Հետևելով այդ պլանին, Դուբը,— որքանով որ ներում էր այն արագությունը, որով նրանք կարճում էին կիլոմետրը կիլոմետրի հետևից,— մի հաճելի զրույց սկսեց, թե որոշակի մարշրուտ ունեցող զինվորական ավտոմեքենաներն իզուր տեղը չպետք է բենզին վատնեն և կանգառումներ անեն։
Կադետ Բիգլերը միանգամայն իրավացի առարկեց, թե կանգ առնելիս առհասարակ բենզին չի ծախսվում, քանի որ վարորդը մոտորն անջատում է։
— Քանի որ,— անզիջում պնդեց պոդպորուչիկ Դուբը,— ավտոմեքենան պետք է տեղ հասնի նշանակված ժամին, ապա ոչ մի կանգառում չի թույլատրվում։
Կադետ Բիգլերն այլևս ձայն չհանեց։
Այդպես նրանք օդը ճեղքեցին ավելի քան մեկ քառորդ ժամ։ Հանկարծ պոդպորուչիկ Դուբն զգաց, որ փորը փքվում է և որ ցանկալի է ավտոմեքենան կանգնեցնել, դուրս գալ, մտնել մի փոսի մեջ ու թեթևանալ։
Նա հերոսաբար դիմացավ մինչև 126-րդ կիլոմետրը, բայց այլևս չկարողացավ դիմանալ, թափով ձիգ տվեց վարորդի շինելը և նրա ականջին գռռաց․ «Կա՛ց»։
— Կադետ Բիգլեր,— ողորմածաբար ասաց պոդպորուչիկ Դուբը, արագ դուրս թռչելով ավտոմեքենայից և իջնելով փոսը,— այժմ դուք էլ հնարավորություն ունեք․․․
— Շնորհակալ եմ,— պատասխանեց կադետ Բիգլերր,— ես չեմ ուզում մեքենան իզուր ուշացնել։
Կադետ Բիգլերը, որր նույնպես ծայրահեղ կարիք էր զգում, որոշեց, որ ավելի շուտ իր շալվարը կլցնի, քան թե ձեռքից բաց կթողնի պոդպորուչիկ Դուբին խայտառակելու այդ հիանալի առիթը։
Մինչև Զոլտանեց հասնելը պոդպորուչիկ Դուբը երկու անգամ էլ կանգնեցրեց մեքենան և վերջին կանգառին նոթոտ մռլտաց․
— Ճաշին ինձ լեհական բիկոշ տվին։ Գումարտակից հեռագրով բողոք կուղարկեմ բրիգադին։ Հոտած թթու կաղամբ և գործածության համար ոչ պիտանի խոզի միս․․․ Խոհարարների հանդգնությունն ամեն սահման անցել է։ Ով ինձ չի ճանաչում, դեռ կճանաչի։
— Ֆելդմարշալ Նոստից-Ռինեկը, պահեստի հեծելազորի այդ պարծանքը,— պատասխանեց Բիգլերը,— հրատարակել է «Was schadet dem Magen im Kriege»[26] անունով մի աշխատություն, որի մեջ առհասարակ խորհուրդ չի տալիս պատերազմական դժվարությունների ու զրկանքների ժամանակ խոզի միս ուտել։ Երթի ժամանակ ամեն մի անչափավորություն վնասակար է։
Պոդպորուչիկ Դուբը ձայն չհանեց, միայն թե ինքն իրեն ասաց․ «Ես քեզ ցույց կտամ քո այդ գիտնականությունը, լակոտի՛ մեկը», իսկ հետո, փոքր ինչ մտածելով, Բիգլերին մի այսպիսի հիմարագույն հարց տվեց․
