Выбрать главу

Գվինեայի կղզիների և Պոլինեզիայի մարդակերները գերիներին ու բոլորովին անպետք մարդկանց, այն է՝ միսիոներներին, ճանապարհորդներին, զանազան ֆիրմաների առևտրական գործակալներին և պարզապես հետաքրքրասերներին հանդիսավորապես ուտելուց առաջ զոհեր են մատուցում իրենց աստվածներին, միաժամանակ կատարելով բազմատեսակ կրոնական ծեսեր։ Բայց քանի որ նրանց մեջ դեռ չի թափանցել եկեղեցական զգեստավորման կուլտուրան, ապա նրանք հանդիսավոր արարողությունների ժամանակ իրենց հետույքները զարդարում են անտառային թռչունների վառվռուն փետուրներից հյուսած պսակներով։

Սուրբ ինկվիզիցիան իր տարաբախտ զոհին այրելուց առաջ հանդիսավոր ժամերգություն, մեծ պատարագ էր կատարում երգասացությամբ։

Հանցագործի մահապատժին միշտ մասնակցում է քահանան, իր ներկայությամբ ճնշելով դատապարտյալին։

Պրուսիայում պաստորը դժբախտ մեղադրյալին տանում, կանգնեցնում էր կացնի տակ, Ավստրիայում կաթոլիկ քահանան նրան մոտեցնում էր կախաղանին, Ֆրանսիայում՝ գիլյոտինին, Ամերիկայում՝ էլեկտրական աթոռին, Իսպանիայում՝ խեղդամահ անելու դժվարըմբռնելի հարմարանքով օժտված բազկաթոռին, իսկ Ռուսաստանում մահապատժի տարվող հեղափոխականներին ուղեկցում էր մորուքավոր տերտերը և այլն։ Ընդ որում հոգևորականները դատապարտյալի քիթն էին խոթում խաչելությունը, կարծես ցանկանալով ասել. «Ամենաշատը գլուխդ կկտրեն, կամ միայն կկախեն, խեղդամահ կանեն, կամ քո միջով բաց կթողնեն տասնհինգ հազար վոլտ, բայց դա միանգամայն դատարկ բան է նրա կրած տառապանքների համեմատությամբ»։

Համաշխարհային պատերազմը, այդ մեծ սպանդը, նույնպես յոլա չգնաց առանց քահանաների օրհնության։ Բոլոր բանակների գնդային քահանաներն աղոթում ու պատարագ էին անում այն կողմի հաղթանակի համար, որի հաշվին ապրում էին։ Քահանան հայտնվում էր ավստրիական բանակում ապստամբած զինվորների մահապատժի ժամանակ, քահանային կարելի էր տեսնել և չեխ լեգիոներներին գնդակահարելիս։

Ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր, երբ ավազակ Վոյտեխը, որին «սուրբ» են անվանում, մերձբալթյան սլավոններին բնաջնջում էր մի ձեռքին սուր, մյուս ձեռքին՝ խաչ։

Ամբողջ Եվրոպայում մարդիկ անասունի պես գնում էին դեպի սպանդանոց։ Մսագործ կայսրերի, թագավորների, պրեզիդենտների և այլ իշխանավորների ու զորավարների հետ միասին, նրանց այնտեղ էին քշում բոլոր դավանությունների հոգևորականները, օրհնելով և հարկադրելով հավատարիմ մնալ «ցամաքի վրա, օդում, ծովի վրա» և այլ սուտ երդումին։

Դաշտային պատարագ անում էին երկու անգամ. երբ զորամասը գնում էր ռազմաճակատ և, հետո, առաջավոր գծում, արյունալի սպանդի նախօրեին, մեռնելուց առաջ։

