Եվ, բացի դրանից, քարոզն ինքնին բոլորին զվարճացնում էր։ Ֆելդկուրատ Օտտո Կացն առհասարակ շատ հաճելի մարդ էր։ Նրա քարոզներն անասելի հրապուրիչ ու սրամիտ էին և աշխուժություն էին հարուցում կայազորային ձանձրույթի մեջ։ Նա այնպես զվարճալի ճամարտակում էր աստծո անսահման ողորմածության մասին, ցանկանալով սրտապնդել «հոգով ընկճյալ» ու մեղսավոր կալանավորներին, այնպե՜ս համով հայհոյում էր ամբիոնից, այնպիսի՜ ինքնամոռացությամբ սուրբ սեղանի մոտ երգում իր «Ite missa est»[25]-ը։ Նա ժամերգությունը կատարում էր շատ յուրօրինակ ձևով։ Փոխում էր սուրբ պատարագի ամբողջ կարգը, իսկ երբ թունդ հարբած էր լինում, հորինում էր բոլորովին նոր եղանակներ, նոր պատարագ, սեփական ծիսակարգ, մի խոսքով, այնպիսի բան, որ ոչ ոք իր օրում չի տեսել։
Ա՜յ թե ծիծաղ էր բարձրանում, երբ նա, օրինակ, սայթաքում և սկիհի, սուրբ հաղորդության կամ մաշտոցի հետ միասին թրխկալով վայր էր ընկնում, բարձրաձայն մեղադրելով կալանավոր մինիստրանտին, թե նա իրեն ոտք գցեց, իսկ հետո հենց այդտեղ էլ, խորհրդատուփի առաջ, այդ մինիստրանտին դատապարտում մենախուց նստելու կամ «շպանգլե» կոչված պատիժը կրելու։ Պատժյալը շատ գոհ է, քանզի այդ ամենը մտնում է ներկայացման ծրագրի մեջ և ավելի զվարճալի դարձնում բանտի եկեղեցում խաղացվող կոմեդիան։ Նրան այդ կոմեդիայի մեջ դեր է տրված, և նա լավ է կատարում այդ դերը։
Ֆելդկուրատ Օտտո Կացը, այդ տիպիկ զինվորական քահանան, հրեա էր։ Ասենք, դրանում ոչ մի զարմանալի բան չկա․ արքեպիսկոպոս Կոնն էլ հրեա էր և դեռ նույնիսկ Մախարի մոտիկ բարեկամը։
Ֆելդկուրատ Օտտո Կացի անցյալն ավելի գունագեղ էր, քան հռչակավոր արքեպիսկոպոս Կոնինը։ Օտտո Կացը սովորել էր առևտրական ինստիտուտում և իր ժամանակին զինվորական ծառայության կանչվել որպես հոժարական։ Նա այնքան լավ էր գլուխ հանել մուրհակային իրավունքից և մուրհակներից, որ մի տարվա մեջ «Կաց և ընկ.» ֆիրման սնանկության էր հասցրել։ Սնանկությունն այնպիսին էր եղել, որ ծերունի Կացն ստիպված էր գնալ հյուսիսային Ամերիկա, նախապես ինչ ու ինչ դրամական կոմբինացիաներ սարքելով իր վստահորդների գլխին, ճիշտ է, առանց վերջիններիս, ինչպես և առանց իր գործակցի գիտության, որն ստիպված եղավ մեկնել Արգենտինա։
Երբ, այդպիսով, երիտասարդ Օտտո Կացն անշահախնդրաբար «Կաց և ընկ․» ֆիրման բաժանել էր հյուսիսային և հարավային Ամերիկաների միջև, ընկել էր այնպիսի մարդու վիճակի մեջ, որը ոչ մի տեղից ժառանգություն ստանալու հույս չունի, չգիտե գլուխը որտեղ դնի և որին մնում է միայն տեղավորվել իսկական զինվորական ծառայության մեջ։
