Выбрать главу

– Իսկ ես վախենում էի, թե տված կլինեք,– ասաց Շվեյկը։– Դրանով ձեր այդ ամբողջ պատմությունը կփչացնեիք։ Այդպիսի վեհանձնություն միայն վեպերում է պատահում, իսկ կայազորի բանտում դա պարզապես հիմարություն կլիներ։

– Իսկ գլխին ադյալ չգցեցի՞ք ու չքոթակեցի՞ք,– հարցրեց մեկը։

– Չէ, մոռացանք։

Տասնվեցերորդում մի կիսաձայն դիսկուսիա ծավալվեց, թե արդյոք դրանից հետո հարկավո՞ր էր նրան ծեծել թե ոչ։ Մեծամասնությունը արտահայտվեց ծեծելու օգտին։

Խոսակցությունը կամաց-կամաց լռեց։ Կալանավորներն սկսեցին նիրհել, քորելով իրենց թևատակերը, կրծքերն ու փորերը, ուր սպիտաղեկենի մեջ ավելի շատ է ոջիլ լինում։ Նրանք քնել էին ոջլոտ վերմակները գլխներին քաշած, որպեսզի լամպի լույսը չխանգարեր։

Ժամը վեցին Շվեյկին կանչեցին ու հրամայեցին գնալ գրասենյակ։

– Գրասենյակի դռան ձախ կողմը թքաման կա։ Մեջը ծխախոտի մնացուկներ են լինում,– սովորեցնում էր Շվեյկին մի կալանավոր։– Իսկ երկրորդ հարկում մեկն էլ կա։ Սանդուղքը ավլում են իննին, այնպես որ հիմա այնտեղ բան-ման կճարվի։

Սակայն Շվեյկը նրանց հույսերը չարդարացրեց։ Նա այլևս չվերադարձավ «տասնվեցերորդ» խուցը։ Այդ առթիվ տասնինը փոխանավորներ ամեն տեսակ դատողություններ ու ենթադրություններ էին անում։

Մի պեպենոտ աշխարհազորային, որ շատ անզուսպ երևակայություն ուներ, ասաց, թե Շվեյկը կրակել է իր վաշտապետի վրա և այսօր նրան տարել են Մոտոլի հրապարակը՝ գնդակահարելու։

Շվեյկը ֆելդկուրատի սպասյակ

I

Այնուհետև Շվեյկի ոդիսականը ծավալվում է հրացաններին սվիններ հագցրած այն երկու զինվորների պատվավոր ուղեկցությամբ, որոնք նրան պիտի տանեին ֆելդկուրատի մոտ։

Այդ երկու զինվորները փոխադարձաբար լրացնում էին մեկմեկու. մեկը նիհար էր ու լողլող, մյուսն, ընդհակառակը, կոլոտ ու չաղ։ Լողլողը աջ ոտից էր կաղում, կոլոտը՝ ձախ։ Երկուսն էլ ծառայում էին թիկունքում, քանզի պատերազմից առաջ զինվորական ծառայությունից բոլորովին ազատված էին։

Երկուսն էլ լուրջ տեսքով դոփում էին սալարկը և մերթ ընդ մերթ նայում Շվեյկին, որը քայլում էր նրանց արանքում և ժամանակ առ ժամանակ սրան-նրան պատիվ տալիս։ Նրա քաղաքացիական հագուստը կայազորի բանտի պահեստում անհետացել էր այն զինվորական գլխարկի հետ միասին, որով նա գնացել էր պատերազմ։ Բանտից ազատելիս նրան մի հին մունդիր էին տվել որն, հավանաբար, առաջ պատկանելիս էր եղել Շվեյկից մի գլուխ բարձր ու ցմփոր մի աժդահայի։

Շվեյկի հագած շալվարի մեջ կտեղավորվեր ևս երեք Շվեյկ։ Ոտքերից գրեթե մինչև վիզն հասնող շալվարի անհամար փոթերն ակամա գրավում էին ավարա մարդկանց ուշադրությունը։ Վիթխարի, կեղտոտ ու ճարպակալած, արմունկները կարկատած գիմնաստյորական Շվեյկի վրա տարուբերվում էր բանջարանոցային խրտվիլակին հագցրած կապայի նման։ Շալվարը կախ էր ընկած կլոունի շալվարի պես։ Համազգեստային գլխարկը, որը նույնպես փոխս էին գցել կայազորի բանտում, իջել էր մինչև ականջները։

Ավարաների ծաղրախոսություններին Շվեյկը պատասխանում էր մեղմ ժպիտով և իր բարի աչքերի քնքշալից ու ջերմ հայացքով։

Եվ այդպես նրանք մոտենում էին Կառլինին, ուր ապրում էր ֆելդկուրատը։ Առաջինը Շվեյկի հետ խոսեց կոլոտ հաստլիկը։ Այդ պահին նրանք անցնում էին Մալա Սարանայի սյունաշարի տակով։

— Ո՞րտեղացի ես,— հարցրեց նրան հաստլիկը։

— Պրագացի։

— Դու հո մեզնից չե՞ս փախչի։

Խոսակցությանը խառնվեց լողլողը։ Կա մի զարմանալի օրենք. եթե կոլոտ հաստլիկները մեծավմասամբ բարեհոգի լավատեսներ են, ապա նիհար ու լողլող մարդիկ, ընդհակառակը, հոռետես են լինում։ Այդ օրենքի բերումով լողլողը կոլոտին ասաց.