մատով մի շարժում արեց և գոչեց․

— Բութ մատը դեպի վա՛ր։

— Համարձակվում եմ զեկուցել,— նրա հետևեց գոռաց Շվեյկը,— բոլոր մատներս են դեպի վար։

* * *

Կադետ Բիգլերը ճանճի պես նվաղուն էր։ Այդ ժամանակաընթացքում նա արդեն կարողացել էր լինել մի քանի խոլերային կետերում, և այն բոլոր ձեռնածություններից հետո, որ կատարել էին նրա վրա, նրան համարելով խոլերայի բացիլակիր, բնականաբար սովորել էր միանգամայն ակամա կեղտոտել շալվարի մեջ, մինչև որ, վերջապես, այդ կետերից մեկում ընկավ մասնագետի ձեռք։ Վերջինս կադետ Բիգլերի կղկղանքի մեջ խոլերայի բացիլներ չգտավ, փորոտիքը պնդացրեց տանինով, ինչպես կոշկակարը պատռված կոշիկները՝ մոմաթելով, և ուղարկեց մոտակա հանգրվանային վարչությունը, նրան համարելով «Frontdiensttauglich»[23]։

Բժիշկը սրտացավ մարդ էր։

Երբ կադետ Բիգլերը նրա ուշադրությունր հրավիրեց այն բանի վրա, որ ինքն իրեն շատ թույլ է զգում, բժիշկը ժպտալով պատասխանեց․ «Դուք դեռ ուժ կունենաք կրելու «Քաջության համար» ոսկե մեդալը։ Չէ՞ որ դուք ձեր հոժար կամքով եք գնացել պատերազմ»։

Եվ այդպես, կադետ Բիգլերը գնաց ոսկե մեդալ ձեռք բերելու։

Նրա պնդացված փորոտիքն այլևս շալվարի մեշ հեղուկ չէր արտադրում, բայց հաճախակի արտահայտվող բնական ցանկությունը դեռ տանջում էր նրան, այնպես որ կադետ Բիգլերի ամբողջ ճանապարհը, վերջին հանգրվանային կետից սկսած մինչև բրիդադի շտաբը,— որտեղ նա հանդիպեց պոդպորուչիկ Դուբին,— հիրավի մի հաղթական երթ էր ամեն տեսակ արտաքնոցների միջով։ Նա մի քանի անգամ ուշացել էր գնացքից, քանզի այնքան երկար էր նստել կայարանային արտաքնոցում, որ գնացքը մեկնել էր։ Մի քանի անգամ չէր կարողացել գնացքից գնացք տեղափոխվել, որովհետև չէր հասցրել վագոնի արտաքնոցից դուրս գալ։

Եվ, այնուամենայնիվ, չնայած դրան, չնայած իր ճանապարհին կանգնած բոլոր արտաքնոցներին, կադետ Բիգլերը մոտենում էր բրիգադին։

Պոդպորուչիկ Դուբը բրիգադում դեռ մի որոշ ժամանակ պետք է մնար բժշկի հսկողության տակ։ Սակայն այն օրը, երբ Շվեյկը պետք է գնար գումարտակ, շտաբի բժիշկը միտքը փոխեց, տեղեկանալով, որ ճաշից հետո մի սանիտարական ավտոմեքենա մեկնելու է Իննսունմեկերորդ գնդի դասավորության վայրը։

Բժիշկը շատ ուրախ կլիներ ազատվել պոդպորուչիկ Դուբից, որն իր զանազան պնդումները լավագույնս հիմնավորելու համար մեջ էր բերում այս միակ փաստարկը․ «Դեռևս պատերազմից առաջ ես այդ մասին խոսում էի նահանգական վարչության պարոն պետի հետ»։

«Mit deinem Bezirkshauptmann kannst du mir am Arsch lecken»[24],— մտածեց շտաբի բժիշկը և բախտից շնորհակալ եղավ, որ սանիտարական ավտոմեքենաները Զոլտանեցի միջով են գնում Կամյոնկա-Ստրումիլով։