– Servus![30]– ասաց ֆելդկուրատը, սեղմելով՝ նրա ձեռքը,– Գործերդ ինչպե՞ս են։
– Լավ չեն,– պատասխանեց զինվորական քննիչ Բերնիսը։ Նյութերս խառնել են, հիմա սատանան էլ գլուխ չի հանի։ Երեկ վերադասությանը արդեն մշակված մի նյութ ուղարկեցի մի սրիկայի մասին, որին մեղադրում են խռովություն սարքելու մեջ, իսկ նրանք բոլոր թղթերը վերադարձրել են ինձ, թե իբր գործը վարվում է ոչ թե խռովության, այլ պահածոներ գողանալու մեղադրանքով։ Բացի դրանից, համարը ճիշտ չէի գրել։ Թե դա ինչպես են իմացել, չեմ հասկանում։
Զինվորական քննիչը թքեց։
– Էլի գնո՞ւմ ես թուղթ խաղալու,– հարցրեց ֆելդկուրատը։
– Թղթախաղի մեջ տանուլ տվի։ Վերջին անգամ գնդապետի, այն քաչալի հետ մակաո էինք խաղում, և ամբողջ փողս տարվեցի։ Բայց, փոխարենը, մի աղջկա վրա աչք ունեմ։ Իսկ դու ի՞նչ ես անում, հայր սուրբ։
– Ինձ սպասյակ է հարկավոր,– ասաց ֆելդկուրատը։– Վերջին սպասյակս մի ծեր հաշվապահ էր, առանց բարձրագույն կրթության, սակայն առաջնակարգ անասուն։ Շարունակ աղոթում էր ու մղկտում, որ աստված իրեն փորձանքից ու դժբախտությունից հեռու պահեր, դե՛հ, ես էլ վերցրի ու երթային գումարտակի հետ նրան ռազմաճակատ ուղարկեցի։ Ասում են, այդ գումարտակը գլխովին ջախջախել են։ Հետո ինձ մոտ մի ջահել սրիկայի ուղարկեցին, որի միակ գործն այն էր, որ նստում էր գինետանը և իմ հաշվին լակում։ Դրան դեռ մի կերպ կարելի էր դիմանալ, բայց այդ սրիկայի ոտքերը շատ էին քրտնում։ Ստիպված նրան էլ ուղարկեցի երթային գումարտակի հետ։ Իսկ այսօր ես մի տիպ գտա, որը քարոզի ժամանակ սկսեց լաց լինել մարդկանց ծիծաղեցնելու համար։ Ա՛յ, ինձ հենց այդպիսի մեկն է պետք։ Ազգանունը Շվեյկ է, նստած է տասնվեցերորդում։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչի՞ համարեն նստացրել և արդյոք չե՞մ կարող նրան այնտեղից մի կերպ դուրս հանել։
Քննիչը սկսեց տակն ու վրա անել սեղանի արկղերը, փնտրելով Շվեյկի գործը, բայց, ինչպես միշտ, ոչինչ չկարողացավ գտնել։
– Հավանաբար կապիտան Լինհարտի մոտ է,– ասաց նա երկար որոնումներից հետո։– Սատանան գիտե, թե ուր են կորչում իմ բոլոր գործերը։ Չէ՛, երևում է ուղարկել եմ Լինհարտին։ Հապա մի զանգահարեմ․․․ Ալլո, խոսում է քննիչ պորուչիկ Բերնիսը, պարո՛ն կապիտան։ Բարի եղեք ասել, արդյոք ձեզ մոտ չե՞ն ոմն Շվեյկի թղթերը։ Ինձ մոտ պիտի լինե՞ն։ Տարօրինա՜կ բան․․․ Ես ի՞նքս եմ ստացել ձեզնից։– Իսկապես տարօրինակ բան․․․ Նստած է տասնվեցերորդում․․․ Այո , ես գիտեմ, պարոն կապիտան, որ տասնվեցերորդը իմ տեսչության տակ է։ Բայց ես մտածեցի, թե երևի Շվեյկի թղթերը ձեզ մոտ մի տեղ ընկած են․․․ Դուք խնդրում եք ձեզ հետ այդպես չխոսե՞լ։ Ձեզ մոտ ոչինչ ընկած չէ՞․․․ Ա՛լլո, ա՛լլո։
