Выбрать главу

Մի րոպեի չափ նա զվարճացավ լատիներեն ոտանավորներ արտասանելով.

— Aurea prima satast, aetas, quae vindice nullo.

— Մնացածը միտս չի,— ասաց նա։— Ինձ դուրս նետեցեք։ Ինչո՞ւ չեք ուզում ինձ դուրս նետել։ Ինձ ոչինչ չի պատահի։

— Ես ցանկանում եմ քիթսիվայր ընկնել,— հայտարարեց նա վճռականորեն։

— Պարո՛ն, թանկագին բարեկամ,— շարունակեց նա աղաչական տոնով,— խփեցեք վզակոթիս։

— Մի՞ անգամ թե մի քանի,— հարցրեց Շվեյկը։

— Երկու անգամ։

— Ա՛ռ քեզ։

Ֆելդկուրատը, երանաբար ժպտալով, բարձրաձայն հաշվում էր վզակոթին իջնող հարվածները։

— Դա մարսողության համար շատ օգտակար է։ Իսկ հիմա հասցրեք քիթ ու մռութիս… Խորապես շնորհակալ եմ,— գոչեց ֆելդկուրատը, երբ Շվեյկն անմիջապես կատարեց նրա ցանկությունը։— Միանգամայն գոհ եմ։ Հիմա, խնդրում եմ, պատռեցեք բաճկոնս։

Նա արտահայտում էր ամենաբազմատեսակ ցանկություններ։ Ցանկանում էր, որ Շվեյկը քաշեր ու դուրս գցեր նրա ոտքը, մի քիչ խեղդեր նրան, եղունգներր կտրեր, հաներ կտրիչ ատամները։ Ապա նահատակվելու ջերմ ձգտում դրսևորեց, պահանջելով, որ իր գլուխը պոկեն և պարկի մեջ դրած գցեն Վլտավա գետը։

— Իմ գլխի շուրջ աստղերը շատ կսազեին։ Թեկուզ մի տասը հատ,— խանդավառված ասաց նա։

Հետո սկսեց խոսել ձիարշավներից, սակայն շուտով անցավ բալետին, բայց այստեղ էլ երկար կանգ չառավ։

— Դուք չարդաշ պարո՞ւմ եք,— հարցրեց նա Շվեյկին։— «Արջի պարը» գիտե՞ք։ Ա՛յ, այսպես է…

Նա ցանկացավ ոստոստել, բայց ընկավ Շվեյկի վրա, որը մի լավ դմբզահարեց նրան ու պառկեցրեց նստարանի վրա։

— Ես մի բան եմ ցանկանում,— գոռում էր ֆելդկուրատը,— բայց ինքս չգիտեմ ի՛նչ։ Արդյոք չգիտե՞ք ես ինչ եմ ցանկանում։

Եվ նա գլուխը կախեց, ասես լիովին հնազանդվելով իր բախտին։

— Իմ ի՞նչ գործն է, թե ինչ եմ ցանկանում,— հանկարծ ասաց լրջորեն։— Եվ դա բոլորովին ձեր գործն էլ չի, պարո՛ն։ Ես ձեզ հետ ծանոթ չեմ։ Ինչպե՞ս եք համարձակվում ինձ այդպես ակնապիշ նայել։ Դուք սուսերամարտել գիտե՞ք։

Նա անցավ հարձակման և Շվեյկին նստատեղից ցած գցելու փորձ արեց։ Հետո, երբ Շվեյկն առանց քաշվելու զգալ տվեց իր ֆիզիկական գերազանցությունը, հարցրեց.