— Ուրեմն, կադետ Բիգլեր, դուք կարծում եք, որ այն սպան, որի նկատմամբ դուք ձեզ պետք է պահեք իբրև ստորադրյալ, չափից ավելի՞ է ուտում։ Արդյոք չէի՞ք ուզում ասել, կադետ Բիգլեր, որ ես չափից շատ եմ լափել։ Շնորհակալ եմ ձեր կոպտության համար։ Համոզված եղեք, որ ես ձեզ հետ հաշիվ կտեսնեմ․ դուք ինձ դեռ չեք ճանաչում, բայց երբ պոդպորուչիկ Դուբին ճանաչեք չեք մոռանա։
Վերջին բառն ասելիս քիչ մնաց նա լեզուն կծեր, քանզի այդ ժամանակ թռչում էին մի խանդակի վրայով։
Կադետ Բիգլերը դարձյալ լռեց, մի բան, որ նորից վիրավորեց պոդպորուչիկ Դուբին, և նա կոպտաբար հարցրեց․
— Լսեցեք, կադետ Բիգլեր, կարծեմ ձեզ սովորեցրել են ձեր պետի հարցերին պատասխանել։
— Իհարկե,— ասաց կադետ Բիգլերը,— կանոնագրքում այդպիսի կետ կա։ Բայց ամենից առաջ, հարկավոր է պարզել մեր փոխհարաբերությունները։ Որքան ինձ հայտնի է, ես դեռ ոչ մի տեղ չեմ նշանակված, այնպես որ անմիջականորեն ձեզ ենթարկվելուս հարցը, պարոն պոդպորուչիկ, բոլորովին վերանում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ սպայական շրջաններում ստորադրյալը պարտավոր է պետերի հարցերին պատասխանել միայն պաշտոնական գործերի առնչությամբ։ Քանի որ մենք երկուսով նստած ենք ավտոմեքենայի մեջ, ապա չենք հանդիսանում այս կամ այն ռազմական գործողությանը մասնակցող մարտական միավոր և մեր միջև որևէ պաշտոնական փոխհարաբերություն չկա։ Մենք երկուսս էլ մեկնում ենք մեր ստորաբաժանումները, և ձեր այն հարցի պատասխանը, թե արդյոք չէի՞ ուզում ասել, որ դուք, պարոն պոդպորուչիկ, չափից ավելի եք լափել, ոչ մի դեպքում չէր կարող պաշտոնական արտահայտություն համարվել։
— Դուք վերջացրի՞ք,— բղավեց նրա վրա պոդպորուչիկ Դուբը,― դուք․․․
— Այո, — ասաց սառցաշունչ ձայնով կադետ Բիգլերը,— մի՛ մոռանաք, պարոն պոդպորուչիկ, որ մեզ կդատի սպայական պատվի դատարանը։
Պոդպորուչիկ Դուբը զայրույթից ու կատաղությունից ինքն իրեն կորցրեց։ Հուզվելիս նա սովորաբար ավելի մեծ անմտություններ ու հիմարություններ էր դուրս տալիս, քան հանգիստ ժամանակ։
Այդ պատճառով էլ մռլտաց․
— Ձեր հարցը կվճռի ռազմական դատարանը։
Կադետ Բիգլերն այդ առիթն օգտագործեց Դուբին վերջնականապես ջախջախելու համար, ուստի շատ մտերմական տոնով ասաց․
― Հանաք մի՛ արա, ընկեր։
Պոդպորուչիկ Դուբը վարորդին ձայն տվեց, որ մեքենան կանգնեցնի։
— Մեզանիg մեկը պետք է ոտքով գնա,— ասաց նա կակազելով։
— Ես մեքենայով եմ գնում,— հանգիստ պատասխանեց կադետ Բիգլերը,— Իսկ դու, ընկեր, ինչ կուզես արա։
— Քշի՛ր,— կարծես տենդի մեջ վարորդի վրա գոռաց պոդպորուչիկ Դուբը և փաթաթվեց լռության, կատարյալ արժանապատվության տոգայով, ինչպես Հուլիոս Կեսարը, երբ դավադիրները մոտենում էին նրան դաշունահարելու։