Սակայն մի րոպե անց նա իսպառ կորցրեց դատելու կարողությունը և, դիմելով Շվեյկին, մի աչքը կկոցելով, հարցրեց.
— Ինչպե՞ս եք, տիկին, արդյոք որևէ ամառանոց չե՞ք գնալու։
Ֆելդկուրատի աչքին ամեն ինչ սկսեց զույգ երևալ։ Նա փոքր-ինչ կանգ առավ, ապա հետաքրքրվեց.
— Բարեհաճել եք արդեն չափահաս որդի՞ ունենալ,— և մատնացույց արեց Շվեյկին։
— Նստելո՞ւ ես թե ոչ,— գոռաց նրա վրա Շվեյկը, երբ ֆելդկուրատը ցանկացավ կանգնել նստատեղի վրա։— Ես քեզ խելքի կբերեմ։
Ֆելդկուրատը պապանձվեց և սկսեց իր խոճկորային մանրիկ աչքերով դուրս նայել կառքից, բոլորովին չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում։
Ապա, նորից աշխարհում ամեն ինչ մոռանալով, նա շրջվեց դեպի Շվեյկը և բաղձալից ձայնով ասաց.
— Պա՛նի, տվեք ինձ առաջին կարգի,— և շալվարն իջեցնելու փորձ արեց։
— Շուտ արա կոճկիր, խո՛զ,— գոռաց նրա վրա Շվեյկը։— Իմացած եղիր, որ առանց այն էլ բոլոր կառապանները քեզ ճանաչում են։ Մի անգամ արդեն կառքը փսխոտել ես, հիմա է՞լ ես ուզում նույնն անել։ Չկարծես, թե անցած անգամվա պես չես վճարի։
Ֆելդկուրատը մելամաղձիկ տրամադրությամբ գլուխը հենեց ձեռքին և սկսեց երգել.
Ինձ հիմա ոչ ոք չի սիրում…
Սակայն հանկարծ երգն ընդհատեց ու ասաց.
— Entschuldigen Sie, lieber Kamerad, Sie sind ein Trottel! Ich kann singen, was ich will![35]
Այդ պահին նա, ըստ երևույթին, ցանկանում էր սուլել, սակայն սուլոցի փոխարեն նրա կոկորդից դուրս թռավ մի այնպիսի հուժկու «տը՜պռռ», որ կառքը կանգ առավ։
Երբ քիչ հետո նրանք Շվեյկի կարգադրությամբ նորից շարունակեցին ճանապարհը, ֆելդկուրատն սկսեց փստփստացնել իր դատարկ մուշտուկը։
— Չխ ծխվում,— ասաց նա, իզուր վառելով լուցկու ամբողջ տուփը։— Դուք փչում եք լուցկուս վրա։
Բայց հանկարծ մտքի թելը կորցրեց ու սկսեց ծիծաղել։
— Ա՜յ քեզ ծիծաղելի բան։ Տրամվայի մեջ մենք մենակ ենք։ Ճիշտ չե՞մ ասում, կոլեգա։
Եվ սկսեց գրպանները պրպտել։
— Տոմսս կորցրել եմ,— բղավեց նա,— կանգնեցրեք վագոնը, պետք է տոմսը գտնել։
Ապա հնազանդորեն ձեռքը թափ տվեց ու գռռաց.
— Քշի՛ր։
Եվ հանկարծ սկսեց քրթմնջալ.
— Շատ դեպքերում… Այո՛, ամեն ինչ կարգին է… Բոլոր դեպքերում… Դուք մոլորության մեջ եք… Երրորդ հարկո՞ւմ… Դա պատրվակ է… Խոսքն, իմ մասին չէ, այլ ձե՛ր, ողորմած տիրուհի… Տվեք հաշիվը… Մի գավաթ սև սուրճ…
Նիրհելով, նա սկսեց վիճել ինչ-որ երևակայական թշնամու հետ, որը նրան զրկել էր ռեստորանում լուսամուտի մոտ նստելու իրավունքից։
Հետո կառքը շփոթելով գնացքի հետ և, դուրս կախվելով, փողոցով մեկ չեխերեն և գերմաներեն բղավեց.
