Выбрать главу

— Խմեցե՛ք, խմեցե՛ք, զինվորիկս։ Ո՛վ գիտի, երբևիցե նորից կհանդիպե՞նք։ Չպատվիրե՞մ արդյոք, ձեզ համար մի բան նվագեն։ «Որբուկը» սիրո՞ւմ եք։

Դա ճաղատ ծերուկի սիրած երգն էր։ Եվ մի րոպե անց ջութակն ու հարմոնը նվնվացրին «Որբուկը»։ Այդ միջոցին ծերուկի աչքերին արցունքներ երևացին, և նա կերկերուն ձայնով դնդնաց.

Ամեն անգամ ես լալիս

Մորս անունն եմ տալիս,

Մորս անունն եմ տալիս…

Մի ուրիշ սեղանից ձայն տվին.

— Բավակա՛ն է։ Գրո՛ղը տանի ձեզ։ Կորեք գնացեք ձեր այդ «Որբուկ»-ով։

Եվ, որպես վերջին միջոց, թշնամի սեղանը զլեց.

Ա՜խ, բաժանում, բաժանում,

Մարդու հոգի ես հանում։

— Ֆրանտա,— ձայն տվին նրանք վիրավոր զինվորին, երբ «Որբուկը» խլացնելով՝ երգել-պրծել էին «Բաժանումը»,— Ֆրանտա, թող դրանց, եկ մեզ մոտ նստիր։ Թքիր դրանց վրա և սիգարետները դեսն արա։ Հերիք դրանց զվարճացնես, հիմա՛ր։

Շվեյկն ու նրա ուղեկցորդները հետաքրքրությամբ դիտում էին այդ ամենը։ Շվեյկը, որ դեռ պատերազմից առաջ հաճախ էր նստել այդ պանդոկում, սկսեց հուշեր պատմել, թե ինչպես երբեմն ոստիկանական կոմիսար Դրանշերը հանկարծ ներս էր մրտնում շուրջկալ անելու և թե ինչպես նրանից վախենում էին պոռնիկները, որոնք նրա վրա երգ էին հորինել։

Նույնիսկ մի անգամ նրանք այդ երգը երգել են խմբովին.

Պան Դրանշերին տեսնելիս

Միշտ խուճապ էր բարձրանում,

Միայն հարբած Մարժենկան

Նրանից չէր վախենում։

Այդ պահին իր շքախմբով, ահարկու և անողոք, ներս է մտել Դրանշերը։ Հաջորդ տեսարանը նման է եղել կաքավաորսի. ոստիկանները բոլորին քշել-հավաքել են, մի կուտակ արել։ Շվեյկն էլ է գտնվել այդ կուտակի մեջ, քանզի, իր չար բախտից, երբ կոմիսար Դրանշերը անձնագիր է պահանջել, նա ասել է. «Իսկ դրա համար ոստիկանական վարչությունից թույլտվություն ստացե՞լ եք»։ Ապա Շվեյկն հիշեց նաև մի բանաստեղծի, որը նստում էր, ա՛յ, այնտեղ, հայելու տակ, և աղմուկի ու ղլբլտոցի մեջ, հարմոնի հնչկունների ներքո, ոտանավորներ էր հորինում ու տեղնուտեղը կարդում պոռնիկների համար։

Շվեյկի ուղեկցորդներն այդպիսի հուշեր չունեին։ Նրանց համար ամեն ինչ նոր էր։ Նրանց սկսել էր դուր գալ այդ տեղը։ Առաջինը հաստլիկն էր, որ սկսեց այդտեղ իրեն զգալ ինչպես ձուկը ջրում, քանզի հաստլիկները, բացի լավատես լինելուց, մեծ հակում ունեն դեպի էպիկուրությունը։ Լողլողը մի րոպեի չափ մաքառում էր ինքն իր հետ, սակայն, կորցնելով իր հոռետեսությունը, նա սկսեց կորցնել նաև զսպվածությունն ու դատողականության վերջին փշուրները։

