Выбрать главу

Երկրորդ հարկում, որտեղ դռան վրա փակցված էր «Օտտո Կաց — ֆելդկուրատ» այցետոմսը, նրանց առաջ դուռը բացեց մի զինվոր։ Հարևան սենյակից մարդկանց ձայներ, շշերի ու գավաթներին զնգզնգոցն էր լսվում։

— Wir… melden… gehorsam… Herr… Feldkurat,— դժվարությամբ ասաց լողլողը, պատիվ տալով զինվորին,— ein… Paket… und ein Mann gebracht[33].

— Մտեք,— ասաց զինվորը։— Էդ որտե՞ղ եք էդպես կոնծել… Պարոն ֆելդկուրատն էլ է…— Եվ զինվորը թքեց։

Զինվորը ծրարը տարավ։ Եկածները նրան երկար սպասեցին նախասրահում, մինչև որ, վերջապես, դուռը բացվեց, և ֆելդկուրատը չէ թէ մտավ, այլ ռումբի պես ներս ընկավ՝ հագին մեն մի ժիլետ և սիգարը ձեռքին։

— Ուրեմն դուք արդեն այստեղ եք,— ասաց նա, դիմելով Շվեյկին։— Հա՛, ձեզ բերել են… հը՛մ… Լուցկի չունե՞ք։

— Բնավ ոչ, պարոն ֆելդկուրատ,— պատասխանեց Շվեյկը։

— Իսկ… Իսկ ինչո՞ւ լուցկի չունեք։ Ամեն մի զինվոր պետք է լուցկի ունենա ծխախոտը վառելու համար։ Լուցկի չունեցող զինվորը հանդիսանում է… հանդիսանում է… Դե՞հ…

— Համարձակվում եմ զեկուցել, հանդիսանում է լուցկի չունեցող,— հուշեց Շվեյկը։

— Միանգամայն ճիշտ է, հանդիսանում է լուցկի չունեցող և չի կարող ոչ ոքի ծխախոտը վառել։ Դա առաջին։ Իսկ հիմա դառնանք երկրորդին։ Ձեր ոտքերից հոտ գալի՞ս է։

— Բնավ ոչ, հոտ չի գալիս։

— Այդպես։ Դա երկրորդը։ Իսկ հիմա երրորդը։ Օղի՞ խմո՞ւմ եք։

— Բնավ ոչ, օղի չեմ խմում, միայն ռոմ։

— Շատ գեղեցիկ։ Հապա նայեցեք այս զինվորին։ Ես սրան մի օրով խնդրել եմ պորուչիկ Ֆելդգուբերից, նրա սպասյակն է։ Սա ոչինչ չի խմում, չտեսնված չը… չը… չխմող մարդ է, դրա համար էլ կմեկնի երթային վաշտի հետ։ Որ… որովհետև ինձ այդպիսի մարդ պետք չի։ Սա սպասյակ չի, այլ կով։ Կովն էլ է միայն ջուր խմում և ցուլի պես մզզում։

— Դու չը… չը… չխմող ես,— դիմեց նա զինվորին։— Չը… չը… չե՞ս ամաչում, հիմմմար։ Շատ որ համը հանես, ռեխդ կջարդեմ։

Այստեղ ֆելդկուրատը իր ուշադրությունը դարձրեց Շվեյկի ուղեկցորդների վրա, որոնք, չնայած որ ամեն կերպ աշխատում էին ուղիղ կանգնել, շարունակ օրորվում էին, իզուր ջանալով հենվել իրենց հրացաններին։

— Դուք հար… հարբած եք,— ասաց ֆելդկուրատը։— Դուք խմել եք ձեր պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ։ Դրա համար ես ձեզ նըս… նստեցնել կտամ, Շվե՛յկ, հրացաններն առեք դրանց ձեռքից, իրենց տարեք խոհանոց և հսկեցեք, մինչև որ պարեկը գա տանելու։ Ես հի… մմա կզանգահարեմ զորանոց։

