— Որ կարենա, կփախչի։
— Իսկ ինչի՞ պիտի փախչի,— պատասխանեց կոլոտ հաստլիկը։— Առանց այն էլ ազատ է, կայազորի բանտում չի։ Հրես ծրար եմ տանում։
— Իսկ այդ ծրարի մեջ ի՞նչ կա ֆելդկուրատի համար։
— Չգիտեմ։
— Տեսնո՞ւմ ես, չգիտես, բայց խոսում ես…
Նրանք Կառլի կամուրջն անցան միանգամայն լուռ։ Բայց Կառլի փողոցում կոլոտ հաստլիկը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.
— Չգիտե՞ս ինչի համար ենք քեզ տանում ֆելդկուրատի մոտ։
— Խոստովանության համար,— անփույթ պատասխանեց Շվեյկը։— Վաղն ինձ պիտի կախեն։ Միշտ այդպես են անում։ Դա անում են, ինչպես ասում են, հոգու հանգստության համար։
— Իսկ քեզ ինչի՞ պիտի… էն իք անեն,— զգուշաբար հարցրեց լողլողը, մինչ հաստլիկը կարեկցաբար նայում էր Շվեյկին։
Երկու ուղեկցորդներն էլ գյուղացի արհեստավորներ էին, ընտանիքավոր մարդիկ։
— Չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով։— Ես ոչինչ չգիտեմ։ Երևի ճակատիս այդպես է գրված։
— Նշանակում է վատ աստղի տակ ես ծնվել,— գիտակ մարդու տոնով և կարեկցանքով ասաց կոլոտը։— Մեր Յասենի գյուղում, Յոզեֆովի մոտ, դեռ պրուսական պատերազմի ժամանակ, ճիշտ այդպես մեկին կախեցին։ Եկան մարդուն տանելու, ոչինչ չասացին ու Յոզեֆովում կախեցին։
— Ես կարծում եմ,— հոռետեսորեն ասաց լողլողը,— որ հենց այնպես, առանց պատճառի, մարդ չեն կախում։ Մի պատճառ պիտի լինի։ Այդպիսի բաները հենց այնպես չեն անում։
— Խաղաղ ժամանակ,— ասաց Շվեյկը,– գուցե այդպես է, իսկ պատերազմի ժամանակ մի մարդը հաշիվ չի։ Նա պետք է ընկնի կռվի դաշտում և կամ տանը կախաղան հանվի։ Երկուսն էլ մի բան է։
— Լսիր, դու հո քաղաքական չե՞ս,— հարցրեց լողլողը, որի տոնից նկատելի էր, որ սկսել է Շվեյկին կարեկցել։
— Քաղաքական եմ, այն էլ շատ թունդ,— ժպտաց Շվեյկը։
— Վայ թե ազգային սոցիալիստ ես։
Բայց այստեղ իր հերթին զգուշավոր դարձավ կոլոտը և միջամուխ եղավ խոսակցությանը.
— Իսկ դա մեր ի՞նչ գործն է,— ասաց նա։— Եվ հետո, տե՛ս, չորս կողմը լիքը մարդ է ու բոլորը մեզ են նայում։ Եթե գոնե կարողանայինք մի նրբանցքում սվինները հանել, որ էն իքը… Էսպես աչքի չընկնեինք։ Դու հո չե՞ս ճղի։ Թե չէ, գիտես էլի, մեր հերը կանիծեն։ Ճիշտ չե՞մ ասում, Տոնիկ,— դիմեց նա լողլողին։
Վերջինս կամաց պատասխանեց.