— Կայարան Նիմբրուկ, նստափոխ։
Շվեյկը թափով նրան դեպի իրեն քաշեց, և ֆելդկուրատը մոռացավ գնացքն և սկսեց զանազան կենդանիների ու թռչունների ձայներ հանել։ Ամենից երկար նա ընդօրինակեց աքաղաղին, և կառքից հաղթականորեն հնչում էր նրա «ծուղրուղուն»։
Մի որոշ ժամանակ նա առհասարակ զարմանալի գործունյա դարձավ և տեղը տիտիկ չէր անում։ Փորձեց դուրս նետվել կառքից, Բոլոր անցորդներին խուլիգաններ անվանելով։ Այնուհետև կառքից դուրս նետեց թաշկինակը և գռռալով պահանջեց, որ կանգ առնեն, քանի որ իր բագաժը կորցրել է։ Ապա սկսեց պատմել.
— Բուդեյովիցիում մի թմբկահար կար։ Եվ ահա նա ամուսնանում է ու մի տարի անց մեռնում։— Ֆելդկուրատն հանկարծ քահ-քած ծիծաղեց։— Հը՛, մի՞թե լավ անեկդոտ չի։
Այդ ամբողջ ժամանակ Շվեյկը ֆելդկուրատի հետ վարվում էր անողորմ խստությամբ։ Ամեն անգամ, երբ ֆելդկուրատը փորձում էր որևէ օյինբազություն անել, ինչպես, օրինակ՝ կառքից դուրս թռչել կամ նստարանը ջարդել, Շվեյկը հարվածում էր նրա կողատակին, մի բան, որին նա անդրադառնում էր անօրինակ բթությամբ։ Նա միայն մի անգամ փորձեց ապստամբվել և կառքից դուրս նետվել, հայտարարելով, թե այլևս ճանապարհը չի շարունակի, քանի որ Բուդեյովիցի գնալու փոխարեն գնում են Պոդմոկլի։ Սակայն Շվեյկը րոպեապես լիկվիդացրեց խռովությունը և ֆելդկուրատին ստիպեց նստարանի վրա ընդունել նախկին դիրքը, հետևելով, որ նա չքնի։ Այդ միջոցին Շվեյկի ասած բոլոր խոսքերից ամենաքաղաքավարին այս էր.
— Մի՛ մռփիր, սատկած անասուն։
Հանկարծ ֆելդկուրատին մելամաղձություն համակեց, և նա սկսեց արտասվել, Շվեյկին հարցնելով, թե արդյոք նա մայր ունեցե՞լ է։
— Ես, եղաբայրնե՛ր, մենակ եմ աշխարհիս երեսին,— բարձրաձայն ողբում էր նա,— պաշտպանեցեք, գուրգուրեցեք ինձ։
— Ինձ մի՛ խայտառակիր,— խրատեց նրան Շվեյկը,— թե չէ տեսնողը կասի, որ լակել ես։
– Ես ոչինչ չեմ խմել,— պատասխանեց ֆելդկուրատը։— Ես բոլորովին սթափ եմ։
Ապա հանկարծ տեղից վեր կացավ, կանգնեց ու պատվով տվեց.
— Ich melde gehorsam, Herr Oberst, ich bin besoffen[36]. Ես խոզ եմ,— մի տասն անգամ կրկնեց նա վհատալից անկեղծությամբ։
Եվ դիմելով Շվեյկին՝ սկսեց աղաչել.
— Դուրս նետեցեք ինձ ավտոմեքենայից։ Ինչո՞ւ եք ինձ տանում ձեզ հետ։
Հետո նստեց ու սկսեց քրթմնջալ.
— «Լուսնի ոսկյա ցոլքերի մեջ»… Դուք հոգու անմահությանը հավատո՞ւմ եք, պարոն կապիտան։ Արդյոք ձին կարո՞ղ է երկինք ընկնել։
Ֆելդկուրատն սկսեց բարձրաձայն ծիծաղել, բայց մի րոպե անց տրտմեց և, անտարբերորեն նայելով Շվեյկին, ասաց.
— Կներեք, պարոն, ես ձեզ մի տեղ տեսել եմ։ Դուք Վիեննայում չե՞ք եղել։ Ես ձեզ հիշում եմ սեմինարիայից։