Սակայն հոժարական Օտտո Կացը մի փայլուն բան էլ էր հղացել։ Մկրտվել էր։ Դիմել էր Քրիստոսին, դիմել էր վստահորեն, որպեսզի Քրիստոսը նրան օգներ կարիերա անել։ Օտտո Կացն իր այդ քայլը համարում էր իր և աստվածորդու միջև կնքված առևտրական գործարք։
Նրան հանդիսավոր կերպով մկրտել էին Էմաուզի վանքում։ Մկրտության ծեսը անձամբ կատարել էր ինքր՝ պատեր Ալբանը։ Դա մի փառահեղ տեսարան էր եղել։ Ներկա էին եղել այն գնդի աստվածավախ մայորը, որտեղ ծառայում էր Օտտո Կացը, Գրադչանիի ազնվական օրիորդների ինստիտուտից եկած մի պառաված աղջիկ և կոնսիստորիայի հաստամռութ նախագահը, որը նրա կնքահայրն էր։
Սպայական աստիճան ստանալու քննությունը հաջող էր անցել, և նորադարձ քրիստոնյա Օտտո Կացը մնացել էր զինվորական ծառայության մեջ։ Սկզբում նա կարծել էր, թե գործը լավ կընթանա, և արդեն մտադրվել էր ռազմական ակադեմիա ընդունվել, բայց մի գեղեցիկ օր հարբել էր, գնացել վանքը և թուրը փոխարինել վանականի փարաջայով։ Գրադչանիի արքեպիսկոպոսը նրան ունկնդրություն էր տվել, որի շնորհիվ նա ընկել էր սեմինարիա։ Ձեռնադրվելուց առաջ Կացը Վեյվոդա փողոցում գտնվող մի հույժ պարկեշտ տան մեջ, որտեղ «սպասարկում են կանայք», թունդ հարբել էր և կերուխումից ուղղակի գնացել ձեռնադրվելու։ Ձեռնադրվելուց հետո գնացել էր իր գունդը հովանավորություն փնտրելու, և երբ նրան ֆելդկուրատ էին նշանակել՝ իր համար ձի էր գնել։ Նա այդ ձիով սիգարշավում էր Պրագայի փողոցներում և շատ եռանդուն մասնակցություն ունենում իր գնդի սպաների բոլոր գինարբուքներին։
Նրա բնակած տան սանդուղքի վրա շատ հաճախ լսվում էին չբավարարված պարտատերերի անեծքները։ Օտտո Կացը փողոցային աղջիկներ էր բերում իր մոտ և կամ սպասյակին էր ուղարկում նրանց բերելու։ Կացը տարված էր «ինը» կոչված թղթախաղով, և ոչ անհիմն լուրեր էին շրջում, թե նա մաքուր չի խաղում, սակայն ոչ ոքի չէր հաջողվում ֆելդկուրատին բռնել ու ապացուցել, որ նա իր զինվորական փարաջայի լայն թևքի մեջ տուզ է թաքցնում։ Սպաների շրջանում նրան անվանում էին «հայր սուրբ»։
Քարոզի համար նա երբեք չէր պատրաստվում, որով տարբերվում էր կայազորի բանտում իրենից առաջ քարոզած ֆելդկուրատից։ Վերջինիս գլուխը մտել էր, թե կայազորի բանտում կալանավորված զինվորներին քարոզներով կարելի է ուղղել։ Այդ պատվարժան հովիվը բարեպաշտորեն աչքերը ճակատն էր թռցնում և կալանավորների գլխին բարբառում պոռնիկներին, ինչպես նաև չամուսնացած մայրերին վերաբերվող օրենքները բարեփոխելու անհրաժեշտության մասին և հանգամանորեն շոշափում ապօրինի զավակների դաստիարակության հարցը։ Նրա քարոզները միանգամայն վերացական բնույթ էին կրում և ոչնչով չէին կապվում ընթացիկ մոմենտի հետ, այսինքն, պարզն ասած, տաղտկալի էին։