— Ես ոչ մի ազգական չեմ ճանաչում,— հանկարծ վճռականորեն հայտարարեց նա, մտնելով անկողին։— Թեկուզ երկիրն ու երկինքը իմ դեմ դուրս գան, դարձյալ կհրաժարվեմ նրանցից։
Եվ սենյակում հնչեց ֆելդկուրատի խռմփոցը։
IV
Հենց այդ ժամանակ էր, որ իր պառավ աղախին պանի Մյուլլերին տեսնելու համար Շվեյկն այցելեց իր բնակարանը։ Նա տանը գտավ պանի Մյուլլերի հորեղբոր աղջկան, որը լալով նրան հայտնեց, թե պանի Մյուլլերին ձերբակալել են նույն այն երեկոյան, երբ ձեռնասայլակով Շվեյկին տարել է զորակոչի։ Պառավին դատել է ռազմական դատարանը, և, ի նկատի ունենալով, որ ոչ մի բան չի ապացուցել, նրան տարել են Շտայնհոֆի համակենտրոնացման ճամբար։ Նրանից արդեն նամակ է ստացվել։
Շվեյկը վերցրեց այդ ընտանեկան նշխարն ու կարդաց.
«Սիրելի՛ Աննուշկա.
Մենք այստեղ շատ լավ ենք ու բոլորս ողջ և առողջ ենք։ Կողքիս մահճակալին պառկած է բծավոր… կա և սև… Մնացած ամեն ինչը լավ է։ Ուտելիքը հերիք է անում, և մենք սուպի համար հավաքում ենք կարտոֆիլի… Լսել եմ, որ պան Շվեյկն արդեն… ուրեմն մի կերպ իմացիր, թե որտեղ է պառկած, որպեսզի պատերազմից հետո գերեզմանը զարդարենք։ Մոռացա քեզ ասել, որ կտուրի տակ, մի մութ անկյունում, ֆոկստերյերի մի լակոտ է ընկած։ Արդեն քանի շաբաթ է, որ ոչինչ չի կերել, այսինքն այն օրվանից, երբ եկան ինձ… Կարծում եմ, արդեն ուշ է և շնիկն արդեն ավանդել է… հոգին»։
Եվ թղթի ամբողջ լայնությամբ կար մի վարդագույն շտեմպել.
«Նայված է գրաքննության կողմից։ Շտայնհոֆի կայսրա-թագավորական համակենտրոնացման ճամբար»։
— Եվ իսկապես շնիկն արդեն սատկել էր,— հեծկլտաց պանի Մյուլլերի հորեղբոր աղջիկը։— Իսկ ձեր սենյակը չեք ճանաչի։ Հիմա այնտեղ դերձակուհիներ են ապրում։ Նրանք ձեր սենյակում կանացի սալոն են սարքել։ Պատերին ամեն տեղ մոդաներ են կպցրած, լուսամուտներին ծաղիկներ դրված։
Պանի Մյուլլերի հորեղբոր աղջիկր ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։
Հեծկլտալուց ու ողբալուց հետո, նա վերջապես, վախ հայտնեց, թե երևի Շվեյկը զինվորական ծառայությունից փախել է և հիմա ուզում է նրան էլ փորձանքի մեջ գցել ու կործանել։ Եվ սկսեց Շվեյկի հետ այնպես խոսել, որ կարծես նա մի թրծված ավանտյուրիստ լիներ։
— Զվարճալի՜ է,— ասաց Շվեյկը,— դա ինձ շատ է դուր գալիս։ Ահա թե ինչ կասեմ, պանի Կեյրժովա. դուք միանգամայն իրավացի եք, ես փախել եմ։ Բայց դրա համար ստիպված եմ եղել սպանել տասնհինգ վախմիստր ու ֆելդֆեբել։ Միայն թե այդ մասին ոչ ոքի բան չասեք։
Եվ Շվեյկն հեռացավ իր օջախից, որ այնքան անհյուրընկալ գտնվեց, հեռանալուց առաջ անելով հետևյալ կարգադրությունները։
— Պանի Կեյրժովա, իմ սպիտակեղենի պահարանում օձիքներ ու կրծքակալներ կան. դրանք պահեցեք ինձ համար, որպեսզի զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո մի քաղաքացիական շոր ունենամ հագնելու։ Հետո էլ ուշ դարձրեք, որ հագուստեղենի պահարանում շորերիս մեջ մըռ չընկնի։ Իսկ անկողնուս մեջ քնող օրիորդներին շատ բարով արեք։
Շվեյկը մտավ նաև «Թասի մոտ» պանդոկը։ Տեսնելով Շվեյկին, Պալիվեցի կինն ասաց, թե նրան գարեջուր չի տա, քանի որ նա, հավանաբար, դասալիք է։
— Ամուսինս,— սկսեց նա կրկնել հին պատմությունր,— այնքան զգույշ մարդ էր, և հիմա խեղճը նստած է առանց մի պատճառի, իսկ այսպիսիներն ահա ազատ ման են գալիս, զինվորական ծառայությունից փախչում։ Անցյալ շաբաթ ձեզ նորից էին փնտրում… Մենք ձեզնից ավելի զգուշավոր ենք,— ավարտեց նա իր խոսքը,— բայց և այնպես փորձանքի մեջ ընկանք։ Բոլորը ձեզ պես բախտավոր չեն։
Այդ խոսակցությանը ներկա էր Սմիհովում ապրող մի տարեց փականագործ։ Սա մոտեցավ Շվեյկին ու ասաց.
— Բարի եղեք, պարոն, ինձ սպասել փողոցում, ձեզ ասելիք ունեմ։
Փողոցում նա զրույցի բռնվեց Շվեյկի հետ, քանի որ, ըստ պանդոկապետի կնոջ հանձնարարականի, նրան դասալիքի տեղ էր դրել։ Փականագործը Շվեյկին հայտնեց, թե մի որդի ունի, որը նույնպես փախել է զինվորական ծառայությունից և հիմա գտնվում է տատի տանը, Յասենիիում, Յոզեֆովի մոտերքում։ Ուշադրություն չդարձնելով Շվեյկի այն հավաստիացումներին, թե ինքը բոլորովին էլ դասալիք չէ, փականագործը նրա ձեռքը տասը կրոն խոթեց։
— Սկզբի օրերին դա ձեզ պետք կգա,— ասաց նա, իր հետևից Շվեյկին քաշելով-տանելով անկյունի գինետունը,— ես ձեզ միանգամայն կարեկցում եմ, և դուք ինձնից վախենալու պատճառ չունեք։
Շվեյկը տուն վերադարձավ կես գիշերին։ Ֆելդկուրատը դեռևս տանը չէր։ Նա տուն եկավ միայն լուսադեմին, արթնացրեց Շվեյկին ու ասաց.
— Վաղը գնում ենք դաշտային պատարագ կատարելու։ Պատրաստեցեք սև սուրճ՝ ռոմով… Բայց ոչ, ավելի լավ կլինի գրոգ պատրաստեք։
Շվեյկն ու ֆելդկուրատը գնում են դաշտային պատարագ կատարելու
I
Մարդկանց այն աշխարհն ուղարկելու նախապատրաստությունները միշտ կատարվել են հանուն աստծո և կամ հանուն մի այլ բարձր էակի, որ ստեղծել է մարդկային երևակայությունը։
Հին փյունիկացիները գերու վիզը կտրելուց առաջ հանդիսավոր ժամասացություն էին կատարում, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մի քանի հազարամյակ անց այդ բանն անում էին նոր սերունդները, երբ գնում էին պատերազմ՝ հակառակորդին հրով ու սրով ոչնչացնելու։