Выбрать главу

Շվեյկը կադետ Բիգլերին բրիգադում չտեսավ, քանզի վերջինս արդեն երկու ժամից ավելի նստած էր սպայական արտաքնոցում։ Կարելի է համարձակ ասել, որ կադետ Բիգլերը նման տեղերում երբեք ժամանակն իզուր չէր վատնում, քանի որ մտքում կրկնում էր ավստրոհունգարական քաջարի բանակի բոլոր փառապանծ ճակատամարտերը, սկսած Նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտից և վերջացրած Սարաևոյի 1888 թ, օգոստոսի 19-ի ճակատամարտով։ Արտաքնոցում բազմիցս ձգելով շղթայիկը և լսելով, թե ինչպես ջուրն աղմկելով հորդում է ունիտազի մեջ, նա աչքերը կկոցած պատկերացնում էր ճակատամարտի հռնդյունը, հեծելազորային գրոհն ու թնդանոթների որոտը։

Պոդպորուչիկ Դուբի և կադետ Բիգլերի հանդիպումը այնքան էլ հաճելի չէր և անկասկած դարձավ նրանց հետագա փոխադարձ թշնամության պատճառը, ինչպես ծառայության մեջ, այնպես էլ նրանից դուրս։

Չորրորդ անգամ ջանալով մտնել արտաքնոց, պոդպորուչիկ Դուբը զայրացած գոռաց․

— Ո՞վ է այդտեղ։

— Իննսունմեկերորդ գնդի № գումարտակի տասնմեկերորդ երթային վաշտի կադետ Բիգլերը,— հնչեց հպարտ պատասխանը։

— Այստեղ է,— ներկայացավ մրցակիցը դռան հետևից,— նույն այդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։

— Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ։

— Սպասում եմ։

Պոդպորուչիկ Դուբը անհամբեր նայում էր ժամացույցին։ Ոչ-ոք չի կարող պատկերացնել, թե մարդ որքան եռանդ ու տոկունություն պետք է ունենա, որ այդ վիճակում դռան մոտ դիմանա տասնհինգ, հետո հինգ, այնուհետև դարձյալ հինգ րոպե և ձեռքով ու ոտքերով դուռը ծեծելուց հետո ստանա միևնույն պատասխանը․ «Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ»։

Պոդպորուչիկ Դուբի տենդը բռնեց, մանավանդ երբ թղթի հուսադրող խշշոցից հետո անցավ ևս յոթ րոպե, իսկ դուռն այդպես էլ չէր բացվում։

Կադետ Բիգլերը դեռ գոնե այնքան տակտ ուներ, որ ամեն անգամ չէր ջուրը բաց թողնում։

Թեթև տենդով բռնված, պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե արդյոք չբողոքի բրիգադի հրամանատարին, որը գուցե կհրամայի դուռը ջարդել և կադետ Բիգլերին դուրս հանել։ Նրա մտքով այն էլ անցավ, թե մի գուցե կադետի արարքը հանդիսանում է ենթակարգության խախտում։

Հինգ րոպե անց պոդպորուչիկ Դուբն զգաց, որ այդտեղ, դռան հետևում, այլևս անելիք չունի, որ իր բնական ցանկությունն արդեն վաղուց անցել է։ Սակայն նա արտաքնոցի դռնից չէր հեռանում հանուն սկզբունքի, շարունակելով ոտքով թակել դուռը, որի հետևից հնչում էր միևնույն պաաասխանը․ «In einer Minute fertig, Herr Leutnant!»[25]։

Վերջապես պոդպորուչիկը լսեց, թե ինչպես Բիգլերը ջուրը բաց թողեց, և մեկ րոպե անց նրանք կանգնած էին երես առ երես։

— Կադետ Բիգլեր,— որոտաց պոդպորուչիկ Դուբը,— չկարծեք, թե ես եկել եմ այստեղ նույն նպատակով, ինչ որ դուք։ Ես եկել եմ այն պատճառով, որ դուք բրիգադի շտաբ ժամանելուց հետո ինձ չեք ներկայացել և զեկուցել։ Կարգը չգիտե՞ք, ինչ է։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե ում եք գերապատվություն տվել։

Կադետ Բիգլերն աշխատում էր հիշել, թե հո որևէ այնպիսի բան չի արել, որը հակասած լինի կարգապահությանը և կրտսեր ու ավագ սպաների փոխհարաբերություններին վերաբերող հրահանգներին։

Նրա գիտելիքների մեջ այդ բնագավառում մեծ բաց կար։

Դպրոցում նրանց դասախոսություններ չէին կարդացել, թե նման դեպքերում կրտսեր սպան ինչպես պետք է վարվի ավագ սպայի նկատմամբ, թե արդյոք նա պարտավո՞ր է դեռ չնստած դուրս նետվել արտաքնոցից, մի ձեռքով բռնելով շալվարը, իսկ մյուսով պատիվ տալով։

— Դե՛հ, պատասխանեցեք, կադետ Բիգլեր,— գրգռիչ տոնով բղավեց պոդպորուչիկ Դուբը։

Եվ այդ ժամանակ կադետ Բիգլերի մտքում ծագեց ամենապարզ պատասխանը․

— Պարոն պոդպորուչիկ, գալով բրիգադի շտաբը, ես տեղեկություն չունեի, որ դուք գտնվում եք այստեղ, և գրասենյակում գործերս վերջացնելուց հետո անմիջապես դիմեցի արտաքնոց, ուր և գտնվում էի ընդհուպ մինչև ձեր գալը։— Եվ հանդիսավորապես ավելացրեց։— Կադետ Բիգլերը ներկայանում է պարոն պոդպորուչիկ Դուբին։

— Տեսնո՞ւմ եք, դա դատարկ բան չէ,— դառնացած ասաց պոդպորուչիկ Դուբը,— իմ կարծիքով, կադետ Բիգլեր, դուք պարտավոր էիք բրիգադի շտաբը գալուն պես գրասենյակից տեղեկանալ, թե արդյոք ձեր գումարտակի կամ դասակի սպաներից որևէ մեկը պատահմամբ այդտե՞ղ չէ։ Ձեր վարքագծի մասին մենք որոշում կընդունենք գումարտակում։ Ես ավտոմեքենայով մեկնում եմ այնտեղ, դուք ևս կգաք ինձ հետ։ Ոչ մի «բայց»։

Կադետ Բիգլերն ուզում էր առարկել, թե բրիգադում իր համար գնացքի տոմս են ձևակերպել, թե տրանսպորտի այդ տեսակն իր համար շատ ավելի հարմար է, նկատի ունենալով իր հաստ աղիքի թուլությունը, և թե երեխան էլ գիտե, որ ավտոմոբիլները նման դեպքերի համար հարմարեցված չեն։ Մինչև որ մարդ հարյուր ութսուն կիլոմետրն անցնի՝ շալվարը կլցնի։

Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ սկզբում, երբ նրանք շարժվեցին, ավտոմոբիլի ցնցումները կադետ Բիգլերի ստամոքսի վրա որևէ ներգործություն չունեցան։

Պոդպորուչիկ Դուբը բոլորովին հուսահատվել էր, որ իրեն չի հաջողվում իրագործել իր վրիժառության պլանը։

Բանն այն է, որ նրանց մեկնելու ժամանակ պոդպորուչիկ Դուբն իր մտքում ասել էր․ «Սպասիր, կադետ Բիգլեր, հիմա դու հույս ունեցիր, որ երբ փորդ զոռի՝ կհրամայեմ ավտոմեքենան կանգնեցնել»։