Выбрать главу

Շվեյկն այդ հանձնարարությունը կատարեց փայլուն կերպով։ Նրա պարզասրտությունն ու ազնիվ դեմքը կատարյալ վստահություն էին ներշնչում նրա բոլոր ասածների նկատմամբ։ Նա ավելի հարմար համարեց կապիտան Շնաբելին, կապիտան Ֆիշերին ու պորուչիկ Մալերին չասել, թե ֆելդկուրատը պետք է վճարի ձիու խարի համար, այլ իր խնդրանքը ամրապնդել այն պատճառաբանությամբ, թե իբր ֆելդկուրատը պետք է ալիմենտ վճարի։

Եվ նա փող ստացավ ամենուրեք։

Երբ նա պատվով վերադարձավ իր արշավանքից և ֆելդկուրատին,— որն արդեն լվացվել ու հագուստը փոխել էր,— ցույց տվեց երեքհարյուր կրոնը, վերջինս զարմացավ։

— Բոլորը միանգամից վերցրի,— ասաց Շվեյկը,— որպեսզի վաղը կամ մյուս օրը նորից ստիպված չլինենք փողի մասին մտածել։ Ամեն ինչ հարթ ու սահուն գնաց, բայց կապիտան Շնաբելի առաջ ստիպված եղա ծունկ չոքել։ Համա թե սրիկա է։ Բայց երբ ասացի, թե պետք է ալիմենտ վճարեք…

— Ալիմե՞նտ,— սարսափած հարցրեց ֆելդկուրատը։

― Այո՛, ալիմենտ, պարոն ֆելդկուրատ, աղջիկներին տրվող հրաժարադրամ։ Չէ՞ որ ինձ ասացիք, որ մի բան հնարեմ, իսկ միտքս ուրիշ բան չեկավ։ Մեզ մոտ մի դերձակ ալիմենտ էր տալիս միանդամից հինգ աղջկա։ Ուղղակի գլուխը կորցրել էր, և վճարելու համար նա էլ էր փող պարտք անում։ Եվ, պատկերացրեք, բոլորը մտնում էին նրա վիճակի մեջ։ Ինձ հարցնում էին, թե ինչպիսի աղջիկ է, իսկ ես ասացի, թե շատ լավիկն է, դեռ տասնհինգ տարեկան չկա։ Հարցնում էին աղջկա հասցեն։

— Լա՜վ եք գործը գլուխ բերել, խո՜սք չունեմ,— հառաչից ֆելդկուրատը և սկսեց սենյակում գնալ ու գալ։— Ի՜նչ խայտառակություն,— ասաց նա, բռնելով գլուխը։— Դա դեռ հերիք չէր, գլուխս էլ է պայթում։

— Ես նրանց տվի մեր փողոցում ապրող մի խուլ պառավի հասցե,— բացատրեց Շվեյկը։— Ուզում էի գործը հիմնավորապես կատարել, քանի որ հրամանը հրաման է։ Չէի կարող դատարկ ձեռքով հեռանալ, և ստիպված եղա մի բան հնարել։ Եվ հետո, նախասենյակում սպասողներ կան, եկել են դաշնամուրը տանելու։ Ես նրանց բերել եմ, որ դաշնամուրը տանեն լոմբարդ, պարոն ֆելդկուրատ։ Լավ կլինի, որ տանեն։ Հա՛մ տեղ կբացվի, հա՛մ էլ մեր փողը կավելանա։ Համենայն դեպս մի որոշ ժամանակ ապահովված կլինենք։ Իսկ եթե տնատերը հարցնի, թե դաշնամուրն ի՞նչ ենք ուզում անել, կասեմ, թե լարերը կտրվել են և ուղարկում ենք գործարան նորոգելու։ Բարապանուհուն հենց այդպես էլ ասել եմ, որպեսզի դաշնամուրը հանելիս ու սայլին բարձելիս չզարմանա… Դիվանի համար էլ եմ մուշտարի ճարել։ Ծանոթս է, հին կահույք առնող-ծախող։ Կգա ճաշից հետո։ Հիմա կաշվե դիվանը լավ գին ունի։