Եվ այդպես, Նապոլեոնի այն խոսքը, թե՝ «Պատերազմի ժամանակ իրադրությունր ամեն ակնթարթ փոխվում է», այստեղ կատարելապես հաստատվեց, առավոտյան ուղեկցորդներն էին սվինների ներքո տանում Շվեյկին և վախենում, որ նա կարող է իրենց ձեռքից փախչել, սակայն այնպես պատահեց, որ ոչ թե նրանք Շվեյկին, այլ Շվեյկն ինքը նրանց բերեց-հասցրեց նշանակված վայրը և ի վերջո հենց նրան էլ վիճակվեց հսկել նրանց վրա։ Զինվորները միանգամից գլխի չընկան, թե բանն ինչպես է շուռ եկել, բայց երբ, խոհանոցում նստած, տեսան Շվեյկին, որը սվինավոր հրացանը ձեռքին կանգնած էր դռան մոտ, ամեն ինչ հասկացան։

— Մի բան լիներ խմեի,— հառաչեց կոլոտ լավատեսը։

Բայց լողլողին վերստին համակել էր հոռետեսությունը։ Նա ասաց, թե այդ ամենը ստոր դավաճանություն է, և սկսեց բարձրաձայն մեղադրել Շվեյկին, թե նրա մեղքով են այդ վիճակի մեջ ընկել։ Նա ամոթանք տվեց նրան, հիշեցնելով, թե ինչպես նա նրանց խոստացել էր, որ վաղն իրեն կկախեն, մինչդեռ հիմա պարզվում է, որ խոստովանությունը, ինչպես և կախաղանը, փչոց է եղել։

Շվեյկն անխոս գնում-գալիս էր դռան մոտ։

— Էշ էինք,– մղկտաց լողլողը։

Լսելով այդ բոլոր մեղադրանքները։ Շվեյկը ասաց.

— Հիմա գոնե տեսնում եք, որ զինվորական ծառայությունը եղ ու մեղր չի։ Ես պարզապես իմ պարտքն եմ կատարում։ Ես էլ ձեզ պես պատահմամբ ընկա այս փորձանքի մեջ, բայց, ինչպես ասում են, «բախտն ինձ ժպտաց»։

– Մի բան լիներ խմեի,— հուսահատ կրկնեց լավատեսը։

Լողլողը տեղից վեր կացավ և օրորվելով մոտեցավ դռանը։

— Բաց թող, գնանք,— ասաց նա Շվեյկին։— Բավական է սարսաղություն անես, ախպերացու։

— Հեռացի՛ր,— պատասխանեց Շվեյկը։— Ես պարտավոր եմ ձեզ հսկել։ Հիմա մենք ծանոթներ չենք։

Դռան առաջ երևաց ֆելդկուրատը։

— Ոչ մի կերպ չեմ կարողանում կապվել այդ զորանոց կոչվածի հետ։ Ուստի և գնացեք տուն և մտա… մտահան չանեք, որ ծառայության ժամանակ հարբեցողությամբ զբաղվել չի կա… կարելի։ Դո՛ւրս կորեք։

Ի պատիվ ֆելդկուրատի պետք է ասել, որ նա զորանոց չէր զանգահարել, քանզի հեռախոս չուներ, այլ պարզապես խոսել էր սեղանի էլեկտրական լամպի մեջ։

II

Արդեն երեք օր էր, որ Շվեյկը որպես սպասյակ ծառայում էր ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ և այդ ժամանակամիջոցում նրան տեսել էր միայն մի անգամ։ Երրորդ օրը պորուչիկ Հելմիխի սպասյակն եկավ ու Շվեյկին պսաց, որ գա իրենց տուն՝ ֆելդկուրատին տանելու։

Ճանապարհին սպասյակը Շվեյկին պատմեց, թե ֆելդկուրատը պորուչիկ Հելմիխի հետ կռվել է և դաշնամուրը ջարդել։ Ֆելդկուրատը թունդ հարբած է և չի ուզում տուն գնալ, իսկ պորուչիկ Հելմիխը, որ նույնպես հարբած է, այնուամենայնիվ նրան հանել-գցել է սանդուղքի վրա, և նա դռան մոտ հատակին նստած ննջում է։