— Այսօր երկուշաբթի՞ է թե ուրբաթ։

Հետաքրքրվեց նաև, թե հիմա ո՞ր ամիսն է, դեկտեմբե՞ր թե հունիս, և առհասարակ ի հայտ բերեց ամենաբազմատեսակ հարցեր տալու բացառիկ ձիրք։

— Դուք ամուսնացա՞ծ եք։ Գորգոնզոլա սիրո՞ւմ եք։ Ձեր տանը փայտոջիլ կա՞։ Ինչպե՞ս եք։ Ձեր շունը ժանտախտով հիվանդ եղե՞լ է։

Հետո սկսեց սիրտը բացել. պատմեց, թե հեծելակոշիկների, մտրակի ու թամբի փողը պարտք է մնացել, թե մի քանի տարի առաջ տրիպեր է ունեցել և այն բուժել է մարգանեցի լուծույթով։

— Ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չեմ կարող, ասենք, ժամանակ էլ չեմ ունեցել,— ասաց նա բխկալով։— Միգուցե դա ձեզ չափազանց ծանր է թվում, բայց ասացեք, բը՛խկ։ Ի՞նչ անեմ, բը՛խկ։ Ներեցե՛ք ինձ…

—Տերմոս կոչվում է այն անոթը,— շարունակեց նա, մոռանալով, թե մի րոպե առաջ ինչի մասին էր խոսում,— որը պահպանում է ուտելիքի կամ խմելիքի նախնական ջերմաստիճանը… Ի՞նչ կասեք, կոլեգա, ո՞ր թղթախաղն է ավելի ազնիվ, «ինը՞» թե «քսանմեկը»։ Աստված վկա, ես քեզ մի տեղ գտեսել եմ,— գոչեց նա, փորձելով Շվեյկին գրկել ու համբուրել իր լորձունքոտ շրթունքներով։— Ախր մենք միասին ենք դպրոց գնացել… Դու լավ տղա ես,— ասաց նա խանդաղատանոք, շոյելով իր սեփական ոտքը։— Բայց ինչքա՜ն մեծացել ես վերջին անգամ տեսնելուցս հետո։ Քեզ տեսնելիս բոլոր տառապանքներս մոռանում եմ։

Այստեղ նա տոգորվեց պոետական տրամադրությամբ և սկսեց խոսել, թե ինչպես երջանիկ էակներն ու բոցակեզ սրտերը վերադառնում են դեպի լույսն արևի։ Ապա ծունկ չոքեց և սկսեց աղոթել։ «Խնդա՛, կույսդ աստվածածին», աղոթում էր նա ու կոկորդով մեկ հռհռում։

Երբ նրանք կանգ առան, ոչ մի կերպ չէր հաջողվում ֆելդկուրատին կառքից դուրս քաշել։

— Դեռ տեղ չե՛նք հասել,— բղավում էր նա։— Օգնեցե՛ք, ինձ առևանգում են։ Ես ուզում եմ ճանապարհս շարունակել։

Ստիպված եղան նրան, բառիս իսկական իմաստով, կառքի միջից հանել կորզելով, ինչպես խաշած խխունջը պատյանի միջից։ Մի պահ թվում էր, թե նա կպատռվի ու երկու կես կլինի, քանզի ոտքերով կառչել էր նստարանից։

Այդ միջոցին ֆելդկուրատը քահ-քահ ծիծաղում էր, միանգամայն գոհ, որ կարողացել է Շվեյկին ու կառապանին խաբել։

— Դուք ինձ կպատռեք, պարոնա՛յք։

Մի կերպ նրան սանդուղքով վեր բարձրացրին, մտցրին բնակարանը և պարկի պես գցեցին դիվանի վրա։ Ֆելդկուրատը հայտարարեց, թե մտադիր չէ վճարել մի ավտոմեքենայի համար, որն ինքը չի պատվիրել, և ստիպված եղան ավելի քան մի քառորդ ժամ նրան հասկացնել, թե կառքով է տուն եկել։ Բայց նա դրանից հետո էլ չհամաձայնվեց վճարել… առարկելով, թե ինքը միմիայն կառեթով է ման գալիս։

— Դուք ուզում եք ինձ խաբել,— ասաց ֆելդկուրատը, բազմանշանակ աչքով անելով Շվեյկին ու կառապանին,— մենք ոտքով էինք գալիս։

Եվ հանկարծ, առատաձեռնությամբ համակված, քսակը նետեց դեպի կառապանը.

– Բոլորը վերցրու։ Ես ի վիճակի եմ վճարելու։ Ինձ համար մի ավելորդ կրեյցերը ոչ մի նշանակություն չունի։