Выбрать главу

Տեղ հասնելուն պես Շվեյկը մի լավ թափահարեց ֆելդկուրատին։ Վերջինս մզզաց ու աչքերը բացեց։ Շվեյկը ձեռքը դրեց հովարին ու զեկուցեց.

— Պատիվ ունեմ ներկայանալու, պարոն ֆելդկուրատ։

— Իսկ ի՞նչ… գործ… ունեք այստեղ։

— Համարձակվում եմ զեկուցել, եկել եմ ձեզ տանելու։ Պարտավոր էի գալ։

— Պարտավոր էիք գալ ինձ տանելո՞ւ։ Իսկ ո՞ւր ենք գնալու։

— Տո՛ւն, պարոն ֆելդկուրատ։

— Իսկ ինչո՞ւ գնամ տուն։ Մի՞թե ես տանը չեմ։

— Բնավ ոչ, պարոն ֆելդկուրատ, դուք ուրիշի տան սանդուղքի վրա եք։

— Իսկ ինչպե՞ս… ինչպե՞ս եմ… այստեղ եկել։

— Համարձակվում եմ զեկուցել, դուք, հյուր եք եկած եղել։

— Ես հյուր… հյուր չեմ եկել։ Այդ դուք եք… սը-խալվում…

Շվեյկը ֆելդկուրատին բարձրացրեց ու հենեց պատին, Ֆելդկարատը դես ու դեն էր թեքվում, փլչում Շվեյկի վրա և, հիմարավարի ժպտալով, շարունակ կրկնում.

— Ես ձեր ձեռքից հիմա վայր կընկնեմ։

Վերջիվերջո Շվեյկին հաջողվեց նրան հենել պատին, բայց այդ նոր դրության մեջ ֆելդկուրատը դարձյալ քնեց։

Շվեյկն արթնացրեց նրան։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց ֆելդկուրատը, ապարդյուն փորձ անելով պատի վրայով սահել ու նստել հատակին։— Դուք ո՞վ եք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— պատասխանեց Շվեյկը, նորից նրան հենելով պատին,— ես ձեր սպասյակն եմ։

— Ես ոչ մի սպասյակ չունեմ,— դժվարությամբ արտաբերեց ֆելդկուրատը, ջանալով ընկնել Շվեյկի վրա,— և ես ֆելդկուրատ չեմ։ Ես խոզ եմ…– ավելացրեց նա հարբածի անկեղծությամբ։— Բա՛ց թողեք ինձ, պարոն, ես ձեզ հետ ծանոթ չեմ։

Կարճատև պայքարն ավարտվեց Շվեյկի վճռական հաղթանակով և, այդ հանգամանքից օգտվելով, Շվեյկը նրան սանդուղքի վրայից քարշ տվեց մինչև շքամուտք, որտեղ, սակայն, նա լուրջ դիմադրություն ցույց տվեց, չցանկանալով, որ իրեն դուրս հանեն փողոց։

— Ես ձեզ հետ, պարոն, ծանոթ չեմ,— հավատացնում էր նա, դիմադրելով Շվեյկին։— Դուք Օտտո Կացին ճանաչո՞ւմ եք։ Դա ես եմ։

— Ես արքեպիսկոպոսի մոտ եմ եղել,— գոռաց նա փոքր-ինչ հետո դռան հետևից։— Ինքը՝ Վատիկանը հետաքրքրություն է ցուցաբերում իմ անձի նկատմամբ, հասկանո՞ւմ եք։

Շվեյկը մի կողմ թողեց իր «համարձակվում եմ զեկուցել»-ը և սկսեց ֆելդկուրատի հետ խոսել մտերմիկ տոնով.

