Выбрать главу

Այդպես հասան Զոլտանեց, որտեղ գտան իրենց գումարտակի հետքը։

Պոդպորուչիկ Դուբը և կադետ Բիգլերը սանդուղքի վրա վիճում էին, թե արդյոք ոչ մի տեղ չհաշվառված կադետն իրավունք ունի՞ բաժին պահանջելու լյարդաթոքի երշիկի այն քանակությունից, որ սահմանված է զանազան վաշտերի սպաների համար, ներքևում, խոհանոցում, արդեն կուշտ կերել էին, պառկել լայն նստարանների վրա և, դեսից-դենից զրուցելով, ամբողջ ուժով փստացնում էին ծխամորճները։

Խոհարար Յուրայդան ասում էր․

— Եվ այսպես, այսօր ես մի հիանալի գյուտ եմ արել։ Կարծում եմ, դա խոհարարական արվեստի մեջ մեծ հեղաշրջում կառաջացնի։ Դու հո գիտես, Վանեկ, որ այս նզովյալ գյուղում ես ոչ մի տեղ չկարողացա երշիկի համար սուսամբար գտնել։

— «Herba majaranae»[27],— վրա բերեց ավագ գրագիր Վանեկը, հիշելով, որ ինքը դեղատնային ապրանքներ վաճառող է։

Յուրայդան շարունակեց․

— Դեռ չի ուսումնասիրված, թե մարդկային խելքն ինչպե՞ս է կարողանում անհրաժեշտության դեպքում ամենաբազմատեսակ հնարներ գտնել, թե ինչպես են նրա առաջ բացվում նոր հորիզոններ, թե ինչպես է նա կարողանում հնարել ամեն տեսակ անհավատալի բաներ, որոնց մասին մարդկությունը մինչ օրս չի երազել․․․ Տնետուն ընկած սուսամբար էի փնտրում, վազվզում, բացատրում, թե սուսամբարն ինչ պետք է անեմ, թե ի՛նչ տեսք ունի այդ սուսամբարը։

— Դու պետք է նկարագրեիր նրա հոտը,— իր նստարանի վրայից արձագանքեց Շվեյկը,— դու պետք է ասեիր, որ սուսամբարից թանաքի սրվակի հոտ է գալիս, երբ մարդ այն հոտոտում է ծաղկած ակացիաների ծառուղում։ Պրագայի մոտ, Բոգդալիցիի բլուրի վրա մի անգամ․․․

— Լավ, Շվեյկ,— աղաչական ձայնով ընդհատեց հոժարական Մարեկը,— թող որ Յուրայդան վերջացնի։

Յուրայդան շարունակեց պատմել․

— Տներից մեկում պատահեցի Բոսնիայի և Հերցոգովինայի օկուպացիայի ժամանակվա մի պաշտոնաթող ծեր զինվորի, որը որպես ուլան ծառայել է Պարդուբիցիում և մինչև հիմա չեխերենը չի մոռացել։ Նա սկսեց ինձ հետ վիճել, թե լյարդաթոքի երշիկի մեջ ոչ թե սուսամբար են գցում, այլ երիցուկ։ Ես ճիշտն ասած, չգիտեի ինչ ասեմ, որովհետև ամեն մի խելքը գլխին ու օբյեկտիվ մարդ պարտավոր է սուսամբարը համարել այն բոլոր համեմունքների թագավորը, որ գործ են ածվում լյարդաթոքի երշիկի համար։

Հարկավոր էր գտնել մի այնպիսի փոխարինիչ, որ երշիկին բնորոշ հաճելի համուհոտ տար։ Եվ ահա տներից մեկում ես մի հարսանեկան մրտենու պսակ գտա, որ կախված էր ինչ-որ սրբի պատկերի տակ։ Այնտեղ նորապսակներ էին ապրում, և պսակի ոստերը դեռ բավական թարմ էին։ Եվ ես լյարդաթոքի երշիկի մեջ մրտենի գցեցի։ Ճիշտ է, ստիպված եղա եռման ջրով երեք անգամ խաշել, որպեսզի ոստերը փափկեին և կորցնեին չափազանց կծու համը։ Հասկանալի է, որ երբ լյարդաթոքի համար բռնագրավում էի այդ հարսանեկան մրտեպսակը, բավական շատ արցունք թափվեց․․․ Նորապսակները ինձ հրաժեշտ տալիս հավատացնում էին, թե այդ սրբապղծության համար, քանի որ պսակը օրհնված է եղել, ինձ կսպանի առաջին իսկ գնդակը։ Դուք կերաք փորոտիքից պատրաստած իմ սուպը, բայց ձեզնից ոչ ոք չնկատեց, որ մրտենու հոտ ուներ, և ոչ թե սուսամբարի։

— Յինջրիխով Հրադեցում,— հարեց Շվեյկը,— տարիներ առաջ մի երշիկագործ կար, ասունը Յոզեֆ Լիպեկ։ Նրա դարակի վրա երկու տուփ կար, մեկի մեջ՝ ամեն տեսակ համեմունքների մի խառնուրդ, որը նա գցում էր արյունի և լյարդաթոքի երշիկների մեջ, իսկ մյուսի մեջ միջատասպան փոշի, քանի որ երշիկագործը բազմիցս հավաստիացել էր, որ գնորդները երշիկն ուտելիս հաճախ ստիպված են եղել փայտոջիլ կամ տարական ծամել։ Նա միշտ ասում էր, թե փայտոջիլն իր համով շատ նման է դառնահամ նուշին, որը գցում են բաբայի մեջ, իսկ տարականները երշիկեղենի մեջ գարշելի հոտ են արձակում, ինչպես հին, բորբոսնած Աստվածաշունչը։ Այդ պատճառով, նա ուշի ուշով հետևում էր իր արհեստանոցի մաքրությանը և ամեն տեղ միջատասպան փոշի շաղ տալիս։

Եվ ահա մի անգամ նա արյունի երշիկ էր պատրաստում, իսկ այդ ժամանակ հարբուխ ուներ։ Նա դարակից վերցրեց միջատասպան փոշու տուփը և փոշին լցրեց արյունի երշիկի համար պատրաստած ֆարշի մեջ։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցում միայն Լիպակի խանութից էին արյունի երշիկ գնում։ Նրա խանութն ընկնելու համար մարդիկ ուղղակի գլուխ էին ջարդում։ Նա հիմար մարդ չէր և գլխի էր ընկել, որ դրա պատճառը միջատասպան փոշին է։ Այդ օրվանից նա սկսեց վերադիր վճարով արկղներով միջատասպան փոշի պատվիրել, իսկ այն ֆիրմային, որից փոշին գնում էր, նախազգուշացրել էր, որ արկղերի վրա գրեն․ «Հնդկական համեմունքներ»։ Դա նրա գաղտնիքն էր, որ իր հետ էլ գերեզման տարավ․․․ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ այն բոլոր ընտանիքներում, որոնք նրանից երշիկ էին գնում, բոլոր տարականներն ու փայտոջիլները վերացան։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցը պատկանում է Չեխիայի ամենամաքուր քաղաքների թվին։

— Վերջացրի՞ր,— հարցրեց հոժարական Մարեկը, որը թերևս, նույնպես անհամբեր սպասում էր խոսակցությանը մասնակցելու։

— Այդ մեկը վերջացրի,— պատասխանեց Շվեյկը,— բայց այդպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Բեսկիդիում։ Այդ մասին կպատմեմ կռվի գնալիս։