Զինվորական քննիչ Բերնիսը սրտնեղած նստեց սեղանի առաջ և սկսեց դատապարտել քննության վարույթի մեջ գոյություն ունեցող անկարգությունը։ Նրա և կապիտան Լինհարտի միջև արդեն վաղուց փոխադարձ անբարյացակամություն կար, ըստ որում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէր ցանկանում տեղի տալ։ Եթե Լինհարտի գործերին վերաբերվող մի թուղթ ընկնում էր Բերնիսի ձեռքը, ապա սա թուղթն այնպիսի խոր տեղ էր խոթում, որ հետո այլևս ոչ ոք չէր կարողանում գտնել։ Լինհարտն էլ նույն կերպ վարվում էր Բերնիսի թղթերի հետ։ Ճիշտ նույն կերպ էլ անհետանում էին նաև գործերին կցված առդիր գրությունները[31]։
(Շվեյկի գործը ռազմա-դաշտային դատարանի արխիվում գտնվեց միայն հեղաշրջումից հետո։ Գործի վրա մակագրված էր․ «Մտադիր էր դեն նետել կեղծավորության դիմակը և բացեիբաց հանդես գալու մեր թագավորի անձի և մեր պետության դեմ»։ Շվեյկի գործը խոթել էին ինչ֊որ Յոզեֆ Կուտելի թղթերի մեջ։ Այս գործի շապկի վրա մի փոքրիկ խաչ էր դրված, իսկ դրա տակ գրված էր․ «Ի կատար է ածված» և նշված էր թվականը)։
– Եվ այսպես, Շվեյկը կորել է ինձ մոտ,– ասաց Բերնիսը։– Կհրամայեմ նրան կանչել այստեղ, և եթե ոչինչ չխոստովանի՝ բաց կթողնեմ։ Կհրամայեմ նրան տանել քեզ մոտ, իսկ մնացածն ինքդ գլուխ բեր գնդում։
Ֆելդկուրատի գնալուց հետո քննիչ Բերնիսը հրամայեց Շվեյկին բերել իր մոտ։ Բայց նրան ստիպեց դռան մոտ սպասել, քանզի այդ պահին ոստիկանական վարչությունից հեռախոսագիր էր ստացել, թե № 7267 մեղադրական ակտի համար պահանջված նյութը, որ վերաբերվում էր հետևակազորի շարքային Մեյկսներին, ընդունել է № 1 գրասենյակը՝ կապիտան Լինհարտի սաորագրությամբ։
Այդ միջոցին Շվեյկը ուշի-ուշով դիտում էր զինվորական քննիչի գրասենյակը։
Չի կարելի ասել, թե այստեղ կահավորանքը շատ հաճելի տպավորություն էր գործում, մանավանդ այն զանազան էկզեկուցիաների լուսանկարները, որ բանակը կատարել էր Գալիցիայում և Սերբիայում։ Դրանք գեղարվեստական լուսանկարներ էին բոցավառված խրճիթների և այրված ծառերի, որոնց ճյուղերը կռացել էին կախվածների ծանրությունից։ Առանձնապես ուշագրավ էր Սերբիայից բերված այն լուսանկարը, որ պատկերում էր մի ամբողջ կախված ընտանիք՝ փոքրիկ տղան, հայրն ու մայրը։ Երկու զինյալ զինվորներ պահպանում են մի ծառ, որից կախված են մի քանի հոգի, իսկ առաջին պլանում հաղթողի կեցվածքով կանգնած է սպան՝ սիգարետը բերնին։ Հեռվում երևում է դաշտային խոհանոցը։