— Սվիններն, իհարկե, կարող էինք հանել։ Ինչքան չլինի, մերոնցից է։— Նա դադարել էր հոռետես լինելուց և արդեն սրտանց կարեկցում էր Շվեյկին։
Այնժամ նրանք մի հարմար բակամուտք գտան, այնտեղ հրացանների սվինները հանեցին, և հաստլիկը Շվեյկին թույլ ավեց, որ իր կողքից քայլի։
— Վայ թե ծխել ես ուզում, հը՞,— հարցրեց նա։– Ո՞վ գիտի…
Նա ուզում էր ասել. «Ո՞վ գիտի, կախելուց առաջ թույլ կտա՞ն ծխես»,— բայց խոսքը կիսատ թողեց, գլխի ընկնելով, որ դա անտակտ բան կլինի։
Երեքն էլ սկսեցին ծխել, և Շվեյկի ուղեկցորդներն սկսեցին նրան պատմել Կրալովեգրադցի շրջանում ապրող իրենց ընտանիքների, կանանց, երեխաների մասին, մի կտոր հողի, միակ կովի մասին…
— Սիրտս խմել է ուզում,— ասաց Շվեյկը։
Լողլողն ու կոլոտը իրար նայեցին։
— Մենք էլ դեմ չէինք լինի մի բաժակ խմելուն,— ասաց կոլոտը, զգալով լողլողի համաձայնությունը,— Բայց էնպիսի մի տեղ խմեինք, որ մեզ շատ նայող չլիներ։
— Եկեք գնանք «Կուկլիկ»,— առաջարկեց Շվեյկը,— այնտեղ կարելի է հրացանները թողնել խոհանոցում։ Այդ պանդոկի տերը, Սերաբոնան, բազե է, նրանից վախենալու պատճառ չունենք։ Այնտեղ ջութակ ու հարմոն են նվագում, բոզեր և ուրիշ տեսակ կարգին մարդիկ են լինում, որոնց թույլ չեն տալիս «ռեպրեզենտյակ» մտնել։ Լողլողն ու հաստլիկը նորից իրար նայեցին, և լողողը որոշեց.
— Ի՛նչ կա որ, մտնենք, մինչև Կառլին դեռ շատ ճանապարհ կա։
Ճանապարհին Շվեյկը զանազան անեկդոտներ էր պատմում, և նրանք սքանչելի տրամադրությամբ մտան «Կուկլիկ» պանդոկը և վարվեցին այնպես, ինչպես խորհուրդ էր տվել Շվեյկը։ Հրացանները թաքցրին խոհանոցում և գնացին ընդհանուր դահլիճ, ուր ջութակն ու հարմոնը ամբողջ շենքը լցրել էին «Պանկրացում այն, բլրի վրա, կա մի չքնաղ ծառուղի» սիրված երգի հնչյուններով։
Մի աղջիկ նստել էր ինչ-որ լղրճուկ, մազերը կոկիկ սանրած երիտասարդի ծնկներին ու խռպոտ ձայնով երգում էր.
Ես մի աղջիկ էի ճարել,
Բայց հետն ուրիշն է ման գալիս…
Սեղաններից մեկի մոտ քնած էր մի ծեր սարդինագործ։ Ժամանակ առ ժամանակ նա արթնանում, բռունցքը խփում էր սեղանին, քրթմնջում՝ «Չի հաջողվի» և ապա նորից նիրհում։ Հայելու տակ դրված բիլյարդի մոտ նստած էին երեք օրիորդներ, որոնք ձայն էին տալիս մի երկաթուղային կոնդուկտորի.
— Երիտասա՛րդ, մեզ վերմուտով հյուրասիրեք։
Երաժիշտների մոտ նստած երկու հոգի վիճում էին ինչ-որ Մարժենայի մասին, որին երեկվա շուրջկալի ժամանակ պարեկը «չանթել էր»։ Մեկը պնդում էր, թե այդ բանն իր աչքով է տեսել, իսկ մյուսն հավատացնում էր, թե իբր երեկ Մարժենան գնացել է «Վալշում» հյուրանոցը մի զինվորի հետ պառկելու։
Անմիջապես դռան մոտ, մի խումբ քաղաքացիների ընկերությամբ, նստած էր մի զինվոր, որը նրանց պատմում էր, թե Սերբիայում ինչպես է վիրավորվել։ Նրա ձեռքը կապած էր, իսկ գրպանները լիքն էին զրուցակիցներից ստացած սիգարետներով։ Նա շարունակ կրկնում էր, թե չի կարող խմել, իսկ ընկերակիցներից մեկը, մի ճաղատ ծերուկ, ամեն անգամ նրա խոսքը կտրում էր, թե.