Выбрать главу

Ֆելդկուրատ Օտտո Կացի քարոզներն, ընդհակառակը, բոլորին զվարճություն էին պատճառում։

«Տասնվեցերորդ» խուցը եկեղեցի բերին միայն փոխաններով․ ոչ մի դեպքում չէր կաբելի թույլ տալ, որ նրանք շալվար հագնեին, քանզի դա հղի էր այն հնարավոր վտանգով, թե մեկն ու մեկը կարող է փախչել։

Այդ քսան սպիտակափոխան հրեշտակներին կանգնեցրին ուղիղ քարոզչի ամբիոնի տակ։ Նրանցից մի քանիսը, որոնց բախտը ժպտացել էր, ծամում էին ճանապարհին հավաքած ծխուկները, քանզի գրպաններ չունեին, որ դրանք թաքցնեին։ Շուրջը կանգնած էին կայազորի բանտի մնացած կալանավորները և զմայլվում էին այդ քսան փոխաններով։

Ֆելդկուրատը խթանները զրնգացնելով բարձրացավ ամբիոն։

– Habacht![26],– հրամայեց նա։– Պատրաստվե՛լ աղոթքի։ Կրկնել ինչ որ ես կասեմ։ Հե՛յ, դու, հետևում կանգնած, բռանդ մեջ մի խնչիր, սրիկա, աստծո տաճարի մեջ ես գտնվում։ Թե չէ կհրամայեմ կարցեր նստեցնել։ Երևի «Հայր մեր»֊ն արդեն մտահան եք արել, դմբոնե՛ր։ Հապա տեսնենք․․․ Գիտեի, որ բան դուրս չի գա։ Ձեր ինչ դարդն է «Հայր մեր»֊ը։ Ձեզ միայն թողնեն երկու բաժին միս ու լոբի լափեք, զխկռտվեք, փորի վրա պառկեք, քթներդ քչփորեք, իսկ տեր աստծո մասին իսկի չմտածեք։ Ճիշտ չե՞մ ասում ։

Նա ամբիոնից նայեց ցած, քսան սպիտակափոխան հրեշտակներին, որոնք, ինչպես և մյուսները, կուշտ զվարճանում էին։ Հետևի շարքերում «քամակախփուկ» էին խաղում։

– Ոչի՜նչ, հետաքրքիր է,– շշնջալով ասաց Շվեյկը իր հարևանին, որի վրա ծանրացած էր այն կասկածը, թե երեք կրոնով կացնահարել է իր ընկերոջ ձեռքի բոլոր մատները, որպեսզի նա զինվորական ծառայությունից ազատվի։

– Դեռ ինչե՜ր են լինելու,– պատասխանեց Շվեյկի հարևանը։– Այսօր նորից թունդ լակել է, կնշանակի նորից խոսելու է մեղքի տատասկոտ ճանապարհի մասին։

Հիրավի, ֆելդկուրատի քեֆն այսօր տեղն էր։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա շարունակ թեքվում, կախվում էր ամբիոնի ճաղերի վրայից, և մազ էր մնում, որ հավասարակշռությունը կորցներ ու ցած գլորվեր։

– Հապա, տղանե՛ր, մի բան երգեցեք,– գոռաց նա վերևից։– Կամ կուզե՞ք ձեզ մի նոր երգ սովորեցնեմ։ Ձայնակցեցեք ինձ․

Կա՞ մի ուրիշ կին աշխարհում

Իմ սիրուհուց դուրեկան․

Մենակ ես չեմ մոտը գնում,

Ունի հազար սիրեկան։

Հազարներ են մտնում տունը

Չորս կողմերից աշխարհի․

Կույս Մարիամ է իր անունը,

Ինքը չքնաղ ու բարի։

– Դուք, լոդրե՛ր, երբեք ոչինչ չեք սովորի,– շարունակեց ֆելդկուրատը։– Ես կողմնակից եմ, որ ձեզ բոլորիդ գնդակահարեն։ Բոլորիդ, հասկանալի՞ է։ Ասածս պնդում եմ այս սուրբ տեղից, անզգամնե՛ր։ Քանզի աստված կեցություն է․․․ որը չի քաշվի և ձեզ այնպես կմռմռացնի, որ խելքներդ թռցնեք։ Քանզի չեք ցանկանում դիմել Քրիստոսին, այլ գերադասում եք ընթանալ մեղքի տատասկոտ ճանապարհով․․․