— Գնամ, մի քիչ պարեմ,— ասաց նա գարեջրի հինգերորդ գավաթը պարպելուց հետո, տեսնելով որ զույգերը «շլապակ» են պարում։

Կոլոտը գլխովին անձնատուր եղավ հաճույքներին։

Նրա կողքին նստել էր մի աղջիկ և անպատկառ խոսքեր էր ասում։ Կոլոտի աչքերը բավականությունից փայլում էին։

Շվեյկը խմում էր։

Պարը վերջացնելուց հետո լողլողն իր պարընկերուհու հետ վերադարձավ սեղանի մոտ։ Հետո ուղեկցորդները երգեցին, նորից պարեցին, անդադար խմում էին ու իրենց ընկերակցուհիների այս ու այն տեղին շպպացնում։ Եվ ծախու սիրո, նիկոտինի և ալկոհոլի այդ մթնոլորտում անտեսանելի թևածում էր «մեզնից հետո ջրհեղեղ» հինավուրց նշանաբանը։

Ճաշից հետո մի ինչ-որ զինվոր եկավ նստեց նրանց սեղանի մոտ և առաջարկեց հինգ կրոնով նրանց համար ֆլեգմոն ու արյան վարակում սարքել։

Ենթամաշկային ներարկման շպրիցը,— ասաց նա,— մոտն է, և նա կարող է նրանց ոտքի կամ ձեռքի մեջ նավթ ներարկել[32]։ Դրանից հետո մարդ կարող է պառկել երկու ամսից ոչ պակաս, իսկ եթե վերքին փսլինք քսի՝ ամբողջ կես տարի, կարող է պատահել նաև, որ զինվորական ծառայությունից բոլորովին ազատվի։

Լողլողը, որ հավասարակշռությունն իսպառ կորցրել էր, այդ զինվորի հետ գնաց արտաքնոց՝ ոտքի մաշկի տակ նավթ ներարկելու։

Երբ օրն իրիկնանալու վրա էր, Շվեյկը առաջարկ մտցրեց ճանապարհ ընկնել դեպի ֆելդկուրատի տունը։ Բայց կոլոտ հաստլիկը նրան համոզում էր էլի մնալ։ Լողլողն էլ իր հերթին այն կարծիքին էր, թե ֆելդկուրատը կարող է սպասել։ Սակայն «Կուկլիկը» Շվեյկին արդեն ձանձրացրել էր, և նա սկսեց սպառնալ, թե մենակ կգնա։

Վերջապես ճանապարհ ընկան, սակայն դրա համար Շվեյկն ստիպված էր խոստանալ, թե մի տեղ էլ դադար կառնեն։

Կանգ առան «Ֆլորենցիայի» հետևում գտնվող փոքրիկ սրճարանում, որտեղ հաստլիկը զվարճությունը շարունակելու համար ծախեց իր արծաթե ժամացույցը։

Այդտեղից սկսած Շվեյկն արդեն ինքն էր թևանցուկ տանում իր ուղեկցորդներին։ Դա նրանից մեծ ջանքեր պահանջեց։ Ուղեկցորդների ոտքերը շարունակ ծալվում էին, և նրանց սիրտն անվերջ ուզում էր դարձյալ որևէ տեղ մտնել։ Մազ էր մնացել, որ կոլոտ հաստլիկը կորցներ ֆելդկուրատին հասցեագրված ծրարը, և Շվեյկը ստիպված էր ծրարն ինքը տանել։ Ամեն անգամ, երբ դիմացից որևէ սպա կամ ենթասպա էր գալիս, Շվեյկը պետք է նախազգուշացներ նրանց։ Ի վերջո գերմարդկային ջանքերով նրան հաջողվեց ուղեկցորդներին քարշ տալ մինչև Կառլի փողոցը, ուր բնակվում էր ֆելդկուրատը։ Նա իր ձեռքով սվինները հագցրեց ուղեկցորդների հրացաններին, և, նրանց կողատակերից բզելով, աշխատում էր այնպես անել, որ նրանք տանեն իրեն, այլ ոչ թե ինքը՝ նրանց։