— Իսկ էլ ուրիշ օյին չե՞ք խաղացել, Շվեյկ,— վհատված հարցրեց ֆելդկուրատը, շարունակ երկու ձեռքով գլուխը բռնած։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, որ այն ընկուզաթուրմից, որ գնում է կապիտան Շնարելը, բերել եմ ոչ թե երկու, այլ հինգ շիշ, որպեսզի մի որոշ պաշար ունենանք և միշտ խմելու բան լինի… Թող գան դաշնամուրը տանեն։ Թե չէ մեկ էլ տեսար լոմբարդը փակեցին…

Ֆելդկուրատը անհուսաբար ձեռքը թափ տվեց, և արդեն մի քանի րոպե անց դաշնամուրը բարձում էին սայլին։

Երբ Շվեյկը լոմբարդից վերադարձավ, ֆելդկուրատը նստած էր ընկուզաթուրմի բացված շշի առաջ և հայհոյում էր, թե ճաշին իրեն տվել են լավ չտապակած շնիցել։ Դարձյալ քեֆը տեղն էր։ Նա Շվեյկին հայտնեց, թե վաղվանից նոր կյանք է սկսելու, քանզի ալկոհոլ խմելը ստոր մատերիալիզմ է, մինչդեռ անհրաժեշտ է հոգևոր կյանքով ապրել։

Նա փիլիսոփայեց մոտավորապես կես ժամ։ Երբ բացված էր երրորդ շիշը, եկավ հին կահույքի առևտրականը, և ֆելդկուրատը չնչին գնով դիվանը ծախեց նրան, միաժամանակ համոզելով, որ նա նստի զրուցի իր հետ, և խիստ դժգոհ մնաց, երբ վերջինս մերժեց, պատճառ բռնելով, թե գնում է մի գիշերասեղան գնելու։

— Ափսոս, որ այդպիսի սեղան չունեմ,— ասաց ֆելդկուրատը վշտացած։— Մարդ չի կարող ամեն ինչի մասին նախապես հոգ տանել։

Կահույքավաճառի գնալուց հետո ֆելդկուրատը մի մտերմական զրույց սկսեց Շվեյկի հետ, որի հետ էլ խմեց հաշորդ շիշը։ Զրույցի մի մասը նվիրված էր այն հարցին, թե ֆելդկուրատն ինչ վերաբերմունք ունի կանանց և թղթախաղի նկատմամբ։ Երկար նստեցին, և Շվեյկը մինչև երեկո մտերմաբար զրուցում էր ֆելդկուրատի հետ։

Գիշերադեմին, սակայն, հարաբերությունները փոխվեցին։ Ֆելդկուրատը դարձյալ երեկվա վիճակի մեջ էր, Շվեյկին շփոթում էր ինչ-որ մեկի հետ և նրան ասում.

– Միայն թե չգնաք։ Հիշո՞ւմ եք ինտենդանտության այն խարտյաշ յունկերին։

Այդ իդիլիան տևեց այնքան, քանի դեռ Շվեյկը ֆելդկուրատին չէր ասել.

— Բավական է, հիմա մտիր տեղդ ու մրափիր, հասկացա՞ր։

— Մտնում եմ, սիրելիս, մտնում եմ… Ի՞նչպես կարող եմ չմտնել,— քրթմնջում էր ֆելդկուրատը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես միասին սովորում էինք հինգերորդ դասարանում և քո փոխարեն ես էի գրում հունարենի աշխատանքները… Ա՛խր, դուք Զբրասլավում վիլլա ունեք։ Այնտեղ կարելի է գնալ շոգենավով, Վլտավա գետով։ Գիտե՞ք Վլտավան ինչ է…

Շվեյկը նրան ստիպեց կոշիկներն ու շորերը հանել։ Ֆելդկուրատը հնազանդվեց, իր բողոքի խոսքն ուղղելով ինչ-որ անտեսանելի ունկնդիրների։

— Տեսնում եք, պարոնայք,— գանգատվեց նա պահարանին ու ֆիկուսին,— թե ազգականներս ի՛նչպես են վարվում ինձ հետ։