— Ձեռքներդ բաց թողեք,— ասաց նա,— թե չէ մի հատ կշպպացնեմ։ Գնանք տուն, և ուրիշ ոչինչ։ Չխոսե՛լ։

Ֆելդկուրատը բաց թողեց դուռը և ընկավ Շվեյկի վրա։

— Որ այդպես է, որևէ տեղ գնանք։ Միայն թե «Շուգի» չեմ գնա, այնտեղ պարտք եմ մնացել։

Շվեյկը ֆելդկուրատին դուրս հրեց շքամուտքից և սկսեց մայթի վրայով քարշ տալ դեպի տուն։

— Սա ի՞նչ մարդ է,— հետաքրքրվեց անցորդներից մեկը։

— Եղբայրս է,— բացատրեց Շվեյկը։— Արձակուրդ է ստացել և եկել ինձ տեսնելու, ուրախությունից խմել է, քանի որ հույս չի ունեցել, որ ինձ կենդանի կգտնի։

Լսելով վերջին ֆրազը, ֆելդկուրատն սկսեց ինչ-որ օպերետայից մի եղանակ բառաչել, անասելի աղավաղելով մեղեդին։ Ապա ցից կանգնեց ու դիմեց անցորդներին.

— Ձեզնից ով մեռել է, թող երեք օրվա ընթացքում ներկայանա կորպուսի շտաբին, որպեսզի դիակը սուրբ ջրով օծվի…— և լռեց, ջանալով քիթն ի վայր ընկնել մայթի վրա։

Ֆելդկուրատի թևատակերից բռնելով, Շվեյկը շարունակեց նրան քարշ տալ։ Գլուխն առաջ պարզած և ողնաշարը ջարդած կատվի պես ոտքերը քաշ-քաշ անելով, ֆելդկուրատը քթի տակ քրթմնջում էր.

– Dominus vobiscum, et cum splritu tuo. Dominus vobiscum[34].

Կառքերի կանգատեղում Շվեյկը ֆելդկուրատին նստեցրեց մայթի վրա, դեմ անելով պատին, իսկ ինքը գնաց կառապանների հետ բանակցելու։ Կառապաններից մեկն ասաց, թե այդ պանին լավ է ճանաչում, մի անգամ արդեն տարել է նրան և այլևս չի տանի։

— Փսխեց ու ամբողջ կառքս կեղտոտեց,— բացատրեց կառապանը,— և վարձն էլ չտվեց։ Երկու ժամից ավելի ման ածեցի, մինչև որ գտա, թե որտեղ է ապրում։ Երեք անգամ գնացի տունը, բայց նա մի շաբաթ անցնելուց հետո այդ ամենի համար երեք կրոն տվեց։

Վերջապես, երկար բանակցություններից հետո մի կառապան հանձն առավ տանել։ Շվեյկը վերադարձավ ֆելդկուրատի մոտ։ Նա քնած էր։ Ինչ-որ մեկը նրա գլխից հանել ու տարել էր սև կոտելոկը (նա սովորաբար քաղաքացիական հագուստով էր ման գալիս)։ Շվեյկն արթնացրեց նրան և կառապանի օգնությամբ խոթեց երկտեղանի ծածկակառքի մեջ։ Այնտեղ ֆելդկուրատը կատարյալ բթության հասավ։ Սկսեց Շվեյկին շփոթել Յոթանասունհինգերորդ հետևակ գնդի պետ Յուստի հետ և մի քանի անգամ կրկնեց.

— Մի բարկանա, ախպերս, որ ես քեզ բոթում եմ։ Ես խոզ եմ։

Մի պահ թվում էր, թե սալարկի վրա կառքի ցնցվելուց նրա խելքը տեղն է գալիս։ Ֆելդկուրատը տեղում ուղիղ նստեց և սկսեց երգել ինչ-որ անհայտ երգի մի հատված, որ, հավանաբար, իր սեփական հանպատրաստից ստեղծագործությունն էր.

Հիշում եմ ոսկյա այն ժամանակը,

Երբ ինձ ժպտում էր ծանոթ-անծանոթ.

Օ՜, այն ժամանակ մենք ապրում էինք

Այնտեղ, Մարկլինում, Դոմաժլիցի մոտ։