Հիշում եմ, մի անգամ դիրքերում դաշտային պատարագ կատարելու ժամանակ թշնամու սավառնակը ռումբ նետեց։ Ռումբը դիպավ ուղիղ դաշտային բեմին, և մեր ֆելդկուրատից միայն արյունոտ լաթեր մնացին։ Թերթերը գրեցին նրա մասին, նրան ներկայացնելով որպես նահատակ, իսկ այդ ժամանակ մեր սավառնակներն էլ ջանում էին նույն կերպ անմահացնել թշնամու քահանաներին։

Մենք այդ առթիվ մի չար կատակ արինք։ Այն ժամանակավոր խաչի վրա, որի տակ թաղված էին ֆելդկուրատի մնացորդները, հաջորդ օրն առավոտյան հայտնվեց մի այսպիսի տապանագիր.

Ինչ որ մեզ էր պատահելու, քե՛զ պատահեց.

Երկինք էիր մեզ խոստանում, սակայն հանկարծ

Այդ երկինքը ճաղատ գլխիդ վրա փլվեց,

Եվ քեզանից, ո՜վ քահանա, բան չմնաց։

II

Շվեյկը պատրաստեց սքանչելի գրոգ, որը գերազանցում էր հին ծովայինների գրոգին։ Այդ գրոգը հաճույքով կճաշակեին նույնիսկ տասնութերորդ դարի ծովահենները։

Ֆելդկուրատ Օտտո Կացը հիացած էր։

— Որտե՞ղ եք սովորել այդպիսի սքանչելիք պատրաստել,— հարցրեց նա։

— Դեռևս այն տարիներին, երբ ման էի գալիս աշխարհե աշխարհ,— պատասխանեց Շվեյկը,— Բրեմենում ինձ սովորեցրեց մի հարբեցող նավաստի, որն ասում էր, թե գրոգն այնքան թունդ պետք է լինի, որ խմողը ծովն ընկնելիս՝ լողալով Լա-Մանշն անցնի, այլապես, եթե գրոգը թույլ լինի, նա շան լակոտի պես կխեղդվի։

— Այսպիսի գրոգ խմելուց հետո, Շվե՛յկ, հաճելի է դաշտային պատարագ կատարել,— խորհրդածում էր ֆելդկուրատը։— Միտք ունեմ պատարագից առաջ ողջերթի մի քանի խոսք ասել։ Դաշտային պատարագը հանաք բան չի։ Դա նման չի կայազորային բանտի պատարագին և կամ այն սրիկաների համար քարոզ կարդալուն։ Դրա համար մարդ պետք է գլուխ ունենա ուսերի վրա։ Ծալովի, այսպես ասած գրպանի, բեմ ունենք… Հիսո՜ւս Քրիստոս,— գոչեց նա, ձեռքերով բռնելով գլուխը,— ա՛խ, էշ ենք, էշ։ Գիտե՞ք, թե որտեղ եմ խոթել այդ ծալովի բեմը։ Մեր ծախած դիվանի մեջ։

— Վա՛տ է, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ճիշտ է, ես հին կահույքի այդ առևտրականի հետ ծանոթ եմ, բայց երեկ չէ մյուս օրը հանդիպեցի նրա կնկան, իմացա, որ նրան նստացրել են մի գողացված շիֆոներկայի համար, իսկ մեր դիվանը գտնվում է Վրշովիցում ապրող մի ուսուցչի մոտ։ Այո՛, գործը վատ է։ Ավելի լավ է գրոգը խմենք-վերջացնենք ու գնանք այդ բեմը գտնելու, որովհետև առանց բեմի, կարծեմ, պատարագ անել չի լինի։

— Միայն շարժական բեմն է պակաս,— մտահոգ ասաց ֆելդկուրատը։— Մնացած ամեն ինչը վարժադաշտում արդեն պատրաստված է։ Հյուսներն արդեն տախտակամածը շինել են։ Մասնատուփը մեզ փոխ կտան Բրժևնևում։ Գավաթ պիտի որ ունենամ, բայց տեսնես ո՞ւր է…