– Ըհը՛, սկսվում է։ Լավ կոնծել է,– ուրախ-ուրախ շշնջաց Շվեյկի ականջին նրա հարևանը։

– ․․․ Մեղքի տատասկոտ ճանապարհը, հայվանի՛ գլուխներ, մոլությունների դեմ պայքարելու ճանապարհն է։ Դուք, անառակ որդիներդ, որ, փոխանակ վերադառնալու մեր երկնային հոր մոտ, գերադասում եք վեր ընկնել մենախցերում, ձեր հայացքն ուղղեցեք դեպի երկինք, և կհաղթեք։ Խաղաղություն կիջնի ձեր հոգիներին, խուլիգաննե՛ր․․․ Ես կխնդրեի այնտեղ, հետևում, չփնչացնել։ Դուք ձիեր չեք և ախոռում չեք գտնվում, այլ աստծո տաճարում։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ հանգամանքի վրա, աղավնյակներս․․․ Հա, որտե՞ղ կանգ առա։ Ja, über den Seelenfrieden, sehr gut![27]։ Հիշեցեք, հայվաննե՛ր, որ դուք մարդ եք և պետք է իրականության սև խավարի միջից ձեր հայացքներն ուղղեք դեպի հավիտենականության անծայրածիր տարածությունները և հասկանաք, որ այստեղ ամենայն ինչ ունայն և անհարատև է և որ միայն աստված է հավիտենական։ Sehr gut, nicht wahr, meine Herren?[28]։ Իսկ եթե կարծում եք, թե ես զօր ու գիշեր կաղոթեմ ձեզ համար, որպեսզի, հայվաննե՛ր, ողորմած աստված իր հոգին ներարկի ձեր սառած սրտերի մեջ և իր սուրբ ողորմածությամբ վերացնի անօրինությունները ձեր, ձեզ ընդմիշտ ընդունի իր գիրկը և իր ողորմածությամբ հավիտյանս հավիտենից ձեզ չլքի, ապա չարաչար սխալվում եք։ Ես մտադիր չեմ ձեզ դրախտ մտցնել․․․

Ֆելդկուրատը զկռտաց։

– Մտադի՛ր չեմ,– համառորեն կրկնում էր նա։– Ես ձեզ համար ոչինչ չեմ անի։ Մտքովս էլ չի անցնի անել, որովհետև դուք անուղղելի սրիկաներ եք։ Բարձրյալի անսահման ողորմածությունը ձեզ ուղեկից չի չինի կյանքի ճանապարհին և նրա աստվածային սիրո շունչը չի դիպչի ձեզ, քանզի աստված չի էլ ցանկանա գործ ունենալ ձեզ նման անզգամների հետ․․․ Լսո՞ւմ եք, ինչ եմ ասում։ Հե՛յ, փոխանավորներ։

Քսան փոխաններ վեր նայեցին և միաբերան պատասխանեցին․

– Ճի՛շտ այդպես, լսում ենք։

– Լսեչը քիչ է,– իր քարոզը շարունակեց ֆելդկուրատը։– Ձեզ շրջապատող խավարում, դմբոնե՛ր, ձեզ վրա չի իջնի բարձրյալի կարեկցությունը, քանզի գթասրտությունն էլ սահման ունի։ Իսկ դու, է՛շ, որ հետևումն ես կանգնած, չհամարձակվես խրխնջալ, թե չէ կարցեր կքշեմ։ Իսկ դուք, ցածում կանգնածնե՛ր, չկարծեք, թե գինետանն եք գտնվում։ Աստծո գթասրտությունն անսահման է, բայց միայն կարգին մարդկանց, այլ ոչ թե ամեն մի տականքի համար, որը չի հետևում ոչ նրա օրենքներին, ոչ զինվորական կանոնադրությանը։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել։ Դուք աղոթել չեք կարողանում և կարծում եք, թե եկեղեցի գնալը քեֆ ու զվարճություն է, կարծես այստեղ թատրոն է կամ ինչ֊որ կինոմատոգրաֆ։ Ես այդ բանը ձեր մտքից հանել կտամ, որպեսզի չկարծեք, թե ես եկել եմ ձեզ զվարճացնելու և ուրախացնելու։ Ես ձեզ, շան որդիներիդ, մենախուց նստեցնել կտամ,– ահա թե ինչկանեմ ես։ Ես ձեզ հետ միայն ժամանակ եմ վատնում, վատնում միանգամայն իզուր։ Եթե այստեղ իմ փոխարեն ինքը ֆելդմարշալը կամ ինքը արքեպիսկոպոսը լիներ, միևնույն է, դուք չէիք ուղղվի և ձեր հոգին չէիք դարձնի առ աստված։ Եվ այնուամենայնիվ մի օր կհիշեք ինձ ու կասեք, «նա մեր լավն էր ցանկանում»։