Փոխանավորների շարքերի միջից հեծկլտոց լսվեց։ Հեծկլտացողը Շվեյկն էր։
Ֆելդկուրատը ցած նայեց։ Շվեյկը բռունցքով տրորում էր աչքերը։ Շուրջն համընդհանուր ցնծություն էր։
– Թող ձեզնից յուրաքանչյուրը օրինակ վերցնի այս մարդուց,– շարունակեց ֆելդկուրատը, մատնացույց անելով Շվեյկին։– Ի՞նչ է անում նա։ Լալի՛ս է։ Մի՛ լար, ասում եմ քեզ։ Մի՛ լար։ Դու ուզում ես ուղղվե՞լ։ Դա քեզ, աղավնյակս, այնքան էլ հեշտ չի հաջողի։ Հիմա լալիս ես, բայց կվերադառնաս քո խուցը և կդառնաս ճիշտ այնպիսի սրիկա, ինչպիսին էիր մինչ այդ։ Դու դեռ պիտի շատ խորհես աստծո անսահման գթասրտության մասին, դեռ շատ պետք է կատարելագործվես, մինչև որ քո մեղավոր հոգին վերջապես ոտք, դնի այն ճշմարիտ ճանապարհը, որով պարտավոր է գնալ․․․ Այսօր մեր աչքի առաջ լաց եղավ մեզնից մեկը, որ ցանկանում է դառնալ դեպի ճշմարիտ ճանապարհը, իսկ ի՞նչ եք անում դուք, մնացյալներդ։ Ոչինչ էլ չեք անում։ Ահա՛, նայեցեք, մեկը ինչ-որ բան է ծամում, կարծես դրա ծնողները որոճացող կենդանիներ են եղել, իսկ մի ուրիշը աստծո տաճարում ոջիլ է որոնում իր շապիկի մեջ։ Տանը չե՞ք կարող ձեզ քորել։ Անպատճառ պետք է ժամասացության ժամանա՞կ քորվեք։ Վերակացո՛ւ, դուք բոլորովին չեք հետևում կարգ ու կանոնին։ Չէ՞ որ դուք զինվորներ եք, այլ ոչ թե ինչ-որ քաղաքացի դանդալոշներ, և պետք է, ձեզ պահեք ինչպես վայել է զինվորին, թեկուզ և եկեղեցում։ Զբաղվեցեք, գրո՜ղը տանի, աստծուն որոնելով, իսկ ոջիլը տանը կորոնեք։ Սրանով, խուլիգաննե՛ր, ես վերջացրի ասելիքս և պահանջում եմ, որ պատարագի ժամանակ ձեզ չկարգին պահեք, ոչ թե անցյալ անգամվա պես, երբ հետևի շարքերում պետական սպիտակեղենը փոխում էին հացի հետ և այդ հացը լափում սուրբ հաղորդությունը բարձրացնելու պահին։
Ֆելդկուրատը իջավ ամբիոնից և դիմեց դեպի խորան, նրան հետևեց և վերակացուն։ Մի րոպե անց վերակացուն դուրս եկավ խորանից, մոտեցավ ուղղակի Շվեյկին, նրան դուրս հանեց քսան փոխանավորների միջից և ներս տարավ։
Ֆելդկուրատը փռվել-նստել էր սեղանի վրա և իր համար սիգարետ էր փաթաթում։ Երբ Շվեյկը ներս մտավ, ֆելդկուրատն ասաց․
– Ահա և դուք։ Ես այստեղ խորհեցի և գտնում եմ, որ հասկացել եմ, թե դուք ինչ պտուղ եք։ Հասկանո՞ւմ ես։ Սա առաջին դեպքն է, որ իմ քարոզի ժամանակ եկեղեցում մեկնումեկը զըռում է։
Նա ցած թռավ սեղանի վրայից և, Շվեյկի ուսը թոթվելով, Ֆրանցիսկոս Սալեցու մեծ ու մռայլ պատկերի տակ կանգնած, բղավեց․
– Խոստովանիր, սրիկա՛, որ լաց էիր լինում հենց այնպես, մարդկանց ծիծաղեցնելու համար։
Ֆրանցիսկոս Սալեցին սրբապատկերի միջից հարցական հայացքով նայում էր Շվեյկին։ Մյուս կողմից նրան նայում էր մի նահատակ։ Ինչ-որ մեկը սղոցի ատամները խրել էր վերջինիս հետույքի մեջ, և ինչ-որ հռոմեացի զինվորներ ջանասիրաբար սղոցում էին նրան։ նահատակի դեմքին չէր նկատվում ո՛չ տառապանք, ո՛չ բավականություն, ո՛չ նահատակի լուսապսակ։ Նրա դեմքը միայն զարմանք էր արտահայտում, կարծես նա ուզում էր ասել․ «Չեմ հասկանում, թե ինչպես եմ այս օրն ընկել, և, վերջապես, պարոնայք, այդ ի՞նչ եք անում ինձ»։
– Ճի՛շտ այդպես, պարոն ֆելդկուրատ,– ասաց Շվեյկը լրջորեն, ամեն ինչ բախտախաղի դնելով,– խոստովանում եմ ամենակարող աստծուն և ձեզ, պատվարժա՛ն հայր, որ իսկապես լաց էի լինում միայն մարդկանց ծիծաղեցնելու համար։ Տեսա, որ ձեր քարոզին պակասում է մի ապաշխարող մեղսավոր, որին դուք իզուր դիմում էիք, ուստի և որոշեցի ձեզ պատճառել այդ բավականությունը, որպեսզի չկարծեք, թե էլ կարգին մարդ չկա։ Ասենք, ինքս էլ ուզում էի զվարճանալ, որ սիրտս մի քիչ թեթևանար։
Ֆելդկուրատը հետաքրքրությամբ նայեց Շվեյկի պարզամիտ դեմքին։ Արևի մի ճառագայթ թռթռաց Ֆրանցիսկոս Սալեցու մռայլ սրբապատկերի վրա և տաքացրեց դիմացի պատից նայող զարմացած նահատակին։
– Դուք սկսում եք ինձ դուր դալ,– ասաց ֆելդկուրատը, նորից նստելով սեղանի վրա։– Ո՞ր գնդից եք,– հարցրեց նա զկռտալով։
– Հհամարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, որ ես պատկանում և չեմ պատկանում Իննսունմեկերորդ գնդին և առհասարակ, չգիտեմ, թե ինձ հետ ինչ է կատարվում։